Friday, January 9, 2009

ՑՆՈՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եւ այսպես, մոտ 5-ամյա գործունեությունից հետո եկավ «Դեմո»-ի հրաժեշտի պահը: Հրաժեշտն այս, մեր կարծիքով, անխուսափելի է մի քանի պատճառներով: Բայց նախքան պատճառների մասին խոսելն՝ ամենայն անկեղծությամբ ասեմ, որ մեզ ոչ ոք չի փակել, ոչ ոք չի բռնացել մեր կամքի վրա, մենք կամովին ենք ընդունել այս որոշումը: Ինչ խոսք, կային ֆինանսական և այլ կարգի դժվարություններ, բայց դրանք, հավատացեք, ի զորու էինք հաղթահարել՝ մեծ ցանկության դեպքում, պարզապես այսօր բացակայում է հենց այդ մեծ ցանկությունը: Եւ ահա թե ինչու: Տարիներ շարունակ ազատ ամբիոն ու ազատամտության կղզյակ հանդիսանալով՝ միևնույն ժամանակ փաստել ենք, որ հայտնվել ենք բևեռացման մեջ: Քաղաքական ընդդիմության բացակայության, քաղաքական, հասարակական դաշտերի և ազատ մամուլի ինստիտուտի չկայացածության պայմաններում մեզ վրա էին բարդում կամ էլ, ինչ թաքցնենք, երբեմն էլ ինքներս էինք կամովին, բայց ճարահատ ստանձնում այդ դաշտերի որոշ գործառույթներ, ինչը, մեղմ ասած, լավագույն տարբերակը չէ: Տեղեկատվական դաշտի միակողմանիության-միանժարության պայմաններում մենք ճարահատ ստեղծել ու գիտակցաբար ծանրացրել ենք մյուս նժարը, դրականի-բացասականի հավասարակշռությունը մեզ մոտ գիտակցաբար խախտվել է հոգուտ բացասականի-քննադատելիի այն պարզ պատճառով, որ երկրի ամբողջ տեղեկատվական դաշտի հավասարակշռությունն է խախտված հոգուտ դրականի, ձոների-գովաբանության: Այս համընդհանուր անհավասարակշռությունն էլ ծանր բեռ էր մեզ համար: Ամեն դեպքում, մենք մեր ժողովրդի համար ապահովել ենք ամենակարևորը՝ տեղեկատվության երկրորդ աղբյուրի առկայությունը, որպեսզի նա մտածի, բանական արարած լինի, որպեսզի նրան հեշտ չլինի խաբելը: Այս պայմաններում մեր ասածը հիվանդագին է ընդունվում, և անգամ բացահայտ ճշմարտություններն ու լավ գաղափարները դատապարտվում են չիրականացման զուտ այն պատճառով, որ դա մենք ենք ասել: Եւ դեռ հարց է՝ մենք սրանով օգու՞տ ենք տալիս, թե՞ վնաս: Ահա այս տանջալից երկմտությունն է մեր թերթի փակման հիմնական պատճառը: Ինչ խոսք, հիմա մեր նկատմամբ քիչ թե շատ տանելի վերաբերմունք է, չկա ագրեսիա մեր նկատմամբ, ավելին՝ գնալով մեծացել է մեր նկատմամբ հարգանքը, բայց ամբողջ ողբերգազավեշտը կայանում է նրանում, որ մեծ հաշվով դրանից էլ ոչինչ չի փոխվում: Իսկ չի փոխվում, որովհետև, մեծ հաշվով, չկա հասարակական կարծիք: Ցավալի, շատ ցավալի է փաստել մի անհասկանալի ու սարսափելի մետամորֆոզ-կերպարանափոխում՝ մեր ժողովրդի հերոսամարտից ու ոգու պատնեշացունց պոռթկումից տարիներ անց կայացել է մարդկանց և, որ ամենասարսափելին է, հատկապես տղամարդկանց մի տհաճ տեսակ՝ վախկոտ, ետևից խոսող-բամբասկոտ, ստրկահաճ, տիրասեր ու տիրադավ, մորթապաշտ: Այս տեսակը պայքարի տեսակ չէ, բայց պայքարի արդյունքին տեր կանգնող տեսակ է: Մեր հասարակությունում վաղուց արդեն հարգի չէ ամբողջ հասակով մեկ կանգնելը և տղամարդու պես սեփական կարծիքը հայտնելը: Պատերազմից հետո մեր երկրում արական սեռի ներկայացուցիչների և հատկապես տղամարդկանց մեծ պակաս կա: Ընդունված խոսք է՝ ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարներին: Այսօր մեր ժողովուրդը ոչ մի հիմք չունի պնդելու, որ ինքն իր ղեկավարներից ավելի լավն է: Իսկ միգուցե ղեկավարությունն էլ է լավ, ժողովուրդն էլ... Տա Աստված, մենք հո թշնամի՞ չենք, որ չուզենանք, բայց, ախր, այս բամբասանքը, այս անիծյալ բամբասանքը, այս խոհանոցային բողոքը, այս խեղճ ու տխուր դեմքերը... Եւ այս գեշ խասյաթը՝ գալիս են, մեր թևատակին ձմերուկ դնում, մեզ մարտի նետում ու իրենք փախչում մեր թիկունքից, երբեմն էլ՝ մեզ բամբասում, մեզ, որ տվյալ դեպքում իրենց համար էինք մարտի նետվել: Նրանք չեն հասկանում մի պարզ բան՝ այդպես իրենք վտանգի տակ են դնում իրենց իսկ երեխաների ապագան: Մինչդեռ ժողովուրդը պիտի տեր կանգնի իր դատը պաշտպանողներին, իր դարդուցավով տոգորվածներին, իր ազատ խոսքի իրավունքն ապահովել փորձողներին: Մեր «կղզյակի» փակումը, հուսով ենք, մտորելու տեղիք կտա, կխթանի պահանջված ու պաշտպանված լրատվամիջոցի ստեղծմանը, ազատ միտքն, ի վերջո, ելք կորոնի-կգտնի միառժամանակ անելանելի թվացող վիճակից: Հենց այդ վիճակը կստիպի ու կհուշի ելքը: Մեր «փակվելն» ուրիշներին կստիպի «բացվել»: Հրաժեշտից առաջ կուզեի ի սրտե շնորհակալություն հայտնել մեր հավատարիմ ու անդավաճան ընթերցողներին ու հեղինակներին, մեր բարեկամներին, ովքեր թերթի անգամ մեկժամյա ուշացման դեպքում տագնապում էին: Կան այդ մարդիկ, նրանց հետ միասին կա մի լուսավոր շերտ մեր հանրությունում, ինչն էլ հույս է ներշնչում: Կուզեի նաև հրապարակավ երախտագիտություն հայտնել մեր հովանավորին՝ «Հաշտության պաշարներ» միջազգային կազմակերպությանը: Ինչ էլ որ ասեն, ինչ թյուրիմաց ասեկոսեներ էլ որ տարածված լինեն մեր հանրությունում, փաստը մնում է փաստ՝ այս հինգ տարիների ընթացքում մենք երբևէ պրոբլեմ չենք ունեցել այդ կազմակերպության հետ և միշտ էլ ազատորեն քարոզել ենք ազգային ու համամարդկային արժեքներ, հավատարիմ եղել մեր պետական շահերին, կողմնակից եղել երկխոսության ու խաղաղ գոյակցության: Վկա` «Դեմո»-ի ցանկացած համար:

ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Լրագիր

07/01/2009

No comments:

Post a Comment