Friday, March 27, 2009

ԱԴՐԲԵՋԱՆԸՙ ԶԻՆԱՎԱՌՎԱԾ

Ինչքան էլ մենք անտեսենք Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները` զենքի ուժով ազատագրելու «օկուպացված» տարածքները, փաստը մնում է փաստ, որ ազերիները ալլահի տված նավթադոլարները լայնորեն օգտագործում են սեփական ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծման ու զարգացման համար (նրանք նույնիսկ ունեն պաշտպանական արդյունաբերության նախարարություն): Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան», նորերս այդ երկրում «հանդիսավորապես» բացվել է եւս երկու գործարան, որոնք կթողարկեն ժամանակակից պահանջները բավարարող պաշտպանական նշանակության արտադրանք:

Սակայն եթե առայժմ խոսքը վերաբերում է հրաձգային եւ հրետանային զենքի, մերձամարտի միջոցների տարբեր ռազմամթերքների փոքր սերիական արտադրությանը, ապա այս տարվանից կիրագործվեն բավականին հավակնոտ ծրագրեր, որոնք, ըստ ադրբեջանական աղբյուրների, Բաքվին հնարավորություն կտան ոչ միայն բավարարելու սեփական բանակի համապատասխան պահանջմունքները, այլեւ դուրս գալու զենքի միջազգային շուկա:

Մասնավորապես, թերթի տվյալներով, այս տարի նախատեսվում է թողարկել 435 անուն պաշտպանական արտադրանք եւ դրանց պահեստամասերՙ ժամանակակից զրահամեքենաների հավաքում, տարբեր տեսակների հակատանկային ականներ, օպտիկական նշանոցներ, ավիառումբեր եւ այլն: Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ավստրիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Թուրքիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Կորեայի Հանրապետությունից եւ այլ երկրներից ներմուծվել են 163 հաստոց եւ տեխնոլոգիական սարքավորումներ, ավելի քան 5000 գործիք:

Սակայն ազերիների առանձնակի «հպարտության» առարկան 14 տեղանոց «Մատադոր» զրահամեքենան է, որը նրանք գործարաններում հավաքում են Հարավ- Աֆրիկյան Հանրապետության «Պարամաունթ գրուպ» ընկերության արտոնագրով: Զրահամեքենայի բեռնատարողությունը 4500 կգ է: Ունենալով 6,57 մետր երկարություն եւ 2,47 մետր լայնություն, ընդունակ է հաղթահարելու 60 աստիճանի թեքության բարձունքներ (գուցե նկատի են առնված «լեռնայի՞ն» տեղանքները...): Զուգահեռաբար նորացվում է ըՁՀ-70 M զրահամեքենան:

Ռազմական արդյունաբերության կազմավորման ասպարեզում Ադրբեջանը համագործակցում է մուսուլմանական երկրների ու, բնականաբար, առաջին հերթին «ավագ եղբոր»ՙ Թուրքիայի հետ: Թուրքական Roketsan հրթիռաշինական ընկերության հետ կնքած պայմանագրով այս տարի կսկսվի 107 եւ 122 տրամաչափի բազմափող հրթիռային կայանքների արտադրությունը: Ընդ որում, դրանց առանձին մասերը կարտադրվեն ադրբեջանական ձեռնարկությունում, իսկ բուն հրթիռներըՙ թուրքական գործարանում: TR-107 եւ TRB-107 հրթիռները ընդունակ են նշանակետեր ոչնչացնել մինչեւ 17 կիլոմետր հեռավորության վրա:

Իսկ առաջիկա տարիներին Ադրբեջանը մտադիր է ավիառումբեր արտադրել պակիստանյան տեխնոլոգիայով:

Նավթադոլարները, իրոք, գրգռել են ազերիների «ռազմական» ախորժակը. ծրագրվում է նաեւ տանկերի եւ հրետանու ռազմամթերքների, անօդաչու թռչող ապարատների արտադրությունը: Իսկ մինչեւ 2016 թվականը Բաքուն լիահույս է ունենալու իր սեփական ռազմական ուղղաթիռները:

«Նեզավիսիմայա գազետան» հետեւություններ չի անում, թե այդ բոլոր ծրագրերի իրագործումը ինչքանով է իրական, ու, առավել եւս, փորձագիտական կանխատեսումներ չի անում, թե ինչքանով կարող է խախտվել Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի մարտավիճակի հավասարակշռությունը:

Ըստ երեւույթին, դա մե՛ր գործն է:

Ռուբեն Հայրապետյան

Ազգ

2009-27-03

No comments:

Post a Comment