Friday, January 9, 2009

ՂԱՐԱԲԱՂԸ ԿՈՂՄՆՈՆՈՐՈՇՎԵ՞Լ Է

Ղարաբաղյան խնդրի շուրջ առաջ եկած վերջին զարգացումների համատեքստում  թերեւս ամենատարօրինակ պահվածքը որդեգրել էին ԼՂՀ իշխանությունները. նրանք, կարելի է ասել, որեւէ ձեւով չէին արձագանքում այդ իրադարձություններին: 

Անցած տարեվերջին արդեն ԼՂՀ բոլոր առանցքային դեմքերը հանդես եկան հայտարարություններով, որտեղ կոնկրետ դիրքորոշում արտահայտեցին ԼՂ հիմնախնդրի կապակցությամբ: Նախ, դեկտեմբերի 27-ին բարձրագույն սպայակազմի առջեւ ելույթ ունեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով հայտարարեց, թե բոլորը պետք է մեկընդմիշտ հասկանան, որ ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը սակարկության ենթակա չեն, եւ հավելեց, որ ոչ մեկը` լինի նույնիսկ նախագահ, չի կարող միանձնյա որեւէ որոշում կայացնել ԼՂՀ ճակատագրի հարցում` առանց ԼՂՀ-ի կարծիքը հաշվի առնելու: ԼՂՀ նախագահի այս խոսքերը, սակայն, նույն օրը «տարօրինակ կերպով» դուրս մնացին «Հայլուրի»` այդ ելույթի մասին եթեր հեռարձակված ռեպորտաժից: Դեկտեմբերի 29-ին թեման շարունակեց վարչապետ Արա Հարությունյանը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անելու են ԼՂՀ-ն` իր 11.7 հազար քառակուսի կմ տարածքով, այսինքն` ազատագրված տարածքները ներառյալ, հավասար կերպով զարգացնելու համար: Նույն օրը ազատագրված տարածքներից խոսեց նաեւ ԼՂՀ ՊՆախարար Մովսես Հակոբյանը: Մասնավորապես, խոսելով տարածքների վերադարձի մասին` Հակոբյանը հայտարարեց, թե ԼՂՀ զինված ուժերը չեն պատրաստվում որեւէ զիջում կատարել: Մեր այն հարցին էլ, թե ինչ եղանակով են ԼՂՀ իշխանությունները տեսնում ԼՂ-ի վերադարձը բանակցային սեղանի շուրջ, եւ արդյո՞ք նրանք կհետեւեն ՀՀ առաջին նախագահի խորհրդին եւ դա կանեն նախագահի հրամանագրի տեսքով, որով կարգելվի այլ պետություններին ԼՂՀ-ի անունից բանակցություններ վարել, Հակոբյանը պատասխանեց. «Պետք չէ հրամանագիր ստորագրվի, դա արտացոլված է ԼՂՀ Սահմանադրության մեջ, որտեղ հստակ գրված է, որ ԼՂՀ-ն ինքնիշխան պետություն է, եւ դրանից համապատասխան եզրակացություն. որեւէ մի պետություն կամ որեւէ մի անձ իրավունք չունի որեւէ պայմանագիր ստորագրել»: Կարճ ասած` ԼՂՀ իշխանությունները տարվա վերջին որոշեցին հանել մի քանի ամիս լռելու տեղը եւ իրար հերթ չտալով` սկսել են արտահայտվել ԼՂ հիմնախնդրի մասին: Մյուս կողմից, սակայն, դեռեւս հարց է` արդյո՞ք դա կարող է փրկել իրավիճակը: ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Մանվել Սարգսյանը մեզ հետ զրույցում այս արձագանքները կարեւորեց այնքանով, որ հատկապես Մոսկովյան հռչակագրից հետո շատ էր խոսվում այն մասին, որ բոլորը քննարկում են ԼՂ հիմնախնդիրը, մինչդեռ ԼՂՀ-ից ոչ մի արձագանք չկար: «Իսկապես, ինչ-որ տարօրինակ լռություն կար. այդ առումով, իհարկե, կարեւոր էր: Կարելի է ասել, որ ինչ-որ պարզություն մտավ, եթե, իհարկե, նրանք անկեղծ են այդ ամեն ինչում»,- նշեց քաղաքագետը: Նրա խոսքերով, հիմա ավելի լավ կլիներ, որ ԼՂՀ իշխանությունները ՀՀ-ի կողմից վարվող բանակցությունների շուրջ կարծիք արտահայտեին: «Պիտի պահանջ դրվի, որ առանց ԼՂՀ-ի մասնակցության բանակցությունները չլինեն, կամ էլ` ԼՂՀ իշխանությունները պետք է ամեն բանակցային գործընթացից հետո հայտարարեն, որ որեւէ կերպ պատասխանատվություն չեն կրում դրա համար»,- հայտարարեց Սարգսյանը: Վերջինիս խոսքերով, այժմ առավել քան կարեւոր է, որ ԼՂՀ իշխանությունները պարզեն ՀՀ իշխանությունների հետ իրենց հարաբերությունները. ըստ Սարգսյանի, իրականում դա շատ ավելի կարեւոր է, քան անգամ միջազգային մակարդակով տարվող բանակցությունները, եւ այդ դեպքում բանակցությունների ընթացքը եւս կարող է փոփոխություն կրել:

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ

Հայկական Ժամանակ

08.01.2009

1 comment:

  1. Երեեւի «Հայլուրի» ձեռքը խիստ վարժվել է մոնտաժ անելու վրա եւ ՀՀ ընտրություններից հետո դեռ շարունակում է «տարօրինակ կերպով» եթերից դուրս թողնելը...

    ReplyDelete