Friday, March 27, 2009

ԱՄՆ-Ը ԱՋԱԿՑՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈ՞ՒՄ

Բրայզայի հարավկովկասյան տուրնեն

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան այնքան հաճախակի է այցելում Հարավային Կովկաս, որ ամերիկյան քաղաքականության մեր տարածաշրջանին վերաբերող գրեթե բոլոր հարցերով, ստեղծված տպավորությամբ, միայն հենց Բրայզան է զբաղվում:

Ամեն դեպքում, մեր հարեւան երկրների` Վրաստանի ու Ադրբեջանի առնչությամբ Բրայզայի այցելությունները որոշակի բացատրություն ու դրսեւորումներ ունենում են, մասնավորապես, առաջինի դեպքում «վարդյա հեղափոխության» բերած «ժողովրդավարությանն է աջակից» Միացյալ Նահանգները, մյուսի դեպքում` ԱՄՆ-ը մեծապես հետաքրքրված է ադրբեջանական նավթով:

Մարտի 25-ին Մեթյու Բրայզայի Հայաստանում հայտնվելը հետաքրքրական ու տարբեր էր ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահական այցելություններից: Ու թեեւ կարելի է ենթադրել, որ Հայաստան այցելությունը ի լրումն էր Վրաստան կատարած այցելության, ամեն դեպքում, Բրայզան դժվար թե հենց այնպես, իմիջիայլոց հայտնվեր Հայաստանում:

«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ մարտի 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, նաեւ նախագահ Սերժ Սարգսյանին:

ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Մեթյու Բրայզան Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ուղերձը, որտեղ պետքարտուղարը, ջերմությամբ հիշելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցը, անդրադարձել է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերություններին, տարածաշրջանային հարցերին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին:

Ուղերձում պետքարտուղար Քլինթոնը պատրաստակամություն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Մեթյու Բրայզան քննարկել են նաեւ արցախյան բանակցային գործընթացին առնչվող հարցեր:

Առավել հավանական է, որ Մեթյու Բրայզան Վրաստան ու Ադրբեջան հաճախակի այցերի գրաֆիկում ներառել է նաեւ Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների թեմային առնչվող ակտիվ խոսակցությունների ֆոնին, թեեւ նույն հաջողությամբ հնարավոր է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փոխում է աշխատաոճը Հայաստանի հետ հարաբերություններում:

Ամեն դեպքում, մարտի 25-ին Բրայզան միայն Հայաստանում չէ, որ հանդիպումներ է ունեցել, այլեւ Վրաստանում, թեեւ հանդիպումների բնույթով հարեւան երկրում Բրայզայի քննարկումները շատ տարբեր են եղել: Ու չնայած Բրայզան Վրաստան էր այցելել դեռեւս մարտի 13-14-ին, վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, մարտի 25-ին նա «չծրագրված» այցելություն է ունեցել ու, մասնավորապես, հանդիպել «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեի, «Ալյանս հանուն Վրաստանի» շարժման նախագահ Իրակլի Ալասանիայի, նաեւ փոխարտգործնախարար Գիգա Բոկերիայի հետ:

Չծրագրված այցելությունը հետեւել է Վրաստանում մի շարք ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալություններին, որոնց լուրջ մեղադրանքներ են ներկայացվում:

Բուրջանաձեն Բրայզայի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին ներկայացվել են այդ ձերբակալություններին առնչվող մանրամասն տեղեկություններ: Ալասանիան իր հերթին նշել է, որ թեեւ ԱՄՆ-ի աջակցությունը «ժողովրդավարական գործընթացներին Վրաստանում անհրաժեշտ է, բայց ելք պիտի գտնեն վրացիները` իշխանության ու ընդդիմության երկխոսության ճանապարհով»:

Հետաքրքրական է, որ Բրայզայի նախկին այցելությունների ընթացքում հանդիպումներ էին տեղի ունենում Վրաստանի նախագահի, արտգործնախարարի հետ, իսկ այս անգամՙ միայն փոխարտգործնախարարի, այն էլ վերջինս որեւէ կերպ չի մեկնաբանել Մեթյու Բրայզայի հետ իր հանդիպումը:

Ստացվում է, որ ապրիլի 9-ին հայտարարված ընդդիմության հանրահավաքը լուրջ իրադարձություն դառնալու միտումներ է ձեռք բերում, երբ այդ հարցին ամենայն աչալրջությամբ հետեւում է նաեւ Վրաստանում ժողովրդավարության համար «իրեն մեծապես պատասխանատու» համարող Միացյալ Նահանգները:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ազգ

2009-03-27

No comments:

Post a Comment