Thursday, April 2, 2009

Վտանգավոր ակնկալիքներ

Մինչ Հայաստանում բոլորը զբաղված են Երեւանի քաղաքապետի ընտրություններով, վերջին մեկ-երկու շաբաթներին, ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վկայում են ԼՂ հարցի կարգավորման` ամենեւին ոչ հայանպաստ սցենարների իրագործման մասին: Դրանում համոզվելու համար բավական է հետեւել նույնիսկ պաշտոնական տեղեկատվությանը: Օրինակ` ըստ ՀՀ ԱԳՆ-ի, երեկ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների ուղերձը, որով վերջինս «վերահաստատել է պատրաստակամությունը` ջանքեր գործադրելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»: Գրեթե նույնաբովանդակ մի ուղերձ էլ շաբաթվա սկզբին Է. Նալբանդյանին էր փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունից: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել ՀՀ-ից դուրս: Առանձնապես «ոչինչ»: Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում «նախատեսված է ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների քննարկումը»: Նա, բնականաբար, նշել է, որ դա կօգնի հաղթահարելու հայ-թուրքական հարաբերություններում առկա բոլոր բարդությունները: «ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ ՌԴ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ, կարող են ամենակարճ ժամանակում լուծել այդ հիմնախնդիրը»,- ասել է Էրդողանը: Այդ ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հասցրել է իր ոգեւորությունն արտահայտել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ: «Անդրադառնալով նախագահ Գյուլի` ՀՀ կատարած պատմական այցին, քաղաքական քայլ, որը վկայում է իմաստուն քաղաքականության մասին, ես շնորհավորում եմ նախագահ Գյուլին այդ նախաձեռնության համար: Մենք ակնկալում ենք մոտ ապագայում տեսնել այդ այցի կոնկրետ արդյունքները»: Թե ինչ նախապայմաններով է Թուրքիան նման «ակնկալիքներ» արտահայտում, երբ հայ-թուրքական հարաբերությունները կապում է ԼՂ հարցի լուծման հետ (իսկ Թուրքիան այդպես է վարվում միշտ), բոլորին է հայտնի. ՀՀ-ի կողմից ազատագրված տարածքների վերադարձ` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Իսկ ՀՀ իշխանությունները ողջ թափով նախապատրաստվում են... Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Մյուս կողմից՝ բացառված չէ, որ այդ ընտրությունների հետ կապված իշխանությունների վստահությունը պայմանավորված է վերը նշված իրադարձություններով: Այսինքն` ընտրություններում ՀՀ իշխանությունների ակնկալիքները կիրականանան, եթե իրականանան Կուշների, Քլինթոնի, Բարոզուի... Էրդողանի ակնկալիքները: Առաջիկա օրերին հավանաբար Է. Նալբանդյանին կհանձնվի նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուղերձը:

168 ժամ

2009-03-28

No comments:

Post a Comment