Thursday, January 22, 2009

Առաջարկներ համանախագահներին, կամ՝ Ստեփան Գրիգորյանի մտորումները ԼՂ խնդրի վերաբերյալ

«Ինձ համար կարեւոր է, որ ԼՂ խնդրի կարգավորման այս ֆորմատը պահպանվի, քանի որ այն օպտիմալ է», - ասում է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Միեւնույն ժամանակ, քաղաքագետը փաստում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես ինստիտուտ, նրա առաքելությունը իրեն արժեզրկելու ուղու վրա է կանգնած: Իսկ որպես լուծում՝ մի շարք առաջարկներ է կատարում, մասնավորապես՝ դադարեցնել համանախագահների հաճախակի դարձած այցերը տարածաշրջան, առհասարակ՝ հանդես չգալ առանձին այցելություններով, որոնք պարարտ հող են ստեղծում կարծելու, թե համանախագահները տարբեր դիրքորոշումներ ու շահեր ունեն խնդրի վերաբերյալ, ինչպես նաեւ՝ խուսափել լուծման այս կամ այն տարբերակին աշխարհագրական անվանումներ տալուց եւ պարբերաբար լավատեսական հայտարարություններ կատարելուց, քանի որ վերջիններս «Ադրբեջանում ծնում են սպասելիքներ, թե հողերը կվերադարձվեն, իսկ Հայաստանում՝ հույս, թե կճանաչվի ԼՂ անկախությունը: Մենք իրավունք չունենք համանախագահներին թույլ տալ՝ ՄԽ ինստիտուտի հեղինակությունը իջեցնել»: Սակայն Գրիգորյանը դրական միտում է համարում այն փաստը, որ վերջին շրջանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սկսել են ավելի հաճախ այցելել Ստեփանակերտ, ինչը կարելի է փորձ համարել՝ ԼՂ-ն բանակցային գործընթացում ներգրավելու: «Այսօր արդեն կան միտումներ, որ առանց ԼՂ-ի հարցը չի կարող լուծվել: Դրանք զարգացնել է պետք»: Քաղաքագետը որպես օրինակ բերեց Կոսովոյի եւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի նախադեպերը՝ նշելով, որ վերջիններիս անկախացումից հետո եվրոպացիներն ավելի շատ են հաշվի նստում չճանաչված հանրապետությունների կարծիքների հետ: Այնուհանդերձ, քաղաքագետը որեւէ նախադրյալ չի տեսնում՝ ԼՂ խնդրի շուտափույթ լուծման: Այստեղ Գրիգորյանն առանձնացնում է թե՛ ներքին եւ թե՛ արտաքին խնդիրներ: Առաջինների շարքում քաղաքագետը դասում է, օրինակ, Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների միջեւ հանդուրժողականության ձեւավորումը, վստահության մակարդակի բարձրացումը, որը նախատեսված էր 2008թ.-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագրի 5-րդ կետի համաձայն: Սակայն այդ հարցում պետություններից որեւէ մեկում որեւէ առաջընթաց չի գրանցվել, ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դրանից հետո առնվազն 2 անգամ հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով, ինչը պարզապես հակասում է խաղաղ, քաղաքական ճանապարհով խնդրի լուծման տրամաբանությանը: Իսկ ինչ մնում է արտաքին խնդիրներին, ապա, ըստ քաղաքագետի, պետք չէ անտեսել ԱՄՆ-Ռուսաստան սրվող հարաբերությունները. առկա իրավիճակում դժվար է հավատալ, թե ԼՂ հարցում 2 գերտերությունների շահերը կարող են համընկնել: Ուստի եւ՝ ամեն ինչ վկայում է, որ այս պահին ԼՂ հարցի լուծումն արհեստականորեն արագացնելու համար չկան ո՛չ ներքին եւ ո՛չ էլ արտաքին նախադրյալներ: Ինչ մնում է ամերիկյան վարչակազմի փոփոխությանը, ապա, Գրիգորյանը հիշեցրեց, որ մենք հաճախ չենք հասկանում գերտերությունների տրամաբանությունը, որը չի ենթադրում քաղաքական կուրսի կտրուկ փոփոխություն: Որպես օրինակ քաղաքագետը հիշեցրեց Օբամայի հայտարարությունները՝ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետների մասին:

Իսկ անդրադառնալով այն հարցին, թե որքանով են փոխկապակցված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ արդեն զգալիորեն թուլացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կապը. «Այսօր Թուրքիան շատ այլ խնդիրներ ունի, իսկ նրա վզից կախված Ադրբեջանը միայն խանգարում է»: Քաղաքագետի խոսքերով՝ Անկարան այսօր ազդակներ է տալիս, թե կցանկանար դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, սակայն դրանք պիտի ամրագրվեն հայկական կողմից փոքրիկ զիջումներով: Հետեւաբար՝ Հայաստանի շահերից է գնալ որոշակի զիջումների, թեկուզ բացառապես խոստումների տեսքով, որոնք նախ` վտանգավոր չեն լինի Հայաստանի համար, ապա եւ՝ կթուլացնեն Ադրբեջանի ու Թուրքիայի կապը:

Ժամանակ Երեւան

Գայանե Նազարյան

21.01.2009

No comments:

Post a Comment