Wednesday, March 18, 2009

Հիմնադրամն ավելացրել է սուբսիդավորվող տոկոսադրույքի չափը

Հետքի հարցազրույցը Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կարեն Եսայանի հետ:

-Պարոն Եսայան, ինչպե՞ս կգնահատեիք Արցախի ներդրումային հիմնադրամի 2008 թվականի վարկավորման գործընթացը:

-2008 թվականին նկատելի տեղաշարժ է արձանագրվել Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ԼՂՀ փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ցուցաբերվող ֆինանսական եւ ներդրումային աջակցության գործընթացում: Տարվա սկզբից  աջակցության նոր` առեւտրային վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի գործարկման շնորհիվ  հնարավորություն ընձեռվեց ՓՄՁ ֆինանսական եւ ներդրումային աջակցության գործընթացում ներգրավել նաեւ առեւտրային բանկերի վարկային միջոցները եւ արդյունքում` 2008 թվականին ՓՄՁ սուբյեկտներին արտոնյալ պայմաններով տրամադրված վարկային միջոցների ընդհանուր գումարն ավելի քան 3,2 անգամ գերազանցեց 2007 թվականին տրամադրված վարկերի ընդհանուր գումարը` կազմելով 2835,4 մլն դրամ, այն դեպքում, երբ  2003-2008 թթ. ընթացքում  ՓՄՁ սուբյեկտներին արտոնյալ պայմաններով տրամադրված վարկային միջոցների ընդհանուր գումարը կազմում է 5486,8 մլն դրամ:

-Ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել համաշխարհային տնտեսական ճգնաժամը Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության վրա: Որքանո՞վ է այն ազդել վարկավորման գործընթացի վրա, որքանո՞վ են ճգնաժամի հետեւանքները զգացել վարկառուները:

-Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ ստեղծված իրավիճակում հիմնադրամը շարունակում է ՓՄՁ պետական աջակցության ծրագրի շրջանակներում ՓՄՁ սուբյեկտներին ցուցաբերել ֆինանսական եւ ներդրումային աջակցություն, չնայած այն հանգամանքին, որ առեւտրային բանկերի կողմից վարկային միջոցների տրամադրման նկատմամբ իրականացվում է խստացված քաղաքականություն: Վերջինս որոշ չափով կրճատում է ֆինանսական շուկայի ակտիվությունը, սակայն ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ներդրումային աջակցության ծրագրերը շարունակվեն, որոնց իրականացումը նպատակ  ունի մեղմել համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա:

-Ի՞նչ խոչընդոտների առաջ է հիմնադրամը կանգնել ճգնաժամի արդյունքում եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք հաղթահարելու համար:

-Ճգնաժամի հետեւանքով առաջացած դժվարություններից կարելի է առանձնացնել առեւտրային բանկերի կողմից վարկերի տոկոսադրույքների բարձրացումը, որի հետեւանքները մեղմելու նպատակով հիմնադրամն ավելացրել է սուբսիդավորվող տոկոսադրույքի չափը` ՓՄՁ սուբյեկտների համար անփոփոխ թողնելով առեւտրային բանկերի կողմից առաջարկվող վարկերի տոկոսադրույքները:

-Իսկ  նման պայմաններում հիմնադրամը կկարողանա՞ իրականացնել այս տարվա համար նախանշված ծրագրերը, թե՞ ինչ-որ վերապահումներ այնուամենայնիվ կլինեն:

-Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրավիճակը վերահսկելի է եւ Հիմնադրամը կշարունակի ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական եւ ներդրումային աջակցության ծրագրերի իրականացումը նախանշված ծավալներին համապատասխան:

-Եւ եթե հնարավոր է, մանրամասնեք, թե այս տարվա ընթացքում ո՞ր ուղղություններով է իրականացվելու վարկավորումը եւ ի՞նչ չափով:

-2009 թվականին ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական եւ ներդրումային աջակցության ծրագրի շրջանակում ՓՄՁ սուբյեկտներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն հետեւյալ ուղղություններով` գործակալ բանկերի միջոցով արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման, կապիտալի ֆինանսավորման, արտադրական հզորությունների վերազինման եւ տրամադրված վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման: Այդ նպատակների իրականացման համար 2009 թ. ծրագրով նախատեսված է 1124,0 մլն դրամ:

Անահիտ Դանիելյան

www.hetq.am

2009-03-17

No comments:

Post a Comment