Thursday, March 12, 2009

Լավրովը գնում է Բաքու

«ԼՂ հակամարտության կարգավորման գլխավոր պատասխանատվությունը ընկած է հայերի եւ ադրբեջանցիների վրա»,-երեկ ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Բաքու: Լավրովը ընդգծել է, որ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ դիրքորոշումը քաջ հայտնի է: «ՌԴ-ն պատրաստ է սատարել փոխզիջումային համաձայնությանը, որը կբավարարի բոլոր ներգրավված կողմերին, իսկ այն դեպքում, եթե այդպիսին ձեռք բերվի` հանդես կգա որպես կարգավորման երաշխավոր»,- պարզաբանել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետըԼավրովի խոսքերով, Կովկասում ստեղծված իրավիճակի եւ այն խաղաղության ու կայունության տարածաշրջան դարձնելու վերաբերյալ ՌԴ եւ Ադրբեջանի դիրքորոշումների ընդհանրությունը ամրագրված է 2008-ի հուլիսի 3-ին Բաքվում Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի ստորագրած «Բարեկամության, ռազմավարական գործընկերության մասին» հռչակագրում:

Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ Լավրովը փորձում է ցույց տալ Մոսկվայի չեզոքությունը եւ հայտարարում է, թե հիմնախնդրի կարգավորման պատասխանատվությունը ընկած է հայերի ու ադրբեջանցիների վրա, սակայն միաժամանակ վկայակոչում է ռուս-ադրբեջանական հայտնի հռչակագիրը, որով պաշտոնական Մոսկվան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ խոստանում չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կասկածի տակ կառնեն այդ փաստը: Այլ կերպ ասած` հասկացնում է, որ հայերն ու ադրբեջանցիները պետք է հիմնախնդրի կարգավորմանը հասնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մի հատկանշական փաստ եւս. Մոսկվան Լավրովի շուրթերով նաեւ հստակ զգուշացում է անում Բաքվին, որ նույնիսկ հակամարտության կարգավորումից հետո տարածաշրջանը չպետք է դուրս գա ՌԴ ազդեցության գոտուց. հավանաբար` նկատի է առնվում ՆԱՏՕ-ին Ադրբեջանի հավանական անդամակցությունը: Ի դեպ, երեկվա հարցազրույցում Լավրովը փարատել է պաշտոնական Բաքվի այն մտավախությունները, թե ՀԱՊԿ անդամ երկրների արագ արձագանքման ուժերի ստեղծումը կարող է վտանգ ներկայացնել Ադրբեջանի համար, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը` ոչ: Նա ընդգծել է, որ ստեղծվելիք ուժերը գործելու են միայն կազմակերպության անդամների դեմ ագրեսիայի դեպքում: Ստացվում է, որ սրանով ՌԴ ԱԳՆ ղեկավարը հասկացնում է, որ ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների սկսման դեպքում ՀԱՊԿ ուժերը չեն միջամտի, քանզի ԼՂ-ն համարում է Ադրբեջանի տարածք, իսկ Ադրբեջանը, ինչպես գիտենք, ՀԱՊԿ անդամ չէ: Այս ամենի դիմաց Կրեմլը Բաքվից ակնկալում է ստանալ ադրբեջանական գազի արտահանվող ողջ ծավալը, ինչը թույլ կտա վերահսկողության տակ առնել Վրաստան, Թուրքիա եւ Եվրոպա արտահանվող ադրբեջանական գազը: Նման առաջարկով «Գազպրոմ» ընկերությունը հանդես է եկել դեռ 2008-ի ամռանը: Այժմ Լավրովը, ըստ էության, մեկնում է Բաքու` Կասպից ծովի ավազանի երկրների առաջիկա գագաթնաժողովից առաջ ստանալու Ադրբեջանի պատասխանը: Հենց այդ պատասխանից էլ, որոշ առումով, կախված կլինի ՌԴ հետագա քաղաքականությունը հարավկովկասյան տարածաշրջանում: 

ՄԱՆՎԵԼ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հայկական Ժամանակ

2009-03-11

No comments:

Post a Comment