Thursday, January 22, 2009

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂՈՒՑ Է ՀԱՅՏՆՎԵԼ

Թե ինչ է խոսվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ, առայժմ հայտնի չէ: Փոխարենը` դեռ Բաքվում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան մի չափազանց ուշագրավ միտք է հայտնել: Նախ կարծիք է հայտնել, թե Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պիտի վճռականություն ցուցաբերեն եւ առաջնորդեն իրենց ժողովուրդներին, հետո էլ երկու երկրների հասարակություններին կոչ է արել վստահել իրենց նախագահներին եւ հավատալ, որ նրանք առաջնորդվում են իրենց երկրների շահերով: Մեզ, բնականաբար, ադրբեջանցիների ՙմասը՚ չի հետաքրքրում, ուստի կանդրադառնանք այս հայտարարության միայն այն մասին, որը վերաբերում է հայկական կողմին:

Փաստորեն, Մեթյու Բրայզան Հայաստանի ժողովրդին կոչ է անում վստահել Սերժ Սարգսյանին եւ հավատալ, որ նա առաջնորդվում է հայ հասարակության շահերով: Այսինքն` ամերիկացի դիվանագետն արձանագրում է, որ Հայաստանի ժողովուրդը Սերժ Սարգսյանի նկատմամբ նման վստահություն չունի: Համաձայնվեք` սա բացահայտ ծաղր է Սերժ Սարգսյանի նկատմամբ: Եվ ընդհանրապես, վիրավորական է, որ օտարերկրյա դիվանագետը եկել ու մեր ժողովրդի առջեւ բարեխոսում է իբր այդ նույն ժողովրդի կողմից ընտրված նախագահի համար: Այսինքն, հասարակությունը կարծում է, որ Սերժ Սարգսյանը բանակցությունների սեղանի շուրջ ընդամենը իր անձնական հարցերն է լուծում, բայց Մեթյու Բրայզան համոզում է` ՙգիտե՞ք, իրականում նա ձեր երկրի շահերով է առաջնորդվում, կոչ եմ անում` հավատալ նրան՚:

Բայց ինչո՞ւ է նման կոչի անհրաժեշտություն առաջացել: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանն ինքն է ինչ-որ կերպ բարձրացրել այդ հարցը` համանախագահներին բացատրելով, որ չի կարող կարգավորման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ստորագրել, որովհետեւ ժողովուրդն իրեն չի վստահում: Բայց ուշադրություն դարձրեք` խոսքը կարգավորման վերջնական համաձայնագրի մասին չէ: Այսպես թե այնպես, վերջնական համաձայնագիրը հանրաքվեի է դրվելու, հետեւաբար` վստահությունն այստեղ կապ չունի, վերջին խոսքը ժողովրդինն է լինելու: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ խոսքն ընդամենը բանակցային գործընթացի մասին է: Այսինքն, ժողովուրդը նրան նույնիսկ դա՜ չի վստահում: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը հենց այդպես է ներկայացնում հարցը` փորձելով արդարացնել բանակցությունները ձգձգելու իր ՙմարտավարությունը:

Բայց արդյո՞ք դա այդպես է: Ճիշտ հակառակը` Սերժ Սարգսյանը վերջերս բոլորին համոզում էր, որ մտահոգվելու կարիք չկա, Ղարաբաղի հարցում ամեն ինչ նորմալ է, եւ պատկերացրեք` բոլորը սիրով համոզվեցին: Նույնիսկ արմատական ընդդիմությունը որոշեց առժամանակ դադարեցնել զանգվածային միջոցառումները` նրա նկատմամբ լրացուցիչ ճնշումներ չհրահրելու նկատառումներով: Հիմա հանկարծ այդ ի՞նչ պատահեց, որ Սերժ Սարգսյանը գանգատվում է, թե իրեն չեն վստահում: Ո՞ր սրիկան է այդպիսի բան ասել: Ճիշտ հակառակը` բոլորը նրան վստահում են: Կարող է հանգիստ գնալ եւ ստորագրել ցանկացած փաստաթուղթ (միեւնույն է` ժողովուրդը հանրաքվեով կմերժի): Վերջին հաշվով, չի կարելի հանուն սեփական շահերի ինչ-որ խոստումներ տալ, հետո ՙշառը ժողովրդի վրա գցելով՚ ետ կանգնել խոստումներից: Բա չիմանա՞նք ինչ էր խոստացել: Վերջապես` բա չիմանա՞նք, թե որոնք են այդ տխրահռչակ մադրիդյան սկզբունքները: Վերջին հաշվով, տեսարանը նաեւ գեղագիտական հաճույք կպատճառի: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է Սերժ Սարգսյանը ՙվճռականություն ցուցաբերելու՚ եւ սկսելու ժողովրդին համոզել, որ պետք է կարգավորման առաջին փուլում վերադարձնել ազատագրված հինգ շրջանները, եւ ինչպես են, ասենք, դաշնակներն ու ռազմահայրենասեր հանրապետականները ձայնակցելու այդ քարոզչությանը: Ի դեպ, չի բացառվում, որ այդ դեպքում նաեւ ՙընտանեկան սկանդալի՚ ականատեսը դառնանք, մեկ էլ տեսար` Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց ու Սերժ Սարգսյանին դավաճանությամ մեջ մեղադրեց: Կարգին կզվարճանանք, մանավանդ` եթե Սերժ Սարգսյանն էլ որոշի պաշտպանվել ու հանրության սեփականությունը դարձնի ժամանակին Քոչարյանի տված խոստումները: Ինչեւէ:

Այսպես թե այնպես, մոտ ապագայում Սարգսյան-Ալիեւ հանդիպման համաձայնությունն արդեն ձեռք է բերվել: Իսկ թե հանդիպմանը մասնակցելուց բացի համանախագահներին ուրիշ էլ ինչ խոստումներ է տվել Սերժ Սարգսյանը` պարզ կդառնա հունվարի 27-ին` Ստրասբուրգում: Եթե Հայաստանը ձայնից զրկվի, նշանակում է` ոչ մի խոստում էլ չի տվել, եթե Հայաստանին լրացուցիչ ժամանակ տրվի` նշանակում է Սերժ Սարգսյանը խոստացել է փաստաթուղթ ստորագրել, բայց նրա խոսքին արդեն որեւէ մեկը չի հավատում:

Այնպես որ, ժողովրդի վստահությունն այստեղ կապ չունի: Ժողովուրդը վաղուց է նրան անվստահություն հայտնել, եւ շարունակում է հայտնել ամեն օր: Ընդ որում` բոլո՜ր հարցերում:

ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

Չորրորդ իշխանություն

21.01.2009

No comments:

Post a Comment