Thursday, January 22, 2009

ԼՈւՐՋ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՎԻ ԵԱՀԿ ԵՎ ԱՄՆ ԻՄԻՋԻՆ

Իսկ մինչ թունելի վերջում կերեւա տարիներ շարունակ սպասվող լույսը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու ղարաբաղյան չլուծված հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ աշխատում է Մինսկի խումբը, որի համանախագահների մի ոտքն Ադրբեջանում է, մյուսը` Հայաստանում: Երեկ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովն ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդիպել են Սերժ Սարգսյանին ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Մինսկի խմբի համանախագահներն այցելել էին Բաքու, որտեղ նրանք հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Վերջինիս հետ հանդիպման ժամանակ համանախագահները քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ուղղված ներկայիս իրավիճակը, ինչպես նաեւ հակամարտության լուծման համար համանախագահների կողմից առաջարկվող հիմնական սկզբունքները: Արտգործնախարարի հետ հանդիպումն ավարտելուց հետո համանախագահները ոչ մի պարզաբանում չեն տվել լրատվամիջոցներին: ԵԱՀԿ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն համաձայնել է հունվարի 28-ին Դավոսում կայանալիք տնտեսական ֆորումի ժամանակ հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին: Մերզլյակովը նշել է, որ ակնկալում է նաեւ Հայաստանի ղեկավարության համաձայնությունը` հանդիպելու Դավոսում: Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել էր, որ Իլհամ Ալիեւի մոտ իրենք հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացում տեղաշարժ կատարելու պատրաստակամություն եւ ցանկություն են նկատել: Բրայզան նույն տրամադրվածությունն է ակնկալել նաեւ Սերժ Սարգսյանից ու երկու երկրների բնակչությանը կոչ է արել վստահել իրենց ղեկավարներին: Դատելով Սերժ Սարգսյանի ու էդվարդ Նալբանդյանի զվարթ դեմքերից` առաջին հայացքից կարելի է կարծել, որ հանդիպումը բավականին բեղմնավոր է եղել, սակայն սա` միայն առաջին հայացքից, քանի որ հանդիպման մանրամասները ոչ ադրբեջանական մամուլում են հրապարակվել, եւ ոչ էլ նախագահ Սարգսյանի աշխատակազմն է տեղեկացնում: Ըստ պաշտոնական տեղեկատվության` ԵԱՀԿ պատվիրակությունը մերոնց հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր, Սերժ Սարգսյանին ու Էդվարդ Նալբանդյանին պատմել Բաքվում կայացած հանդիպումների ու դրանց արդյունքների մասին: Փաստորեն, այս էլ որերորդ անգամ հասարակությունից ծածուկ են պահվում այսչափ կարեւոր հանդիպումների մանրամասները` հետեւություններն ու եզրահանգումները թողնելով մարդկանց վառ երեւակայությանը: Իսկ մինչ մարդկանց հասկանալի լեզվով խոսելն ու նախագահականի ճոխ սենյակներում քննարկված հարցերի մասին հանգամանալի տեղեկատվություն հրապարակելը, Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել է. "Մենք մեր կողմից հետաքրքրված ենք աշխարհի զարգացման, երկու երկրների խաղաղության եւ կայունության հարցերով: Մենք փորձում ենք որոշակի հայտարարություններով ձեզ հասցնել մեր քննարկումների թեման: Բնականաբար, դրանց մասին բաց տեքստով մենք չենք կարող խոսել, քանի որ քննարկումները գաղտնի բնույթ են կրում": Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը նշել է նաեւ, որ եթե քննարկվող հարցերը ցանկալի արդյունք չտան, լուրջ վնաս կհասցվի ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ ԱՄՆ իմիջին:

Մելինե Պետրոսյան

Հրապարակ

21.01.2009

No comments:

Post a Comment