Wednesday, March 18, 2009

ԼՂՀ-ն և դրամը. իշխանություններն ու փորձագետներն ասում են, որ անհանգստության կարիք չկա

Դրամի արժեզրկմանը Հայաստանի արձագանքն իր հայելային արտացոլումը ստացավ Լեռնային Ղարաբաղում, որտեղ նույնպես դրամն ազգային արժույթ է: Եվ Հայաստանում, և ԼՂՀ-ում սպառողները համակերպվել են գների փոփոխությանը` անթաքույց դժգոհությամբ, սակայն այլ ճար չունենալով

«Վաղուց էի ուզում էժան բջջային հեռախոս գնել: Առաջ գումարս չէր բավականացնում, որ 22000 դրամանոց բջջային գնեմ, հիմա դրա գինն արդեն 27000 է»,- ասաց Արա Նարինյանը Ստեփանակերտի խանութներից մեկի մոտ:
Անցյալ շաբաթ Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանն իր դժգոհությունն արտահայտեց, որ առանձին առևտրի կետեր դադարեցրել են աշխատանքը` խուճապ առաջ բերելով բնակչության շրջանում:
Նա ասել է, որ դոլարի փոխարժեքը, ինչպես և սպասվում էր, բարձրացել է 15-20 տոկոսով, և համապատասխան գնաճ կարող է լինել միայն որոշ ներմուծվող ապրանքների համար: Նա հայտարարել է, որ գների զգալի աճ չի լինի` հանձնարարելով հարկային ու տնտեսական մրցակցության հարցերով զբաղվող մարմիններին խիստ հսկողության տակ վերցնել ապրանքային շուկան:
Ղարաբաղի ազգային վիճակագրական վարչության ներկայացուցիչ, տնտեսագետ Սուսաննա Հարությունյանը նույնպես կարծում է, որ իշխանությունները վերահսկում են իրավիճակը և նախօրոք ամեն ինչ ճշտել են: «Հունվարից 18-20 տոկոսով բարձրացվել են աշխատավարձերն ու թոշակները, աշխատատեղերի նոր կրճատումներ չկան, դոլարի փոխարժեքը կպահպանվի ներկա մակարդակի վրա: Ներմուծվող ապրանքների պահանջարկը կպահպանվի` չնայած գնաճին: Մյուս կողմից` կմեծանա ավելի էժան ապրանքների պահանջարկը»,- ասաց Հարությունյանը:
40-ամյա տնային տնտեսուհի Անահիտ Գրիգորյանն ասում է, որ խանութում ձեթի հերթ էր գոյացել. «Շատերը 5 շիշ էին գնում: Ասում էին, թե գները գրեթե կրկնապատկվելու են»:
Ինչպես նշել է վարչապետը` գնագոյացումը վերահսկելու են հարկային ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցներն ու հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության կարգավորման հանձնաժողովի աշխատակիցները: «Հայաստանի կենտրոնական բանկի ձեռնարկած քայլն անհրաժեշտ էր մեր հետագա զարգացման համար, ինչպես նաև ֆինանսական քաղաքականության տեսանկյունից: Գալիք մեկ-երկու ամիսներին գները, հավանաբար, կկարգավորվեն, եթե արտարժույթի փոխարժեքը մնա անփոփոխ»,- ասել է վարչապետ Հարությունյանը:
Հայաստանում դևալվացիայի պատճառով կանխատեսում են ներմուծման կրճատում և հույս ունեն, որ կաճի արտահանումը: Ղարաբաղում արտահանմամբ զբաղվում են հիմնականում պղինձ արդյունահանող «Բեյս մեթալզ» ընկերությունը և ոգելից խմիչքների մի քանի արտադրողներ: Տնտեսագետ Հարությունյանի հավաստմամբ` այս ձեռնարկությունները դեռ 2008-ի վերջին արտահանման խնդիրներ ունեին` կապված արտահանվող արտադրանքի գների անկման հետ: «Դոլարի փոխարժեքի փոփոխությունը չի անդրադառնա արտահանման վրա: Ներմուծումը նույնպես չի կրճատվի, քանի որ ներմուծվում էր այնքան ապրանք, որքան պահանջում էր շուկան»,- ասել է տնտեսագետը:
Ըստ վիճակագրական ծառայության տվյալների` 2008 թ. առաջին 9 ամիսներին արտահանման ծավալը կազմել է 13.830 միլիոն դրամ (45.355 հազար դոլար), իսկ ներմուծումը հասել է 50.932 միլիոն դրամի (166.743 հազար դոլար): 2007 թ. նույն շրջանի համեմատ` արտահանումը նվազել է 17,1, իսկ ներմուծումն աճել է 30,1 տոկոսով: Առայժմ չկան տվյալներ 2008 թ. վերջին եռամսյակի և 2009 թ. առաջին երկու ամիսների ընթացքում արտաքին առևտրական սալդոյի փոփոխությունների մասին:
Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզան Մանգասարյանը նշել է, որ Ղարաբաղը սպառող երկիր է և ոչ թե արտադրող: «Ներմուծվող ապրանքները գնվում են արտարժույթով: Ուստի բնական է, որ դոլարի փոխարժեքի բարձրացումը կհանգեցնի մի շարք ներմուծվող ապրանքների գնաճին»,- ասել է Մանգասարյանը:
Կառավարությունը ճգնաժամի դեմ պայքարելու նպատակով մի շարք միջոցներ է ձեռնարկում: Արցախի ներդրումային հիմնադրամին կհատկացվի 1 միլիարդ դրամ (2,857,142 դոլար)` փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ծրագրի իրականացման և վարկային ռեսուրսների հաշվին իրականացվող ծրագրերի վարկային տոկոսների մասնակի փոխհատուցման համար: Բացի այդ, 150 միլիոն դրամ է (441.000 դոլար) հատկացվել առաջին անհրաժեշտության ապրանքների պահուստային հիմնադրամի ստեղծմանը:
Հակաճգնաժամային առաջին քայլերից էր նաև Արցախհէկ-ի բաժնետոմսերն ազատ վաճառքի հանելը: Դա առաջին խոշոր ներդրումային ծրագիրն է Ղարաբաղում, որի մեջ փորձում են ներգրավել հանրային միջոցներ: Մեկ բաժնետոմսի արժեքը 1050 դրամ է (մոտ 3 դոլար):

Նաիրա Հայրումյան

«ԱրմենիաՆաուի» Ղարաբաղի թղթակից 
2009-03-14

No comments:

Post a Comment