Wednesday, March 18, 2009

Ս. ԼԱՎՐՈՎ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԱՐԱԳ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՇԱՏ ԵՐԿՐՆԵՐԻ»

Այսօր Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների քննարկման թեմաները բազմաբնույթ էին: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գնահատելով բանակցությունների ընթացքը, տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերություններն` իրենց ողջ ռակուրսով: Մասնավորապես, հանդիպման ընթացքում այլ հարցերի հետ միասին քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման մասին հարցը

Ըստ «Ռեգնում»-ի, ՌԴ ԱԳ նախարարն ասել է, թե Մոսկովյան հռչակագրով հստակորեն ուրվագծվում են հակամարտության լուծման հետագա ճանապարհները: «Հռչակագրում կան չափանիշներ, որոնք մեզ հետաքրքրում են բանակցությունների շրջանակներում»,- ասել է Լավրովը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հիմնախնդրի արագ կարգավորումը հետաքրքրում է շատ երկրների, այդ թվում՝ Հարավային Կովկասի: Իր հերթին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը ասել է, որ «Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:
Ըստ «РИА Новости»-ի, բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման վերաբերյալ պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին հարցը: Գաբալայի վարձակալման ժամկետն ավարտվում է 2012 թվականին: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել է, թե վարձակալման ժամկետի երկարացման մասին հարցը «իշխանությունների քննարկման օրակարգում դրված չէ»:
Բարձրացվել է նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին իբրև թե 800 մլն դոլարի ռազմական զենք-զինամթերք վաճառելու մասին հարցը, հաղորդում է ն: Ըստ աղբյուրի, Լավրովն ասել է, թե Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է ծավալում շատ երկրների հետ, «միաժամանակ ոչ մի միջազգային պարտավորություն չխախտելով»: Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հերթին ասել է, որ «ռուսական կողմը հայտարարել է, թե 2008-ին Հայաստանին չի հատկացվել որևէ զինամթերք», սակայն, Մամեդյարովը նկատել է, որ «ադրբեջանական կողմը պնդում է, որ այդ հարցը քննվի»:
Հիշեցնենք, որ հունվարին ադրբեջանական ԶԼՄ-ը տեղեկություններ էին տարածել, թե ռուսական կողմը Հայաստանին հատկացրել է 800 մլն դոլարի ռազմամթերք: Ադրբեջանական կողմը համապատասխան նոտայով է հանդես եկել, իսկ ՌԴ ԱԳՆ-ն իր պատասխան նոտայում ասել էր, թե տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

Աղբյուր` Panorama.am

2009-03-13

No comments:

Post a Comment