Wednesday, March 18, 2009

Գենետիկորեն անհամատեղելի

Մարտի 11-ից ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցները որպես առաջին պլանի լուր են ներկայացնում մի հայ ռազմագերու դեպորտը: Պարույր Ստեփանյանը 2008թ. մայիսին անցել էր հայկական սահմանը եւ հայտնվել ադրբեջանցի զինծառայողների ճիրաններում, բայց արդեն մի քանի օր է` այլ պետության բնակիչ է: Երկիրը, որտեղ Ադրբեջանից ուղարկել են նրան, գաղտնի է պահվում: Երբ Պարույրին գերի էին վերցրել, սպասվում էր, որ հաջորդած սեղմ ժամկետում Կարմիր խաչի օգնությամբ Հայաստանը հետ կստանա իր քաղաքացուն: Չստացավ, քանի որ զինվորն ինքն էր հրաժարվել հայրենիք վերադառնալուց: "Ես չեմ ուզում ապրել մի երկրում, որն իր քաղաքացիներին զրկում է ընտրելու իրավունքից: Ես չեմ կարողացել ընտրություն կատարել բանակում ծառայելու ժամանակ: Նախագահական ընտրությունների ժամանակ ես դիտակետում էի, եւ ինչ-որ մեկն իմ փոխարեն քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին: Այնտեղ բռնապետություն է: Դրա համար էլ ես դիմել եմ Ադրբեջանի կառավարությանը եւ հրաժարվում եմ Հայաստանի քաղաքացիությունից",- ANS TV-ի հարցազրույցում ասել էր նա: Պարույրը պատմել էր նաեւ, որ Հայաստանից եւ Ղարաբաղից սերող զինծառայողների միջեւ խտրականություն են դնում. "Ամեն կերպ վիրավորում են, ամենակեղտոտ աշխատանքներն անելու ուղարկում են Հայաստանից եկածներին: Սպաները հայաստանցի զինվորներին ծաղրում եւ վիրավորում են, մահու չափ ծեծում են: Ես սարսափում էի տեսածիցս, եւ լինում էին պահեր, որ ուզում էի ձեռքս վերցնել ավտոմատն ու գնդակահարել դրանց":

2008թ. դեկտեմբերի 12-ին պաշտպանության նախարարությունն իր կայքում հրապարակեց ադրբեջանցի ռազմագերի Ռաֆիկ Հասանովից վերցրած "բացառիկ հարցազրույցը", որից զգացվում էր, որ խոսք է գնում մի բացառիկ ճիվաղի, դառնարյուն լակոտի մասին: Հարցազրույցում Պարույր Ստեփանյանի ասածներին շատ մոտ պատասխաններ կային, եւ ուշագրավն այն էր, որ պաշտպանության հոկտեմբերիկ նախարարը փորձել էր այդ կերպ բանակի եւ անձամբ իր առավելությունը ցույց տալ հարեւանների համեմատ: Ռաֆիկ Հասանովը հոկտեմբերիկի ուղարկած լրագրողին ասում է. "Ունեւորների երեխաները, հրամանատարությանը կաշառելով, ուղարկվում էին հոսպիտալ, որոշ մասը 300-500 մանաթի դիմաց արձակուրդ էր ձեռք բերում: Գտնվելով հոսպիտալում` իրենք համարվում էին զինծառայողներ եւ ծառայությունը այդ կերպ էին անցկացնում: Չունեւորների երեխաները ծառայում են հենակետերում, իսկ հարուստներինը ծառայությանն անգամ ծանոթ չէին, եւ այդ իսկ պատճառով ես դիմում եմ Սաֆար Աբիեւին (Ադրբեջանի պաշտպանության նախարարն է` Ս.Գ.), որպեսզի ստուգումներ անցկացնեն 707 բրիգադում: Որոշ զորամասերում նույն վիճակն է տիրում: Ես կուզեի նշել այն դեպքերը, որոնց ես անձամբ եմ ականատես եղել. օրինակ, երբ սպա Աբդուլահ Մահիլն ինձ, շարքում կանգնած, սաստիկ ծեծի ենթարկեց բոլորի առաջ, ինչի հետեւանքով գիտակցությունս գրեթե կորցրած` վայր եմ ընկել: Ինձ մշտապես ստորացնում էին` ստիպելով զուգարան մաքրել, դրա համար էլ ես փախել եմ Հայաստան, ծնողներս թող չանհանգստանան, ես Ադրբեջան չեմ վերադառնալու": Ռաֆիկից այլ նորություն չկա, նա գերի է 2008թ. նոյեմբերի 8-ից: Իսկ Պարույրն արդեն մեկ շաբաթ երրորդ երկրում է, ու նրանից նույնպես նորություն չկա: Սեյրան Օհանյանին ոչ մի կերպ չի հաջողվում ամբողջ հետախուզական ցանցն ու հնարավորությունները գործի դնել, որպեսզի պարզի` իր բանակի շարքային զինվորը, որը, ըստ ռազմական խունտայի պարագլուխների հռետորական ելույթների, հենասյունն է, որտեղ է, արդյո՞ք իրականում սպանված չէ կամ հարեւան բանակի սադրիչ միսիաների համար վերբովկա չի արվում: Պարույր Ստեփանյանը դպրոցում վատ չի սովորել, փորձել է բուհ ընդունվել, բայց չի կարողացել, իր ասելով` կաշառակերության բարձր մակարդակի պատճառով: Եւ գերության մեջ նրա վերջին խոսքը սա է եղել. "Խնդրում եմ ադրբեջանական կառավարությանը` ինձ փախստականի կարգավիճակ տրամադրել այս կամ Եւրամիության այլ երկրում: Բայց միայն` ոչ Ռուսաստանում, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կան ամուր կապեր, իսկ Հայաստան վերադառնալ ես չեմ պատրաստվում":

Հրապարակ

2009-03-17

No comments:

Post a Comment