Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, հայ - թուրքական քաղաքական երկխոսությանը, Հարավային Կովկասում ռազմաքաղաքական զարգացումներին, Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հանդիպմանը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԱՀԿ-ի դերը շուրջ մեկեւկես տասնամյակ ձգվող խաղաղության պահպանման հարցում եւ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի բանակցային ջանքերը: Նա ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը կարեւորել է նաեւ երկրում ժողովրդավարական գործընթացների խորացման ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները մեկ անգամ եւս հավաստում են առկա հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհի անթույլատրելիության մասին` նման մտայնությունը համարելով «վտանգավոր եւ անհեռանկարային»:
Սերժ Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային կառույցների արձագանքը տարածաշրջանի որոշ երկրների կողմից սեփական ռազմական ներուժի աննախադեպ բարձրացման եւ պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ:
Գորան Լենմարկերը դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը եւ ողջունել այդ խնդրի շուրջ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ Հայաստանի նախագահի նախաձեռնած քննարկումը: Նա ողջունել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների գործադրած ջանքերը:
Անդրադառնալով Եվրամիության Արեւելյան գործընկերության նախաձեռնությանը` Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստանի ներգրավումը եւ ընդգծել նախաձեռնության տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը:
Ազատություն
No comments:
Post a Comment