Thursday, March 12, 2009

ՀՀ ՄԻՊ-Ը ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՉԻ ՏՎԵԼ: ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՍՏՈՒՄ ԵՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ ապատեղեկացրել են հասարակությանը. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ադրբեջանական ոչ մի լրատվամիջոցի հարցազրույց չի տվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՄԻՊ մամլո գրասենյակից: Նկատենք, որ ադրբեջանական  լրատվամիջոցը ոմն Մարկ Մերկուրև հեղինակի գրությամբ հրապարակել է ՄԻՊ Արմեն Հարությունյանի հարցազրույցը հետևյալ վերնագրով՝ «Արմեն Հարությունյան. «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանությունը ճգնաժամ է ապրում»»: 

«Կոչ ենք անում վերացնել սուտ հարցազրույցներ գրելու պրակտիկան: Առաջարկում ենք լավագույն ֆորմատ՝  հարցազրույց Հարավային Կովկասի երկրների օմբուդսմենների հետ: Յուրաքանչյուրի օբյեկտիվության մակարդակը կարտացոլի տվյալ հասարակության բազմակարծության աստիճանը»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

«Մենք երախտապարտ ենք Հայաստանում գոյություն չունեցող հեղինակին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին մեծ ուշադրությամբ հետևելու համար: Այդ խնդիրները բնորոշ են հետխորհրդային բոլոր երկրների համար, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրների: Այդ համատեքստում օմբուդսմենները պետք է լինեն օբյեկտիվ իրենց գնահատականների մեջ: Անհասկանալի է մեկնաբանությունը, թե ՄԻՊ Արմեն Հարությունյանի հետ հարցազրույցը էքսկլյուզիվ է: Դա ոչ միայն լրագրողական էթիկայի, այլ նաև հեղինակային իրավունքի կոպտագույն խախտում է, որը կարող է որոշակի պատասխանատվություն ենթադրել»,- եզրափակվում է ՄԻՊ հայտարարությունը:

Աղբյուր` Panorama.am

2009-03-12

No comments:

Post a Comment