Monday, February 2, 2009

Հանրաքվե ու էլի հանրաքվե

ԼՂՀ հարցի լուծման հիմնարար սկզբունքների ձեւավորման այս տարբերակն է առաջարկում ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

«Ես համոզված եմ, որ ճիշտ կլինի ԼՂՀ հարցի վերաբերյալ բանակցությունների գնալիս առաջարկների եւ, առհասարակ, փաթեթում տեղ գտած հարցերի բովանդակությունը ներկայացնել ժողովրդի գնահատականին եւ վերաբերմունքին հանրաքվեի տեսքով, որպեսզի հայաստանյան, միգուցե նաեւ արցախյան ժողովուրդը, չնայած չեմ պատկերացնում, թե բանակցային կողմ չլինելով՝ իրավական առումով դա ինչպես կարելի է իրականացնել, որոշում կայացնի, ասենք՝ այս կամ այն կետն առաջարկե՞լ, թե՞ ոչ, առաջարկված ինչ-որ կետերի համաձայնություն տա՞լ, թե՞ ոչ: Բոլորը երկար-բարակ խոսում են, բայց կոնկրետ առաջարկներ քիչ են լինում: Պիտի լինի հանրաքվե, որոշողը լինի Հայաստանի Հանրապետությունը եւ նա, ում որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է՝ ժողովուրդը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նման առաջարկությամբ հանդես եկավ Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Անդրադառնալով հիմնական վիճահարույց հարցերից մեկին՝ ազատագրված տարածքների հնարավոր ետ վերադարձին, մեր զրուցակիցն ասում է. «Եթե Հայաստանի եւ ԼՂՀ բնակչությունը կգտնեն, որ ԼՂՀ անկախությունը եւ ճանաչումը, հավելյալ՝ անվտանգության երաշխիքները, ավելի կարեւոր են, քան մի քանի բուֆերային գոտիներ, ուրեմն հենց այդպես պետք է անել: Եթե՝ ոչ, ապա պետք է անել այնպես, ինչպես ժողովուրդն է նպատակահարմար գտել»: «Առավոտի» դիտարկմանը, որ հանրաքվեի դառը փորձն արդեն ունենք՝ ի դեմս Սահմանադրության հանրաքվեի, Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «Դառը փորձն ունենք, որովհետեւ այն ժամանակ ընդդիմություն չունեինք: Հիմա ընդդիմություն ունենք: Ընդ որում, ընդդիմություն, որն ունի շատ փող, շատ մարդ, բարձր ձայն՝ մինչեւ եվրոպական լրջագույն միջպետական միավորումները հասնող: Էլ չեմ ասում, որ հարցը միջազգային նշանակություն եւ կարեւորություն ունի՝ ոչ միայն տարածաշրջանում»:

Հետաքրքրվեցինք՝ անցյալ տարեվերջին նախագահի հրավերով տեղի ունեցած հայտնի հավաքի ժամանակ, որին մասնակցում էր Տիգրան Ուրիխանյանը, բարձրաձայնե՞լ է իր մոտեցումները: «Ես չէի կարող արտահայտել որեւէ տեսակետ, առավել եւս՝ կուսակցության անունից, որովհետեւ դա եղել է առաջին հրավերը, որում պարզապես գրված էր՝ Ղարաբաղի հետ կապված հարցի քննարկում: Թեեւ հանդիպումը տեւեց հինգ ժամ, տարբեր հարցեր քննարկվեցին, բայց ես չէի կարող առանց փաստաթղթին ծանոթանալու, առանց իմանալու, թե ինչի՞ համար է նախագահը հրավիրել՝ գնալ ու պատասխան տալ, առավել եւս, որ դրանք չէինք քննարկել գոնե կուսակցության վարչության կազմի հետ»,- ասաց մեր զրուցակիցը:

Այնուամենայնիվ, հավելեց. «Ես պաշտպանել ու պաշտպանում եմ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույսերը: Սերժ Սարգսյանն այն մարդն է, ում որպես ՀՀ նախագահի թեկնածու՝ պաշտպանել է ՀԱԿ համագումարի լեփ-լեցուն դահլիճը, վստահություն տալով նախեւառաջ նրա քաղաքական պլատֆորմին՝ գերակայությամբ արտաքին քաղաքականությանը: Եթե մենք վստահել ենք այդ մարդուն եւ տվել ենք երկիրը ներկայացնելու հնարավորություն, ուրեմն պիտի շարունակենք դա անել: Ես պաշտպանում եմ նրա հետ կապված նոր հույսերը նաեւ այս պարագայում: Ողջունում եմ, որ ԼՂՀ հարցում հայցեց եւ քաղաքական կուսակցությունների, եւ հասարակության այլ շերտերի աջակցությունը. ցանկանում եմ, որ հայցի նաեւ հասարակության աջակցությունը»: Իսկ հրատա՞պ է այժմ ԼՂՀ հարցը: Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ «Այս պահին կան գերտերություններ, որոնք շահագրգիռ են այս փուլում հարցի լուծման մեջ, մասնավորաբար՝ ՌԴ-ն: Ինչպես նաեւ՝ կարծում եմ, որ օբյեկտիվ հանգամանքներն այնպես են դասավորվել, որ դա պիտի տեղի ունենա»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Առավոտ

30.01.2009

No comments:

Post a Comment