Monday, February 2, 2009

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԵՐԱԶՈ՞ՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՆՄԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Չնայած մեծ արձագանքին ու ուշադրությանը, Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը շատ ֆորմալ է եղել, որևէ նոր պարտավորությունների չի բերել և, ըստ երևույթին, չէր էլ կարող բերել, քանի որ շատ հապճեպ պատրաստված հանդիպում էր»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Նշենք, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հունվարի 28-ին Ցյուրիխում կայացած հանդիպման մասին է:
Քաղաքագետը հավանական է համարում այն փաստը, որ հանդիպման ընթացքում հնարավոր է նույնիսկ «Ղարաբաղ» անունը չի հնչել: Ըստ բանախոսի, հերթական հանդիպումը հակամարտության գործընթացի կարգավորման համար ևս մի հերթական «աչք փակող քայլ էր», որը ոչ մի արդյունքի չի բերելու. ոչ մի նոր բան չի սպասվում, ոչ մի խոստում, փոխխոստում չի եղել. «Այսօր ո´չ Հայաստանի, ո´չ Արցախի, ո´չ էլ Ադրբեջանի դիրքերում որևէ փոփոխություն չի նկատվում»:
Այսինքն` քաղաքագետն այդ հանդիպման մեջ որևէ հետաքրքրություն, լուրջ տեղաշարժ չի տեսնում, բացի այն, որ Իլհամ Ալիևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայոց բանակի 17-րդ տարելիցի կապակցությամբ: «Երևի թե երազում է ունենալ նման բանակ»,- նկատեց Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը համոզված է, որ սեղանի շուրջ Արցախի հարցը երբեք չի լուծվելու: «Դա հնարավոր չէ: Մեր պահանջներն իրարամերժ են, մեր պահանջները մոտեցման եզրեր չունեն, ու սեղանի շուրջ այս հարցը չի լուծվի»,- ասաց նա ու ավելացրեց, որ հարցը կամ երկար ժամանակ կմնա կախված վիճակում, կամ, երբ աշխարհի հետաքրքրությունը տարածաշրջանի հանդեպ սպառվի (երբ սպառվեն այստեղի էներգակիրները), Ադրբեջանը կփորձի ուժի միջոցով հասնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:
Իսկ այն հացին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, հատկապես, ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի, լավատեսությունը խնդրի կարգավորման հարցում, Լևոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Բրայզան ի ծնե, երևի, լավատես է: Բացի այդ, ամեն տեղ ասում է այն, ինչ իրենից են պահանջում: Բրայզան համոզված էլ չի, որ կմնա իր պաշտոնում (կապված ԱՄՆ նոր վարչակարգի հետ), ուստի փորձում է իր կատարած գործը լավ ներկայացնել»: Իսկ մյուս համանախագահների մասին նա նշեց, որ ուրիշ ոչինչ նրանք չեն էլ կարող ասել, քանի որ դա կնշանակի, որ նրանց մոտ ոչ մի բան չի ստացվում: «Այսինքն, պետք է գնան թոշակի, իսկ նրանք բավականին լավ են վարձատրվում, Հայաստանում, Արցախում, Ադրբեջանում լավ են հյուրասիրվում»,- ասաց քաղաքագետը:

Աղբյուր` Panorama.am

30.01.2009

No comments:

Post a Comment