Thursday, January 22, 2009

ՀՀ-Ն` ԱՆՆԱԽԱԴԵՊ ԹՈՒՅԼ ԴԻՐՔԵՐՈՎ

Երեկ հայտնի դարձավ, որ հունվարի վերջին Դավոսում տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: 

Համանախագահները նախօրեից սկսել էին իրենց տարածաշրջանային այցը եւ արդեն Բաքվում հայտարարել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր համաձայնությունն է տվել Դավոսի հանդիպմանը, եւ եթե Սերժ Սարգսյանը նույնպես համաձայնի, հանդիպումը կկայանա: Երեկ Ս. Սարգսյանը, փաստորեն, տվել է իր համաձայնությունը: Դեռեւս մեկ շաբաթ առաջ, սակայն, ադրբեջանական կողմը արդեն իսկ շրջանառության մեջ էր դրել հունվարի 28-ին Դավոսում նման հանդիպման կայացման հավանականության մասին տեղեկատվությունը, ինչը պաշտոնական Երեւանը, ՀՀ նախագահի խոսնակի եւ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատարի միջոցով, մինչեւ վերջին պահը հերքում էր: Իշխանության այս երկու խոսափողները հայտարարում էին, որ նման հանդիպման վերաբերյալ համաձայնություն գոյություն չունի, եւ ընդհանրապես` ԼՂ հարցով նախագահական մակարդակով հաջորդ հանդիպման ժամկետներ եւ վայր հայտնի չեն: Այնուամենայնիվ, ինչպես միշտ, ադրբեջանական կողմը ճիշտ դուրս եկավ, եւ ամենայն հավանականությամբ հանդիպումը կկայանա հենց հունվարի 28-ին` Դավոսում: Իսկ հունվարի 27-ին, ինչպես հայտնի է, Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ քննարկման է դրվելու ՀՀ կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման հարցը, եւ ինչպես նշված է նստաշրջանի օրակարգի նախագծում, քվեարկության է դրվելու ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից դեկտեմբերի 17-ին ընդունված բանաձեւի նախագիծը, որտեղ արձանագրված է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, եւ որով առաջարկվում է ՀՀ նկատմամբ պատժամիջոց կիրառել` պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու տեսքով: Այն, որ նշյալ բանաձեւի ընդունումն ու Դավոսում ԼՂ հարցով կայանալիք բանակցությունները ուղղակիորեն փոխկապակցված են, կասկածից վեր է: Եւ այս փոխկապակցվածությունը ԵԱՀԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին  ՀՀ իշխանությունների հանդեպ ճնշումներ գործադրելու անսպառ հնարավորություն է տալիս: Այսինքն` առանձնապես կարեւոր էլ չէ, թե հունվարի 27-ին ինչպիսի որոշում կկայացվի ԵԽԽՎ-ում, քանի որ եթե այս հարցում ՀՀ իշխանությունների եւ միջազգային հանրության միջեւ ինչ-ինչ բանակցություններ են գնալու, ապա դա տեղի է ունենալու մինչեւ հունվարի 27-ը: Անկասկած, բանակցություններն սկսվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած հենց այս այցի ժամանակ: Ինչպես նախօրեին հայտարարել էին համանախագահները, եթե Ս. Սարգսյանը նույնպես իր համաձայնությունը տա Դավոսում Ի. Ալիեւի հետ հանդիպմանը, ապա մինչ այդ Ցյուրիխում կկայանա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: Ակնհայտ է, որ հենց այս հանդիպումից էլ էականորեն կախված կլինի, թե հունվարի 27-ին ԵԽԽՎ-ում ինչպես կընթանան ՀՀ հարցի քննարկումն ու քվեարկությունը: Ասել է թե` Ս. Սարգսյանը մի քանի օր ժամանակ ունի` միջազգային հանրությանը կոնկրետ պատասխան տալու համար: Իսկ պատասխանը, բնականաբար, վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման` դեռեւս չհամաձայնեցված սկզբունքներին: Երեկ համանախագահների եւ ԱԳ նախարար Մամեդյարովի հանդիպման մասին ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Զրուցակիցները կարեւորեցին 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագիրը, 2008թ. դեկտեմբերի 4-ին Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը եւ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի դեկտեմբերի 5-ի հայտարարությունը` ընդգծելով, որ բանակցային գործընթացը պետք է ընթանա վերոհիշյալ փաստաթղթերի ոգուն համապատասխան»: Թե հայկական կողմի համար որքան աննպաստ դրույթներ է պարունակում Մոսկվայում ստորագրված հռչակագիրը, բազմիցս ասվել է: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ ԱԳ նախարարների դեկտեմբերի 4-ի եւ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի դեկտեմբերի 5-ի հայտարարություններին, ապա դրանցում հստակ նշված է. «Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին  մոտակա ամիսների ընթացքում ջանքեր գործադրել կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքը ավարտին հասցնելու համար եւ այնուհետեւ անցնել դրա հիման վրա համաձայնագրի նախագծի կազմմանը»: Ինչպես նշում են դիվանագիտական մեր հավաստի աղբյուրները «հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը ավարտին հասցնելուն» խոչընդոտում է միայն մեկ հարց` դեռեւս համաձայնեցված չէ Հայաստանը ԼՂ-ին կապող Լաչինի միջանցքի հարցը, մասնավորապես այն, թե միջանցք կոչվածը քանի կիլոմետր պետք է լինի եւ որ ուժերի վերահսկողության տակ պետք է գտնվի: Ահա, ուրեմն` հենց այս հարցում անհրաժեշտ զիջումների գնալու համար էլ մի քանի օր ժամանակ է տրվել Ս. Սարգսյանին, ում որոշումից է կախված լինելու` կզրկվի՞ Հայաստանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից` սրանից բխող բոլոր հետեւանքներով, թե՞ ոչ: Իսկ ընդհանրապես, Դավոսում, ԼՂ հակամարտության պատմության ընթացքում առաջին անգամ, հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ կնստի այսաստիճան թուլացած դիրքերով, երբ արդեն իսկ գոյություն ունի փաստաթուղթ ՀՀ-ում քաղբանտարկյալների գոյության մասին, իսկ երկիրը գտնվում է միջազգային սանկցիաների սպառնալիքի տակ: 

ԱՆՆԱ Վ.ՀԱԿՈԲՅԱՆ

Հայկական Ժամանակ

21.01.2009

No comments:

Post a Comment