Thursday, February 12, 2009

«Հայաստան» հիմնադրամն արձագանքում է հրապարակմանը

Հետքի փետրվարի 6-ի համարում անդրադարձ  է եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԼՂՀ Մարտակետի շրջանում կառուցած ջրագծին (Տես հոդվածը` Ջրագիծն արդեն մեկ տարի է շահագործվել է, սակայն ջուրը տեղ չի հասել, ): Այն նաեւ պետք է ապահովեր մի քանի գյուղերի ջրամատակարարումը, սակայն գյուղերը այսօր ջուր չեն ստանում: Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամը արձագանքել է հրապարակմանը: «Հիմնադրամի» լրատվության բաժինը մեզ է տրամադրել հետեւյալ  հաղորդագրությունը:

«ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարտակերտ քաղաքի, Մեծ Շեն, Մաղավուզ, Վարնկաթաղ գյուղերի ջրատարի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2008 թվականին: Ջրատարը բաժանված է եղել փուլերի. 1-ին փուլ` ջրաղբյուրից մինչև Թարթառ գետը, 2-րդ փուլ Թարթառ գետից մինչև Մարտակերտ քաղաքը, Աջ ջրագիծ` Մեծ շեն գյուղի խաչմերուկից մինչև Մեծ Շեն գյուղը  և Ձախ ջրագիծ` Մեծ Շեն գյուղի խաչմերուկից մինչև Մաղավուզ Վարնկաթաղ գյուղերը:

Առաջին և երկրորդ փուլերը շահագործման են հանձնվել 2008թ ապրիլ ամսին: Աջ և Ձախ ջրագծերը շահագործման են հանձնվել 2008թ. սեպտեմբեր ամսին:

Շահագործման ընթացքում ջրատարի վրա ի հայտ են եկել որոշ բացթողումներ, որոնք արդեն իսկ վերացվել են կապալառուների կողմից: Թերությունների վերացման համար կապալառուներին գումարներ չեն վճարվել, քանի որ այս ծրագրերը դեռևս գտնվում են ետ ավարտական ժամանակահատվածում:

Գյուղերում հիմնականում ջուր չլինելու պատճառը գյուղերի ջրամատակարարման ներքին ցանցերի բացակայությունն է: Ծրագիրը կազմելիս ԼՂՀ նախկին կառավարության հետ պայմանավորվածություն է եղել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվելու են մոտեցնող ջրատարները, իսկ գյուղերի և Մարտակերտ քաղաքի ներքին ցանցերի վերակառուցումը իրականացնելու էր ԼՂՀ կառավարությունը: Հիմնադրամի կողմից կառուցված ջրատարներով ջուրը հասցվել է մինչև վերոհիշյալ գյուղերի և Մարտակերտ քաղաքի գոյություն ունեցող ջրամբարները:

Ներկա դրությամբ Մարտակերտ քաղաքը նույնպես լիարժեք ապահոված չէ ջրով, քանի որ դեռ չեն ավարտվել քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի աշխատանքները, որոնք իրականացվում են ԼՂՀ կառավարության կողմից:

Կատարված աշխատանքների հետավարտական երաշխիքային ժամկետները ավարտված չեն, և ջրատարի վրա առաջացող յուրաքանչյուր թերություն կվերացվի կապալառուների կողմից, առանց լրացուցիչ գումարների տրամադրման»:

www.hetq.am

09.02.2009

No comments:

Post a Comment