Thursday, April 2, 2009

ՍԱՀՄԱՆԸ ԿԲԱՑՎԻ... ԱԴՐԲԵՋԱՆԸ «ԿԲԱՐԿԱՆԱ»

«Տարածաշրջանում փոխվում է ռազմական հավասարակշռությունը»,-ասում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը և հավաստում, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում, բոլորս հավասարակշռության մի նոր փոփոխության ականատեսը կլինենք: «Իսկ ռազմական տեսակետից, հարկ է նշել, որ Հայաստանի համար ավելի շատ վտանգ ենք տեսնում, ոչ թե Թուրքիայից, այլ՝ Ադրբեջանից: Անդրադառնալով ռազմական հավասարակշռության փոփոխությանը կարող ենք ասել, որ Վրաստանի պատերազմից հետո արդեն Հայաստանն ի հայտ է գալիս տարածաշրջանում որպես մի նոր ուժ, նոր դերակատար»,-ասաց Ռ. Կիրակոսյանը: Վերլուծաբանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, Թուրքիայի հետ սահմանի բացումը վտանգ չի կարող հանդիսանալ Հայաստանի համար: Վերլուծաբանին ավելի շատ մտահոգում է Ադրբեջանի վերաբերմունքը, քանի որ հավասարակշռության փոփոխության դեպքում Ադրբեջանը կարող է սպառնալիք առաջացնել Հայաստանի համար: «Մենք տեսնում ենք ոչ միայն Վրաստանում տեղի ունեցած պատերազմի հետևանքով տարածաշրջանում առաջացած հավասարակշռության խախտում, այլև՝ սահմանների հարցն ու Ադրբեջանի հակազդեցության հարցն այս խնդրի շուրջ: Դրա համար մենք արդեն մտածում ենք Հայաստանի ու Ղարաբաղի ազգային շահերի շուրջ: Իսկ այս դեպքում չպետք է անտեսել, որ Ադրբեջանի՝ Ղարաբաղի հարցի շուրջ կատարած պաշտպանողական ծախսերը կարող են ավելանալ»,-նշեց վերլուծաբանը: Ըստ նրա, քանի որ սահմանի բացումից հետո ավելանում են Ադրբեջանի ռազմական ծախսերը, մեծանում է նաև պատերազմ սկսելու հնարավորությունը: Ռ. Կիրակոսյանը բացատրում է, որ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների նորմալացման պատճառով Ադրբեջանի հակազդեցության հետ մեկտեղ մեծանալու է նաև նրա «բարկությունը»: Իսկ հայ-թուրքական սահմանը, վերլուծաբանի կանխատեսումների համաձայն կբացվի այս տարվա ընթացքում, մասնավորապես, մայիս ամսից հետո:

Աղբյուր` Panorama.am20009-04-01

No comments:

Post a Comment