Monday, February 2, 2009

ՆՊԱՏԱԿՆ ԱՐԴԱՐԱՑՆՈ՞ՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ

Տեղեկատվական պատերազմ սեփական երկրի դեմ

   Հունվարի 28-ին Ցյուրիխի «Ռեդիսոն» հյուրանոցում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը Ղարաբաղյան բանակցային գործընթացում արդեն մեկուկես տասնամյակ ստեղծված կացության հարազատ պատկերն էր։

   Ինչպես միշտ, հանդիպմանը նախորդեցին արտգործնախարարներ Էդ. Նալբանդյանի եւ Է. Մամեդյարովի բանակցությունները, իսկ հաջորդեցին երկու երկրների նախագահների կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակելու մասին նրանց տրված հանձնարարականները։

   Ինչպես միշտ, երկու երկրների նախագահները դրսեւորեցին բանակցությունները շարունակելու պատրաստակամություն։ Միաժամանակ ցանկություն հայտնեցին, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսուհետ եւս իրականացնեն կողմերի մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ իրենց աշխատանքները։

   Ինչպես միշտ, այդ ամենը իրականություն դարձնելու նպատակով ձեռք բերվեց պայմանավորվածություն համանախագահների հաջորդ տարածաշրջանային այցի շուրջ։

   Եւ վերջապես՝ ինչպես միշտ, իր ճարտասանական արվեստով փայլեց ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, նորից, այս էլ որերորդ անգամ պնդելով, որ «նախագահների հանդիպումը դրական էր եւ կառուցողական, նախագահները առաջընթացի հասան հիմնական սկզբունքների մի շարք առանցքային տարրերի ընկալման հարցում ու կրճատեցին որոշ այլ հարցերի շուրջ իրենց դիրքորոշումներում եղած տարաձայնությունները»։

   Նման պայմաններում Ղարաբաղյան բանակցային գործընթացին հետեւող քաղաքական դետերից որեւէ մեկը ներկա պահին չի կարող կոնկրետ եզրակացության հանգել նախագահների ցյուրիխյան հանդիպման հնարավոր արդյունքների մասին, քանի որ Մեթյու Բրայզայի խոսքերից որեւէ բան հասկանալու համար առնվազն պետք է տիրապետել աստղագուշակի արվեստին։

   Բայց, պարզվում է, մեզանում գոյություն ունեն նման մասնագիտության մեջ խորացած լրատվամիջոցներ, որոնք հունվարի 28-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների փակ հանդիպման հաջորդ օրն իսկ տպագրում են սենսացիոն առաջնորդողներ՝ «Գաղտնի պայմանավորվածություններ» վերտառությամբ եւ չգիտես որտեղից ստացված «հավաստի տեղեկությունների» հիման վրա եզրակացնում, թե իբր «Ալիեւը եւ Սարգսյանը համաձայնություն են տվել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջանկյալ շրջանակային համաձայնագրին», մնացել են միայն մի քանի աննշան՝ տեխնիկական բնույթի խնդիրներ։

   Լավ, երկու երկրների նախագահների մեկժամյա զրույցի ժամանակ այդ ինչպե՞ս է ձեռք բերվել նման «թռիչքաձեւ առաջընթաց», երբ հանդիպումից առաջ կողմերի հրապարակավ արտահայտած դիրքորոշումներում որեւէ փոփոխություն չի նկատվել։

   Սակայն ի՞նչ կարեւոր է այդ ամենը աստղագուշակների համար, որոնք նախօրեին՝ ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից չզրկելու փաստից եզրակացրել էին, թե իբր դա կապված է Ցյուրիխում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման ժամանակ հայկական կողմիխոստացածզիջումների հետ։ Բնական է, որ եթե նման հեքիաթի առաջին մասը ասպարեզ էր նետվել նախքան բանակցությունները, երկրորդ մասը հորինելու համար նոր տեղեկատվության կարիք չկար։

   Ի դեպ, եթե երկու երկրների նախագահները Ցյուրիխում իրենց համաձայնությունն են տվել միջանկյալ շրջանակային համաձայնագրին, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հանրաքվեի անցկացման գաղափարը եւ հրաժարվել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» սկզբունքից։ Ուրեմն հհշական թերթերի «Գաղտնի պայմանավորվածություններ» եւ այլ վերնագրերով տպագրված «հույժ կարեւոր» առաջնորդողները կոնգրեսականները պետք է շտապ ուղարկեն Բաքու, որպեսզի Ադրբեջանի ընդդիմությունը նույնպես աղմուկ բարձրացնի ու նախաձեռնի Իլհամ Ալիեւի պաշտոնանկության գործընթացը։

   Բայց, կարծում ենք, դա նրանք չեն անի, քանզի նախ՝ իրենք էլ գիտեն, որ «տեղեկատվությունը» բացարձակ սուտ է եւ երկրորդ՝ Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, նման ցինիկ ապատեղեկատվության հրապարակման դեպքում լրատվամիջոցները չեն խուսափի պատասխանատվությունից։

   Այլ է մեր պարագան, երբ ՀԱԿ-ը իրեն իրավունք է վերապահում իշխանությունների դեմ գործել «տեղեկատվական պատերազմի» բոլոր կանոններով եւ ժողովրդի ամենանվիրական նպատակները շոշափող հարցերի շուրջ կեղծ ահազանգերի միջոցով պայմաններ ու մթնոլորտ ստեղծել ներքաղաքական իրադրության ապակայունացման համար։

   Բանակցային գործընթացի ներկա հանգրվանում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունն իր վրա զգում է Հարավային Կովկասում գերտերությունների շահերի անհաշտ դիմակայության բացասական ազդեցությունը եւ առաջնորդվում է առավելագույնը բանակցային գործընթացի շարունակականության ապահովման գերխնդրով, Հայաստանի ներսում Ղարաբաղյան թեմատիկան իշխանությունների դեմ ուղղված տեղեկատվական պատերազմի նպատակով օգտագործելու ընդդիմության համառ ջանքերը ստեղծում են երկրի պառակտման իրական վտանգ։

   Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ծավալվող բանակցությունները շահարկելու եւ դրանց բովանդակության խեղաթյուրումը Հայաստանի ներքաղաքական կացության ապակայունացման նպատակին ծառայեցնելու ՀԱԿ-ի ու նրան սպասարկող լրատվամիջոցների վերջին փորձերը նեոբոլշեւիկների բնորոշ գործելակերպից աստիճանաբար փոխակերպվում են թշնամական-դիվերսիոն խմբերի հակապետական գործունեության։

   Սա վկայում է, որ, առաջնորդվելով «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձեւով, Հայաստանում ոմանք հետեւողականորեն նախապատրաստում են 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների կրկնություն։

  ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 

Հայոց Աշխարհ

30.01.2009

No comments:

Post a Comment