Wednesday, March 18, 2009

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽԱՆՈՒԹՅԱՆ

   Այսօր Ադրբեջանում տեղի է ունենում «սահմանադրական հանրաքվե» կոչվող՝ ի սկզբանե կանխորոշված միջոցառումը, որով նախատեսվում է շուրջ 41 փոփոխություն մտցնել դեռեւս 1995 թվականին ընդունված, իսկ 2002-ին մեկ անգամ արդեն փոփոխված Հիմնական օրենքի միանգամից 29 հոդվածներում։

   Փոփոխությունների նման «ճոխ տեսականին», անշուշտ, հաշվարկված է միջազգային հանրության աչքին «թոզ փչելու» համար։ Իրականում սրանով լուծվում է ընդամենը մի հարց՝ «Ադրբեջան» կոչվող պետության «հայրը» համարվող հանգուցյալ Հեյդար Ալիեւի որդու՝ Իլհամ Հեյդարի Ալիեւի իշխանության հավերժացման խնդիրը։

   Ու երբ երկրի սահմանադրությունից հանվում է նախագահի պաշտոնում մեկ անձի երկու անընդմեջ ժամկետներում ընտրվելու արգելքը, ապա ակնհայտ է դառնում, որ Հեյդար երկրորդը վերածվում է ժառանգական միապետի։ «Ադրբեջան» պետությունը սրանով դառնում է որոշակի դինաստիայի սեփականություն, որը իր իշխանության հավերժացման խնդիրը վերածում է ազգային-պետական դոկտրինի։

   Իշխանության ներկա, թվով երկրորդ «փոխանցումը» վավերացնելու համար բավական է, որ այդ երկրի պաշտոնապես մոտ 5 միլիոն հաշվվող ընտրողների 25 տոկոսից ավելին մասնակցի հանրաքվեին, իսկ նրանց կեսից ավելին հավանություն տա սահմանադրական փոփոխություններին։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի ներկա նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ղեկավարվող Ալիեւյան կլանը նախապես ստեղծել է հանրաքվեի անցկացման այնպիսի աշխատակարգեր, որոնք թույլ են տալիս այդ երկրի չափահաս բնակչության 25 տոկոսի քվեների կեսից ավելին, այսինքն՝ 13 տոկոսը ստանալու դեպքում հավերժացնել սեփական իշխանությունը։

   Ուշագրավ է նաեւ, որ մարտի 18-ի հանրաքվեի օրինականության պատրանք ստեղծելու համար նրա ընթացքին հետեւելու են սոսկ 170 միջազգային եւ... 47 հազար «տեղական դիտորդներ», թվեր, որ նույնպես փաստում են միջոցառման ձեւական բնույթը։

   Ավելին՝ Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախապես Վենետիկի հանձնաժողովի կարծիքը լսելու առաջարկը։ Այս առիթով ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության անդամ Պեդրո Ագրոմոնտը հայտարարել է, որ ճիշտ է համարում սահմանադրական փոփոխությունները սկզբում Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկելու տարբերակը, քանզի «հանրաքվեի անցկացումը պետք է կազմակերպվեր Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից հետո»։

   Նույն հարցի կապակցությամբ շատ ավելի մեղմ է արտահայտվել ԵԱՀԿ Դեմոկրատական ինստիտուտների ու մարդու իրավունքների բյուրոյի տնօրեն Յանես Լենարչիչը։ Նրա կարծիքով, ԵԱՀԿ-ի դիրքորոշումը տվյալ խնդրի հանդեպ միանգամայն չեզոք է, քանի որ որոշ երկրներում նույնպես նախագահության ժամկետների սահմանափակումներ չկան։ Սակայն Լենարչիչը ավելացրել է, որ «գոյություն ունի քաղաքացիների կողմից իրենց կամքի ազատ արտահայտման անհրաժեշտություն՝ լիովին ազատ ընտրությունների միջոցով»։

   Սրանից կարելի է ենթադրել, որ պաշտոնապես գրանցված Ադրբեջանի քաղաքացիների 13 տոկոսի համար մարտի 18-ին լիովին ապահովված «կամքի ազատ արտահայտման» հնարավորությունը միանգամայն բավարարում է... ցանկացած երկրում տեղի ունեցող ընտրությունների վերահսկման ժամանակ այնքան բծախնդիր ԵԱՀԿ-ի պաշտոնյաներին։

   Հարց է առաջանում. ո՞րն է ԵԱՀԿ ղեկավարության այս ակնհայտ ամնեզիայի պատճառը՝ ոչ իրազեկությո՞ւնը, թե՞ ջայլամի կեցվածք ընդունելու ցանկությունը։ Անտարակույս երկրորդը, քանի որ միջազգային հանրությունը սրանով ցույց է տալիս, որ իրեն ձեռնտու է «Ադրբեջանական Հանրապետության» վերածումը արեւելյան մի խանության՝ նավթով ու գազով հարուստ Բաքու խանական նստավայրով։

   Սակայն, եթե այդպես է, ապա ինչո՞ւ է նույն միջազգային հանրությունը ԵԱՀԿ-ի միջոցով շարունակում Ղարաբաղյան հիմնահարցին «քաղաքական լուծումներ» գտնելու իր համառ փորձերը, երբ դեռեւս 1991-ին գրեթե իր ողջ բնակչության ազատ կամարտահայտման միջոցով անկախացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ընդհանրապես որեւէ կապ չունի այս դինաստիական խաղերի հետ։

   Եւ եթե այսօր Ադրբեջանը վերածվում է դինաստիական կառավարում ունեցող պետության, ապա ոչ միայն անկախացած ԼՂՀ-ն, այլեւ նորահայտ խանության գոյությունը չճանաչող այդ երկրի մյուս ժողովուրդները, ինչո՞ւ չէ, նաեւ Իլհամ Ալիեւի իշխանությունը չընդունող ադրբեջանցիները, կարող են ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը։

   Իսկ նրանք, ովքեր իրենց հպատակությունը կհայտնեն Բաքվի խանությանը, թուրք-ադրբեջանական սովորույթների համաձայն, պետության «հոր» կամ «աթայի» անունով այսուհետեւ պետք է կոչվեն ոչ թե «ադրբեջանցիներ», այլ «հեյդարցիներ» (հեյդարլի), այնպես, ինչպես իրենք՝ թուրքերը, ժամանակին իրենց անվանեցին «օսմանցիներ» (օսմանլի

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայոց Աշխարհ

2009-03-18

No comments:

Post a Comment