Wednesday, March 18, 2009

ԱԼԻԵՎ ԿՐՏՍԵՐԻ «ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ» ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՄԲ ԿՍԿՍՎԻ՞ ՄԱՆԱԹԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ

Մարտի 18-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե Ադրբեջանում

Լեռնային Ղարաբաղին իր կազմում ամենալայն ինքնավարություն խոստացող Ադրբեջանը մարտի 18-ին հանրաքվեի է պատրաստվում: Հանրաքվեն էլ ժողովրդավարական բոլոր արժեքների եվրոպական ձգտումների առումով այնքան ընդունելի է, որքան միապետական ռեժիմի դեպքում նախագահական կառավարման համակարգը:

«Ազգը» դեռեւս ամիսներ առաջ անդրադարձել էր Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների մասին զուտ խոսակցությունների մակարդակով հնչող հայտարարություններին: Յուրաքանչյուր սահմանադրություն չի կարող տարիներով մնալ առանց վերախմբագրման, առանց լրացումների ու փոփոխությունների: 1995 թվականին ընդունված սահմանադրությունը Ադրբեջանում փոփոխության էր ենթարկվել ու լրացվել 2002-ին:

Ադրբեջանում սպասվող հանրաքվեում ամենակարեւոր ու նշանակալի փոփոխությունն այն է, որ հարեւան երկրում օրենսդրորեն կհանվի նախագահական աթոռը երկու ժամկետից ավելի զբաղեցնելու անթույլատրելիության արգելքը:

Մարտի 18-ի հանրաքվեով փոփոխություն է նախատեսվում Ադրբեջանի սահմանադրության մի շարք հոդվածներում, որոնք ավելի շուտ ի շարս են հիմնական փոփոխության, որի համար էլ, ըստ էության, նախաձեռնվել է ադրբեջանական սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնող այս հանրաքվեն:

Մեկ անձի` անընդմեջ երկու անգամից ավելի նախագահական ինստիտուտը ղեկավարելու արգելքը սահմանված է Ադրբեջանի ներկայիս սահմանադրության 101 հոդվածի 5-րդ կետով: Մարտի 18-ին հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխություններից այս բաժնին վերաբերող խմբագրված տարբերակում նշվում է, թե յուրաքանչյուր անձ կարող է նախագահ ընտրվել բազմիցս:

Այսպիսով գահակալության օրինական ճանապարհ է ապահովվում Հեյդար Ալիեւի որդու համար, որ այսուհետեւ ամենայն հանգստությամբ կարող է ներկայանալ ոչ թե որպես Ադրբեջանի նախագահ, այլ խան կամ սուլթան, նայած, թե որ տարբերակն է հարմար գտնում Ադրբեջանի ներկայիս նախագահը:

Հետաքրքրական է, որ նույն վենետիկյան հայտնի հանձնաժողովը, նաեւ միջազգային այլ կառույցներ ընդունելի ու ժողովրդավարական են համարում սահմանադրության` նախագահի պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը հանող փոփոխությունը: Ադրբեջանական երկու ընդդիմադիր կուսակցություններ` «Շարժում հանուն Ղարաբաղի» եւ «Հանրապետական», բոյկոտում են հանրաքվեի անցկացումը:

Իսկ ադրբեջանական իշխանություններն ամենայն վստահությամբ բարձրաձայնում են ոչ միայն «հանրաքվեի` միջազգային նորմերին ու պահանջներին համապատասխանության, այլեւ ընտրողների սպասվող մեծ ակտիվության մասին»: Ավելին, հայտարարությունները վերաբերում են ոչ միայն ընտրողների մեծ ակտիվությանը, այլեւ նախօրոք անցկացված նախապատրաստական աշխատանքների արդյունքում «ընտրողների մեծամասնության լավատեղյակությանը»:

Ավելացնենք նաեւ, որ, տարբեր կանխատեսումների համաձայն, թերեւս համաշխարհային ֆինանսական ճգնաժամին առնչվող նորությունների ցանկում եւս մեկն ավելանա անմիջապես մարտի 18-ից հետո: Խնդիրն այն է, որ փորձագիտական ու վերլուծական կանխատեսումների ու գնահատականների համաձայն, հանրաքվեի անցկացումից հետո միայն Ադրբեջանը «բաց կթողնի» իր ազգային արժույթը, որը, նույն գնահատականների համաձայն, դեռեւս «սանձվում է» միապետական Ադրբեջանի սկիզբ դնող սահմանադրական փոփոխությունների անցկացումը «ըստ արժանվույն» իրականացնելու համար:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ազգ

2009-03-17

No comments:

Post a Comment