Thursday, April 9, 2009

ԿԿԱՐՈՂԱՆԱ ԱՐԴՅՈՔ ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱԶԳԱՅՆԱՑՆԵԼ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մարտի 29-ին Ղարաբաղի Շուշի քաղաքում տեղի ունեցավ քաղաքապետի ընտրություն: Պայքարում էին քաղաքապետի երկու թեկնածու` դպրոցի տնօրեն Կարեն Ավակիմյանը, ով, ըստ կուլիսային խոսակցությունների, ուներ իշխանության աջակցությունն ի դեմս Շուշիի շրջանային վարչակազմի ղեկավարի, եւ Հումանիտար տեխնիկումի տնօրեն Ալբերտ Խաչատրյանը, ով ամբողջ կյանքում եղել է իշխանության ճամբարից: 5 ձայնի տարբերությամբ` 779-774 հաշվով հաղթել է Կարեն Ավակիմյանը:

Ընտրության ժամանակ իշխանությունը պայքարել է իշխանության դեմ: Չկա ուրիշ մեկը, որի հետ պայքարել լինի, քանի որ արդեն քանի տարի Ղարաբաղում չկա ընդդիմություն, եւ ընտրություններն ունեն բացառապես անձնական բնույթ: Սկզբունքը, որ իշխանությունը ներդրեց 2007 թվականի նախագահի ընտրությանը` “ով մեզ հետ չէ, մեր դեմ է”, այս պարագայում չի գործում: Այստեղ անկյունաքարը ոչ թե գաղափարական տարբերությունն է, այլ անձնական հավակնությունները: Իսկ այդ դեպքում գործում է մեկ այլ սկզբունք` “չես ուզում լինել մեզ հետ, մի կողմ քաշվիր”:

Վատ է այն, որ այդօրինակ ընտրություն տեղի է ունենում մի քաղաքում, որը հայերի համար ունի ոչ միայն խոհրդանշական, այլ նաեւ ռազմավարական նշանակություն: 17 տարի առաջ ազատագրված քաղաքը շարունակում է ապրել հետպատերազմյա իրողություններով` ավերակներ, աղքատություն, հումանիտար օգնություն: Պետությունը ձեռնարկում է ինչ որ միջոցներ, բայց դրանք ամենեւին էլ բավարար չեն: Ամբողջ հույսը սփյուռքն է: Իսկ ինչ անի խեղճ սփյուռքը: “Շուշիի վերածննդիհիմնադրամը, որն անցյալ տարի հունվարին հեռուստամարաթոն իրականացրեց` “Բեթղեհեմ- Երեւան-Շուշիեւ հավաքեց 5,8 միլիոն դոլար, ինչ որ աննկատ անէացավ: Անհայտ է՝ ինչ եղավ փողը, ով է այժմ ղեկավարում հիմնադրամը, ինչով է այն զբաղվում: Չեն գործում նաեւ Ռեալական ուսումնարանի վերականգնման հիմնադրամը, այլ կազմակերպություններ: Արտերկրի շատ հայեր, որ ունեն քաղաքում ներդրում կատարելու պատրաստակամություն, բախվում են այն իրողությանը, որ ավերված կամ կիսավեր շինություններն ինչ որ մեկի սեփականությունն են եւ վաճառվում են առասպելական գնով:

Բոլորը հասկանում են, որ, մինչ Շուշիի լայնածաված վերականգնումը, անհրաժեշտ է ազգայնացնել քաղաքի անշարժ գույքը: Բայց քանի որ սեփականությունը պատկանում է մարդկանց, որոնք այժմ իշխանության են, դա թվում է անհնար: Դրա մասին խոսող անգամ չկա, քանի որ ընդդիմություն գոյություն չունի: Այնպես որ, այդքան էլ կարեւոր չէ, թե ով հաղթեց Շուշիի քաղաքապետի ընտրությանը: Նույնիսկ եթե համարենք, որ առանց ընդդիմության մնացած իշխանությունը զբաղվում է ինքնակերությամբ:

ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Լրագիր

2009-04-06

No comments:

Post a Comment