Մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են եւս մեկ անգամ այցելել տարածաշրջան: Այդ մասին ԱՊԱ գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն: Սակայն, ըստ նրա` այցելության հստակ օր դեռ չի որոշվել, քանի որ համանախագահներն այցի հետ կապված մանրամասները պետք է նախապես համաձայնեցնեն: Ըստ Բ. Ֆասյեի` նախատեսվում է երկու նախագահների հանդիպումը կազմակերպել մայիսի սկզբներին, Պրահայում ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին նվիրված գագաթաժողովի շրջանակներում: «Նախագահները դեռ չեն հաստատել, թե կհանդիպեն հենց այնտեղ, բայց դա ամենահավանական տարբերակներից մեկն է»,- նշել է Ֆասյեն: Ի դեպ, ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը «panorama.am»-ին փոխանցել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցելության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ: «Սակայն հանդիպման օրվա եւ վայրի մասին այս պահին պայմանավորվածություն դեռեւս չկա»,- ասել է նա:
168 ժամ
No comments:
Post a Comment