Friday, March 27, 2009

Նրանց Իշխանն էլ է աշխատում

Օրերս ԼՂՀ վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացրել Արցախի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովում եւ հայտնաբերել ֆինանսական լուրջ խախտումներ: Պարզվել է, որ վերոհիշյալ հանձնաժողովը՝ Վաչե Ադամյանի գլխավորությամբ, մի շարք ապրանքներ է գնել՝ «Գնումների մասին» ԼՂՀ օրենքի խախտումներով: Այդ մասին հայտարարվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստում:

Հանձնաժողովի անդամները սեփական աշխատանքը գնահատելու եւ խրախուսելու իրավունք են վերապահել իրենց, մինչդեռ նրանք նման լիազորություններ չունեն: Նրանք կարող են խրախուսվել միայն իրենց այդ պաշտոններում նշանակելու լիազորություն ունեցող ԼՂՀ նախագահի հրամանագրով: Ինքնագնահատումը եւ ինքնախրախուսումը, ըստ ՎՊ նախագահ Արթուր Մոսիյանի, չի թույլատրվում նաեւ աշխատանքային օրենսդրությամբ: ԼՂՀ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը բարձր գներով ձեռք է բերել ապրանքներ՝ օրինակ բջջային հեռախոս, բազկաթոռ, այն դեպքում, երբ դրանք ավելի ցածր գներով նախատեսված էին գնումների անվանացանկով: Պարզվել է, որ հանձնաժողովը 1 բազկաթոռ է գնել 310 հազար դրամով, մինչդեռ անվանացանկում այդ նպատակով նախատեսված էր 154 հազար դրամ: Հանձնաժողովին առաջարկել են երկու բազկաթոռ՝ 154 հազարական դրամով, սակայն վերջինս հրաժարվել է դրանցից` նախընտրելով 310 հազար դրամով գնել մեկը: Հանձնաժողովը ձեռք է բերել նաեւ 311 հազար դրամանոց բջջային հեռախոս, մինչդեռ հանձնաժողովի աշխատակազմի կարիքների համար արդեն իսկ տրամադրված էր 97 հազարանոց Nokia 6300 բջջային հեռախոս: Նիստի ընթացքում նշվել է նաեւ հանձնաժողովի վեբ-կայք ստեղծելու համար ծախսված գումարների մասին: Դրա համար հանձնաժողովը ծախսել է 800 հազար դրամ: ՎՊ նախագահը նաեւ նշել է, որ դա մեծ շռայլություն է, օրինակ, ՎՊ կայքի ստեղծման համար իրենք ծախսել են 4 անգամ ավելի քիչ գումար՝ 200 հազար դրամ:

ՎՊ խորհուրդը ԼՂՀ կառավարությանն առաջարկել է ուժեղացնել վերահսկողությունը բյուջետային մարմինների կողմից գնումների մասին ԼՂՀ օրենսդրության պահանջների անվերապահ կատարման նկատմամբ, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ պետական բյուջեի միջոցների անարդյունավետ եւ ոչ ռացիոնալ օգտագործման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Մեկամսյա ժամկետում հանձնաժողովը պետք է Վերահսկիչ պալատ ներկայացնի գրավոր տեղեկություններ՝ ընթացիկ հաշվետվության մեջ ամրագրված խախտումները վերացնելու վերաբերյալ:

Ստացվում է, որ մի այլ՝ նոր հանձնաժողով պիտի ստեղծել, որ զբաղվի Ղարաբաղի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի գործունեությունը վերահսկելով: Այսինքն՝ յուրաքանչյուր ստուգողի գլխավերեւում ստեղծել մի այլ վերահսկիչ, եւ այդպես շարունակ: Ցավն այն է, որ հիշյալ հանձնաժողովը երեւի թե բացառություն չէ: Պետության բյուջեից առատորեն օգտվող բազում հիմնարկներում կարելի է բացահայտել ավելի խոշոր ֆինանսական խախտումներ:

Գեւորգ Հովսեփյան

Հրապարակ

2009-03-27

No comments:

Post a Comment