Thursday, April 2, 2009

Ադրբեջանը խիստ մտահոգված է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմամբ

Ադրբեջանի իշխանությունները, ելնելով այն մտավախությունից, որ Թուրքիայի կառավարությունը կարող է բացել սահմանը Հայաստանի հետ նախքան մեր երկրի և Ադրբեջանի միջև համերաշխության համաձայնագրի կնքումը, դիմում է սպառնալիքների։ Ինչպես հայտնում է թուրքական Hürriyet Daily News & Economic Review–ն, Ադրբեջանն անգամ սպառնում է դադարեցնել բնական գազի մատակարարումը Թուրքիա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երրորդ կողմի հետ զրույցում նախազգուշացրել է, որ պաշտոնական Բաքուն կարող է դադարեցնել գազի մատակարարումը Թուրքիա, եթե պաշտոնական Անկարան համաձայնագիր կնքի Երևանի հետ՝ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի շուրջ որևիցե զգալի առաջընթաց ազդարարելու։ Ի նշան իր աներեր վճռականության՝ Ադրբեջանը նախորդ շաբաթ, ինչպես նշում է վերլուծական հոդվածում թուրքական լրատվամիջոցը, Ռուսաստանի հետ փոխըմբռման հուշագիր է ստորագրել, որը ենթադրում է գազի երկարաժամկետ մատակարարում շուկայական գներով։

Նշենք, որ հայ-թուրքական հարաբերություններում գրանցված զարգացումները, հիրավի, անհանգստացրել են Ադրբեջանի կառավարությանը։ Հարևան երկրում համոզված են, որ հայ-թուրքական սահմանի բացումը բացասաբար կանդրադառնա Բաքվի բանակցային կարգավիճակի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի հարցում։ Ինչպես հաղորդում է թուրքական պարբերականը, ադրբեջանական մամուլում սուր քննադատության թիրախ է դարձել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, մասնավորապես, որոշ ադրբեջանական աղբյուրներ մեղադրում են Թուրքիայի կառավարությանը ընկրկելու և «վաճառվելու» մեջ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիայի արտգործնախարարը երրորդ կողմի միջոցով տեղեկացվել է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Իլհամ Ալիևը կդադարեցնի էներգիայի մատակարարման ոլորտի համագործակցությունը Թուրքիայի հետ։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան և Բաքուն փորձել են համաձայնություն ձեռք բերել բնական գազի մատակարարման սակագնի շուրջ։ Թուրքիան Ադրբեջանից գազը ստանում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի միջոցով։ Երկու կողմերի պայմանավորվածության համաձայն, գազատարի բացումից հետո մեկ տարվա ընթացքում Թուրքիան գնում էր բնական գազը 120 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Սակայն տվյալ պայմանագրի ժամկետն արդեն ավարտվել է, իսկ երկու երկրները դեռևս չեն կնքել նոր համաձայնագիր, քանի որ Ադրբեջանը ցանկանում է վաճառել գազը միջազգային շուկայական գներով, ինչը կազմում է մոտավորապես 350 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։

Օսլոյի միջազգային հետազոտական ինստիտուտի ավագ մասնագետ Պավել Բաևը մեկնաբանել է, որ վտանգի տակ կարող է դրվել նաև «Նաբուկո» նախագիծը, քանի որ Ադրբեջանը համարվում է տվյալ նախագծի շրջանակենրում գազի ամենահավանական մատակարարը։

Իրավիճակը, հիրավի, սրվել է, սակայն թուրքական կողմն էլ Օբամայի վարչակազմի ճնշման տակ է գտնվում, որը դրդում է ՆԱՏՕ-ում իր դաշնակից համարվող երկրին ավարտի հասցնել պաշտոնական Երևանի հետ համաձայնությունը։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին և Թուրքիային, ապա նրանք բազմաթիվ հարցերի շուրջ արդեն եկել են համաձայնության, սակայն դեռևս զգայուն և խոցելի կետեր են մնում, որոնք ենթակա են քննարկման և մշակման։

Ինչպես գրում է թուրքական լրատվամիջոցը, թուրքական կողմը ցանկանում է մտցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը պատրաստվող բանակցային արձանագրության մեջ, սակայն Հայաստանն այս հարցում փոխզիջումների չի գնում։

www.tert.am

2009-02-04

No comments:

Post a Comment