Friday, March 27, 2009

Ջերմությամբ հիշելով Սարգսյանին

Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Մեթյու Բրայզային: Հաշված օրեր առաջ Հայաստանում գտնված Բրայզան կրկին վերադարձել է Երեւան` Նալբանդյանին փոխանցելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ուղերձը: Համաձայն ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության, որում ԱԳՆ աշխատակիցները պատասխանատվություն չունեն անգամ Բրայզայի պաշտոնը հայերեն ճիշտ նշելու (Deputy Assistant Secretary), հավանաբար նույն կարգի պատասխանատվությամբ էլ հավաստիացնում են, թե տիկին Քլինթոնն ուղերձում ջերմությամբ է հիշել վերջերս նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցը: Ջերմության պատճառը տեքստից հասկանալի չէ, բայց ակնհայտորեն երկրորդ կոնտակտի կարիք է ծագել, որ Բրայզան գործուղվել է Երեւան: Համենայնդեպս, Բրայզայի կողմից Նալբանդյանին փոխանցված ուղերձում ակնհայտորեն արծարծվել է հայ-ամերիկյան հարաբերություններում առաջնային խնդիրների ողջ սպեկտորը, այն է` "հայ-ամերիկյան բարեկամական հարաբերություններ, տարածաշրջանային հարցեր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններ, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն աջակցելու պատրաստակամություն": Երեւում է` հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը գլխավորում է հենց վերջին կետը, որովհետեւ հանդիպման ընթացքում Նալբանդյանն ու Բրայզան քննարկել են արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացին առնչվող հարցեր:

Հրապարակ

2009-03-27

No comments:

Post a Comment