Friday, January 9, 2009

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ ՄԻՋԱԶԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Ոչ թե Հայաստանը

  

Դեկտեմբերի 29-ին, ԼՂՀ ԱԺ-ն, ի դեմս խորհրդարանական քաղաքական ուժերի, հանդես եկավ հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, արձանագրում է, որ Ղարաբաղը պատասխանատվություն չի կրում «որեւէ պայմանավորվածության համար, որ ձեռք կբերվի առանց իր ժողովրդի կամքի ազատ արտահայտությամբ դրսեւորված համաձայնության»: Ավելին՝ հարկ եղած դեպքում «անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր անվտանգությանն ու անկախությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ»:

Մեր հարցերին ի պատասխան՝ նախաամանորյա այս հայտարարության շարժառիթները պարզաբանում են ԱԺ խմբակցությունների ղեկավարները:

  ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ` ՄԻՋԱԶԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

  «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար

   ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

   -Ապրիլի 21-ի խորհրդարանական լսումներով Ղարաբաղում սկսվեց քաղաքական քննարկումների մի գործընթաց՝ խնդրո առարկայի վերաբերյալ մեր ներքին դիրքորոշումը ճշգրտելու իմաստով, եւ դա որեւէ կերպ պայմանավորված չէ Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումներով: Դա ԼՂՀ քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումն է, որ ձեւակերպել ենք դեռեւս 2008թ. գարնանը՝ տարեվերջին այդ քննարկումների արդյունքները ամփոփելու հեռանկարով, ինչն էլ արվել է: Մենք կարողացանք հաղթահարել ներքին տարաձայնությունները եւ հանդես գալ միասնական հայտարարությամբ՝ ներկայացնելով ԼՂ քաղաքական ուժերի ամփոփ դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

   -Այսինքն՝ խնդիրն ամենեւին էլ այն չէ, թե Հայաստանի նկատմամբ միջազգային ճնշումներն աննախադեպ սաստկացել են, ինչից ելնելով էլ որոշել եք սահմանազատվել նախագահ Սերժ Սարգսյանին ՙպարտադրվող՚ անընդունելի մոտեցումներից:

   -Որոշ լրատվամիջոցներ ամիսներ շարունակ քննադատության թիրախ էին դարձրել ԼՂՀ իշխանություններին եւ քաղաքական ուժերին, ասելով, թե հարցերը լուծվում են, իսկ Ղարաբաղը լռում է, որեւէ կերպ չի արձագանքում, դուրս է մնացել կարգավորման գործընթացից եւ այլն: Այնպես որ պետք է հանգիստ վերաբերվել այդ դրսեւորումներին:

   Ընդհանրապես ընդդիմությունը, ընդդիմությանը հարող լրատվամիջոցները նրա համար են, որ ներկայացնեն իրականության իրենց տեսլականը, իրենց պատկերացումը, ինչը մեր պարագայում, դժբախտաբար, շատ հաճախ իրականության հետ որեւէ առնչություն չի ունենում: Տվյալ դեպքում՝ ստացվում է, որ միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Լեռնային Ղարաբաղն էլ, միանալով այդ ճնշումներին, իր հերթին ճնշում է գործադրում ՀՀ ղեկավարության նկատմամբ. մի բան, որ բոլորովին չի համապատասխանում իրականությանը:

   Մենք ընդամենը փորձել ենք ընդհանուր հայտարարի բերել ԼՂՀ քաղաքական ուժերի դիրքորոշումը: Որքանո՞վ է այդ դիրքորոշումը համահունչ այսօր ընթացող բանակցային գործընթացին՝ քննարկման խնդիր է:

   Բայց կուզենայի մեկընդմիշտ հերքել թյուր պատկերացումները, թե ԼՂՀ-ն կարող է ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ կամ հակառակը՝ Հայաստանի իշխանությունները կարող են ճնշում գործադրել ԼՂ իշխանությունների, քաղաքական դաշտի նկատմամբ՝ փորձելով ինչ-ինչ մոտեցումներ պարտադրել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Նման բան չկա եւ չի կարող լինել:

   Քաղաքականությունը քաղաքականություն է այնքանով, որքանով ներկայացնում է պատկերացումների ամբողջ սպեկտրը: Եթե խոսքը վերաբերում է Ղարաբաղի հարցին՝ այդ սպեկտրի հիմնական՝ առանցքային բաղադրիչը, բնականաբար, պետք է լինի Ղարաբաղի, ԼՂ քաղաքական ուժերի, ժողովրդի եւ իշխանությունների դիրքորոշումը: Մենք փորձել ենք ձեւակերպել այն ելակետային սկզբունքները, որոնց շրջանակում պատկերացնում ենք հիմնախնդրի լուծումը, եւ ներկայացնել առաջին հերթին՝ միջազգային հանրությանը:

   -Այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց այս պահին անհրաժեշտություն առաջացավ ներկայացնելու ԼՂՀ քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումը: Կարծում եք, հարցի կարգավորումը մո՞տ է «վերջնագծին»:

   -Չխորանանք դիվանագիտական նրբերանգների մեջ: Բայց փաստն այն է, որ տարածաշրջանային վերջին այցի ժամանակ համանախագահները Ստեփանակերտում իրենց թույլ տվեցին ընդլայնել քննարկման ձեւաչափը, շփումների, զրուցակիցների շրջանակը, եւ մենք պետք է դրան համարժեք արձագանքենք:

   Այսինքն՝ այդ ընդլայնված ձեւաչափի մասնակիցների վերաբերմունքը պետք է համարժեք լինի, եւ մենք, այսինքն՝ ԱԺ քաղաքական ուժերը, խորհրդակցելով արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, համանախագահող երկրներին, եռանախագահությանը ներկայացրել ենք մեր պատկերացումը՝ նրանց հրավիրելով ավելի առարկայական երկխոսության:

  ՄՈՏ ԱՊԱԱՅՈՒՄ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

   «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցության ղեկավար

   ԱՐՄԵՆ ՍԱՐՍՅԱՆ

   -Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին ամիսների ակտիվացումը նկատի ունենալով՝ որոշեցինք, որ խորհրդարանը պետք է շատ հստակ արտահայտի իր տեսակետը, եւ երեք խորհրդարանական խմբակցությունները հանդես եկան միասնական հայտարարությամբ:

   Ավելին՝ դա կարելի է համարել ԼՂ քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումը, որովհետեւ այդ տեսակետը պաշտպանում են նաեւ արտախորհրդարանական ուժերը: Այսինքն՝ կա քաղաքական ուժերի տեսակետը, կա Ղարաբաղի իշխանության դիրքորոշումը, որ նախագահ Բակո Սահակյանը արտահայտեց Քաշաթաղում՝ խոսելով տարածքային ամբողջականության մասին, եւ փաստելով, որ ազատագրված տարածքներ չկան, այլ կան Ղարաբաղի մարզերը, որ ամրագրված են ԼՂՀ սահմանադրությամբ՝ սա է մեր երկիրը, եւ Ղարաբաղը պատրաստ է պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը:

   -Հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջիկայում որեւէ փաստաթուղթ, նախնական համաձայնագիր ստորագրվի կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ:

   -Ոչ: Չեմ կարծում, թե մոտ ապագայում հնարավոր է լուծել Ղարաբաղի հարցը: Հիմնախնդրի արագ հանգուցալուծման հնարավորությունն այս պահին ուղղակի բացառվում է: Եթե ուշադիր հետեւել եք բանակցային գործընթացին, թերեւս նկատած կլինեք, որ ժամանակ առ ժամանակ փորձ է արվում աշխուժացնել բանակցությունները կամ առնվազն տպավորություն ստեղծել, թե Ղարաբաղի հարցը ուր որ է կլուծվի: Իմ կարծիքով, սա հերթական տեստն է, որով փորձում են ստուգել ժողովրդի զգոնությունը, շոշափել տրամադրությունները:

   Այսօր տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը, գերտերությունների շահերի հաշվեկշիռը չի նպաստում հարցի արագ կարգավորմանը: Երկրորդ՝ հնարավոր չէ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը առանց Ղարաբաղի ժողովրդի մասնակցության, հաշվի չառնելով ԼՂՀ իշխանությունների եւ քաղաքական ուժերի կարծիքը:

   Ինչ վերաբերում է այն դրույթին, թե բանակցությունները կարելի է վարել առանց Ղարաբաղի, եւ վերջում, համաձայնության գալով ինչ-որ փաստաթղթի շուրջ, այդ համաձայնագիրը բերել, փաթաթել ղարաբաղցիներին, քաղաքական միամտություն է: Նրանք, ովքեր այդ մասին խոսում են՝ առնվազն ղարաբաղցիներին չեն ճանաչում:

   Եւ հետո, սա միայն Ղարաբաղի, ղարաբաղցիների հարցը չէ՝ նաեւ Հայաստանի անվտանգության, հայության խնդիրն է: Այստեղ իրենց հստակ, կայուն դիրքորոշումը պետք է ունենա ոչ միայն Հայաստանի հասարակությունը, այլեւ Սփյուռքը, որովհետեւ, կրկնում եմ, սա համահայկական հարց է:

   Ի՞նչ եք կարծում, Ղարաբաղը կարո՞ղ է համաձայնել որեւէ տարբերակի, որ սպառնում է Հայաստանի անվտանգությանը, կամ հակասում է ընդհանրական շահին: Այդպիսի բան չկա: Սա մեր ժողովրդի խնդիրն է, որը սկզբից մինչեւ վերջ՝ ա-ից մինչեւ ֆ, պետք է մասնակցի բանակցային գործընթացին, ոչ թե ինչ-որ մեկը պետք է ֆ-ն որոշի ու պարտադրի ԼՂ-ին:

   -Վերջերս հաճախ կարելի է լսել, թե Ղարաբաղի փրկությունը ղարաբաղցիների գործն է, եւ կարիք չկա Հայաստանում Ղարաբաղի հարցի հետ կապված հանրաքվե անցկացնել՝ պատասխանատվությունը բարդելով հայաստանցիների «վտիտ» ուսերին:

   -Մեր կարծիքը հետեւյալն է. Հայաստանը բանակցություններ է վարում, ունի իր դերակատարությունը, ունի իր խնդիրները, բայց նաեւ Ղարաբաղը պետք է որպես լիարժեք կողմ մասնակցի այդ բանակցություններին: Հայաստանը, մասնակցելով բանակցային գործընթացին, պետք է լինի Ղարաբաղի անվտանգության եւ անկախության երաշխավորը, ոչ թե դուրս գա գործընթացից եւ Ղարաբաղին մենակ թողնի՝ Ադրբեջանին դեմ-հանդիման:

   Նրանց, ովքեր պնդում են, որ Ղարաբաղը պետք է ընդգրկված լինի բանակցային գործընթացում, բաժանում եմ երկու մասի: Մի մասի համար Ղարաբաղի մասնակցությունը ինքնանպատակ է. մասնակցություն հանուն մասնակցության: Մենք դեմ ենք այդ տեսակետին: Սա այն հարցն է, որտեղ նման արհեստական մոտեցումները պարզապես անընդունելի են:

  ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱԿԱՆՆԵԼ ԵՌԱԿՈՂՄ ՁԵՎԱՉԱՓԸ

  «Հայրենիք» խմբակցության ղեկավար ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

   -ԱԺ-ն քաղաքական մարմին է եւ անտարբեր չի կարող լինել ներկա բանակցային փուլի նկատմամբ: Ինչպես գիտեք, 1994թ. ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթաժողովի որոշմամբ ԼՂՀ-ն՝ ԼՂ ներկայացուցիչները, որպես հակամարտող կողմ, մասնակցում էին բանակցային գործընթացին: Այն պահից, երբ Հայաստանի նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, իսկ Ադրբեջանում իշխանության եկավ Հեյդար Ալիեւը, բանակցությունները շարունակվեցին երկկողմ ձեւաչափով, եւ որոշակի դրական տեղաշարժ արձանագրվեց բանակցային գործընթացում: Փարիզյան, Քիուեսթյան սկզբունքներն ընդհանուր առմամբ ընդունելի էին հայկական կողմի համար որպես բանակցությունների հիմք, եւ բանակցային գործընթացը Մինսկի խմբի հովանու ներքո ընթանում էր նորմալ հունով: Ճիշտ է, առանց Ղարաբաղի մասնակցության: Հեյդար Ալիեւից հետո իշխանության եկավ կրտսեր Ալիեւը եւ իր ռազմատենչ հայտարարություններով, ըստ էության, զրոյի հավասարեցրեց բոլոր նախկին պայմանավորվածությունները:

   Աստիճանաբար Ղարաբաղը դուրս մղվեց բանակցություններից, եւ ղարաբաղցիները օտարվեցին բանակցային գործընթացից՝ ոչ ողջունում էին, ոչ էլ առանձնապես հակադրվում երկկողմ ձեւաչափով ընթացող երկխոսությանը, առաջին հերթին այն պատճառով, որ վստահում էինք Ռոբերտ Քոչարյանի վարած արտաքին քաղաքականությանը:

   Մեր հայտարարությամբ եւս մեկ անգամ արձանագրում ենք, որ որեւէ պայմանագիր, որի տակ չկա ԼՂՀ նախագահի ստորագրությունը, դատապարտված է անհաջողության, եւ անհրաժեշտ է վերականգնել բուդապեշտյան գագաթաժողովում ամրագրված եռակողմ ձեւաչափը: «Ազատ Հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ մենք ոչ թե որպես հակամարտող կողմ պետք է մասնակցենք բանակցություններին, այլ որպես պատերազմող կողմ վերադառնանք բանակցային գործընթաց:

   Իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա հակամարտություն, բայց պատերազմը եղել է Ադրբեջանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի միջեւ: Հայաստանի Հանրապետությունն էլ Ադրբեջանի հետ խնդիրներ ունի՝ Արծվաշեն է կորցրել: Մենք ունենք Գետաշենի խնդիրը, ունենք Շահումյանի խնդիրը: 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին մասնակցել է նաեւ Շահումյանի շրջանի եւ ետաշենի ենթաշրջանի բնակչությունը, իսկ այսօր այդ տարածքները, ԼՂՀ մի շարք այլ բնակավայրեր բռնազավթված են եւ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

   Չգիտես ինչու, Մինսկի խմբի համանախագահները, փախստականների եւ տարածքների մասին խոսելով՝ նկատի ունեն միայն ադրբեջանցի փախստականներին եւ նախկին ԼՂԻՄ-ին հարող երբեմնի ադրբեջանաբնակ շրջանները՝ մոռանալով Գետաշենը եւ Շահումյանը: Միայն Բաքվից ունենք ավելի շատ փախստականներ, քան «ազատագրված տարածքներից» հեռացած ադրբեջանցիները: Մեզ մտահոգում է նաեւ այդ մարդկանց ճակատագիրը:

   Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում մենք պատրաստ ենք շատ արագ՝ կարճ ժամանակամիջոցում, կտրուկ հակագրոհով պատերազմը տեղափոխել դեպի Ադրբեջանի խորքերը: Եւ այս մասին ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ առաջին նախագահը, որ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը ադրբեջանական կողմի ապակառուցողական հայտարարությունների վերաբերյալ:

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 

Հայոց Աշխարհ

09.01.2009

No comments:

Post a Comment