Thursday, April 2, 2009

Մի՞թե արդեն եկել է խոսքերի համար պատասխան տալու ժամանակը

Հայ հասարակական-քաղաքական միտքը դեռեւս գտնվում էր Հիլըրի Քլինթընի Հայաստան ուղարկած ուղերձի շուրջ դատողությունների փուլում, փորձում էր դիտարկել այդ ուղերձի հնարավոր ուղղվածությունն ու գաղտնի պահվող բուն բովանդակության հավանական նրբերանգները, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի իշխանությունը ստացել է եւս մի ուղերձ:

Այս անգամ նամակագիրը Ֆրանսիայի արտգործնախարար Կուշներն է: Ուղերձի բովանդակությունը կրկին, գուցե առայժմ, բայց պահվում է գաղտնի, թեեւ բոլոր հիմքերը կան պնդելու, որ այս մի ուղերձն էլ գաղտնի կմնա: Պաշտոնապես հրապարակվեց միայն, որ Կուշների ուղերձի մեջ խոսք կա նաեւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Բայց մենք այս պարագայում գործ ունենք մի իրողության հետ, որ ուղերձների բովանդակությունն ինքնին կարող է այդքան էլ էական կամ կարեւոր չլինել, ինչքան էլ այդ միտքը թվա տարօրինակ, որքան ուղերձի փաստն ինքնին:

Բանն այն է, որ կարճ ժամանակամիջոցում իրար հաջորդած ամերիկյան եւ ֆրանսիական ուղերձները հազիվ թե չունենան տրամաբանական կապ, առավել եւս` եթե հիշենք, որ քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում, ինչպես կյանքում` ընդհանրապես: Այլ հարց է, որ թե կյանքում, թե քաղաքականության մեջ, իրադարձությունների եւ երեւույթների կապը գուցե բացահայտվում կամ նկատելի է դառնում ոչ թե ներկա կամ ապառնի, այլ անցյալ ժամանակով, այսինքն` կատարվածից որոշ ժամանակ անց: Բայց կոնկրետ պարագայում, երկու ուղերձների փաստն ինքնին արդեն բավական հետաքրքիր մտորումների հիմք է: Այն, որ ԱՄՆ ուղերձին հաջորդում է Ֆրանսիայի ուղերձը, թերեւս հուշում է, որ խնդիրը միայն Բարաք Օբամայի Թուրքիա կատարելիք այցը եւ հայ-թուրքական հարաբերությունը չէ, ինչը որ առավելապես ենթադրվում էր Հիլըրի Քլինթընի ուղերձի վերաբերյալ փորձագիտական դիտարկումների զգալի մասում: Օբամայի այցը այդ համատեքստում կարող է ունենալ ընդամենը տեղերից մեկը: Գուցե չափազանց կարեւոր, բայց ընդամենը մեկը այն գործընթացում, որը ուրվագծվում է ամերիկա-ֆրանսիական ուղերձների համատեքստում:

Շատ հետաքրքիր է լինելու այս դեպքում Ռուսաստանի պահվածքը: Ի՞նչ է անելու Մոսկվան: Արդյո՞ք Մոսկվան էլ մի ուղերձ կհղի Հայաստանի իշխանությանը, թե՞ դա Մոսկվայի ոճը չէ, եւ ավելի հավանական է, որ պարզապես Հայաստանից որեւէ մեկին «մատով կկանչեն» Կրեմլ կամ մոտիկ որեւէ այլ տեղ: Մեկ այլ հատկանշական իրողություն էր Վիեննայում Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կազմակերպված ընդգրկուն քննարկումը, որին մասնակցել էին ոչ միայն փորձագետներ Հայաստանից, Ղարաբաղից եւ Ադրբեջանից, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հատկապես ուշագրավ էր, որ այդ քննարկման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները համատեղ, իրար լրացնող մտքերով փաստացի ներկայացրել էին մի միտք, որ ներկայիս պահին Ղարաբաղի կարգավիճակի հարցի մասին խոսելն անիրական է, եւ միակ իրատեսական լուծումը տարածքների վերադարձն է եւ ժամանակավոր կարգավիճակի մշակումը: Հետաքրքիր է, որ այդ կապակցությամբ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի դիրքորոշման մասին հրապարակումներ կարծես թե չեղան: Փոխարենը մարտի 27-ին համաձայնագիր ստորագրվեց «Գազպրոմի» եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջեւ, որով կողմերը պայմանավորվում են բանակցություն սկսել այն հարցի կապակցությամբ, որ Ռուսաստանը գնի ադրբեջանական գազը եւ արտահանի: Այդ միջոցին Հայաստանը ստանում է երկրորդ ուղերձը, այսինքն` Կուշների ուղերձը:

Ի՞նչ են ուզում Հայաստանից այդ ուղերձները: Արդյո՞ք ուզում են տարածքների շուտափույթ ազատում, քանի դեռ Ադրբեջանն իր գազը տնօրինելու «իրավունքը» չի վաճառել Ռուսաստանին` այդպիսով Մոսկվայի տրամադրության տակ դնելով ԱՊՀ արտահանվող ամբողջ գազը: Բայց չէ՞ որ դա, այսինքն` այժմ տարածքների վերադարձի մասին խոսելը գրեթե անիրական գործ է, առավել եւս` Հայաստանի իշխանության ներկայիս լեգիտիմության պայմաններում, առավել եւս` քաղաքապետի ընտրության արդեն իսկ մեկնարկած գործընթացի պայմաններում: Մի՞թե Ամերիկան եւ Ֆրանսիան Հայաստանի իշխանությունից պահանջում են անհնարինը: Ընդհանրապես, Հայաստանի իշխանությունից այժմ ինչ էլ որ պահանջեն կամ ինչ էլ որ ակնկալեն, միեւնույն է, թվում է անհնարին: Բանն այն է, որ իշխանական բուրգը Հայաստանում այժմ ունի թե հանրային լեգիտիմության, թե մոնոլիտության խնդիր: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գոնե մոնոլիտության խնդիր բուրգը չուներ եւ արտաքին քաղաքականության առումով առավել ամուր դիրք ուներ` անկախ այդ դիրքի հեռանկարային կամ անհեռանկար լինելու հանգամանքից: Ներկայիս իշխանությունը զրկված է նաեւ մոնոլիտության ռեսուրսից, հետեւաբար արտաքին քաղաքականության հարցերում այն պատրաստ չէ լինել հուսալի գործընկեր: Միգուցե ուղերձները տարակույսներ են հենց այդ կապակցությամբ: Այսինքն` միգուցե Հայաստանի ներկայիս իշխանությունից կան ակնկալիքներ, որոնք սակայն չեն կատարվում, եւ ԱՄՆ ու Ֆրանսիայի իշխանությունները հենց այդ մասին են որոշել հիշեցնել նամակներով: Համենայնդեպս, փաստն այն է, որ Հայաստանն արտաքին քաղաքականության առումով տեւական ժամանակ է, ինչ գտնվում է փաստացի անշարժության մեջ: Մասնավորապես, Երեւանն, օրինակ, թե պաշտոնապես, թե անգամ ոչ պաշտոնական տեղեկատվական արտահոսքերի միջոցով չի փորձել իր դիրքորոշումն արտահայտել հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացման վերաբերյալ թուրքական կողմից եկող խոսակցությունների կամ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կապակցությամբ: Արդյո՞ք լռություն են ակնկալում Հայաստանից, թե՞ խոսք, կամ խո՞սքն է, արդյոք, սպասվածը, թե՞ արդեն պահանջվում է գործի տեսք տալ նախկինում ասված խոսքերին: Եվ արդյո՞ք դրանով չէ, որ պայմանավորված է Հայաստանի իշխանության բավական տարօրինակ լռությունը: Չէ՞ որ արտաքին քաղաքական «նախաձեռնողականության», «աշխուժության», «հաջողությունների» մասին հավաստիացումները դարձել էին պաշտոնական Երեւանի քարոզչական հավատամքը: Մի՞թե ստացված ուղերձների բուն բովանդակությունը չի համապատասխանում այդ տրամաբանությանը, որ դրանք այդպես էլ չդարձան ծավալուն հեռուստառեպորտաժներ եւ ասենք` ուղիղ միացումներ Վաշինգտոնից կամ Փարիզից, որտեղից սեփական թղթակիցները stend up-ներ են անում այն գրասեղանների ֆոնին, որոնց վրա գրվել են այդ ուղերձները:

Ժամանակ Երեւան

Արամ Ամատունի

2009-03-31

No comments:

Post a Comment