Wednesday, January 28, 2009


Հայտնի է, որ մինչև 1998 թ. Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ՀՀ-ի վարած ողջ դիվանագիտությունն ուղղվում էր ԼՂՀ-ն միջազգային քաղաքականության սուբյեկտ դարձնելուն և նրա դիրքերն ամրապնդելուն: 1992թ.ին ձեւավորված Մինկի խումբը բանակցային շրջանառության մեջ մտցրեց «Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքներ» հասկացությունները, որը հնարավորություն տվեց Արցախին մասնակցել բանակցություններին «որպես շահագրգիռ կողմ» (դարձյալ Մինսկի խմբի եզրաբանությունից): Մյուս կողմից Արցախը որպես բանակցությունների լիիրավ կողմ հանդես եկավ 1993-1994թթ.-ին Ռուսաստանի հովանու ներքո անցկացվող եռակողմ բանակցություններում: Այսինքն` կարելի է արձանագրել, որ Արցախը 1992-1998թթ. բանակցային գործընթացների արդյունքում կուտակել էր դիվանագիտական նշանակալի ներուժ, որը միանգամայն պիտանի էր հետագայում ԼՂՀ-ն` որպես բանակցային կողմ հանդես գալու հավակնությունը հիմնավորելու համար: Սակայն 1998 թվականից ի վեր, Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալով, փոխվեց Արցախյան հարցի կարգավորման գործընթացի ողջ տրամաբանությունը:

Պաշտոնավարման սկզբից ի վեր Ռոբերտ Քոչարյանն իր վրա վերցրեց ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ շահերից հանդես գալու պարտավորությունը՝ իբրև կարևորագույն փաստարկ ներկայացնելով իր ղարաբաղյան ծագումը (ինչպես նաև նախկինում ԼՂՀ նախագահ լինելու հանգամանքը) եւ զրկելով ԼՂՀ-ն անգամ իբրև ԼՂ հայկական համայնք հանդես գալու` մինչ այդ առկա կարգավիճակից: Հայաստանյան դիվանագիտությունն այդ քայլը սովորաբար հիմնավորում է բանակցային գործընթացի տրամաբանությամբ եւ միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ն` որպես բանակցային ինքնուրույն կողմ ճանաչելու մերժմամբ, սակայն փաստերը վկայում են այդ հիմնավորման սնանկության մասին:

Մասնավորապես, 2005թ-ին ԵԽԽՎ-ի կողմից առաջարկ եղավ բանակցություններն իրականացնել ուղղակիորեն Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև՝ հանձինս խորհրդարանական պատվիրակությունների, ինչը, սակայն, անուղղակիորեն մերժվեց ՀՀ-ի կողմից՝ հաստատելով Հայաստան-Ադրբեջան բանակցային ֆորմատը (նախագահների մակարդակում): Այդ մերժման տրամաբանական հետեւանքը դարձավ 2008թ.ի Մայնդորֆյան հռչակագրում ԼՂՀ ստորագրության բացակայությունը, որը վերջնականորեն հաստատագրեց, որ հակամարտող կողմեր են ճանաչվում միայն Հայաստանը և Ադրբեջանը: Իսկ դրանից հետո Հելսինկիիում համանախագահների հայտարարությունները բանակցային գործընթացի մասին բացահայտեցին Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրության վերաբերմունքի արմատական փոփոխությունը, այն է` ԼՂ հարցը ինքնորոշման իրավունքից, անկախության ճանաչումից աստիճանաբար վերածվեց վիճելի տարածքներում բնակվող էթնիկ համայնքի անվտանգության ապահովման (ԼՂԻՄ-ի սահմաններում խաղաղապահ ուժերի ներքո):

Հայաստանյան հասարակությունը բավականին հանգիստ ընդունեց 1998թ.-ի շրջադարձը` ենթադրելով, որ ամեն դեպքում հակամարտության լուծման ՀՀ եւ Արցախի դիրքորոշումները լիովին համընկնում են: Այդ ենթադրության օգտին էր նաեւ խոսում Արցախի իշխանությունների գրեթե տասնամյա լռությունը: Սակայն սկսած 2008թ. դեկտեմբերից Արցախի իշխանությունների (նախագահ, խորհրդարանական խմբակցություններ, վարչապետ, պաշտպանության նախարար եւ այլն) հրապարակային ակտիվացումը (մասնավորապես, ազատագրված տարածքների հնարավոր վերադարձը) պատճառ դարձավ, որ հասարակական օրակարգ վերամտնի հետեւյալ հարցը. «Ի՞նչ հիմքերով է ՀՀ իշխանությունը ներկայացնում Արցախի շահերը Մինսկի խմբի ձեւաչափով»:

Հայտարարելով, որ «Հայաստանի Հանրապետությունը կճանաչի ԼՂ հակամարտության լուծման ցանկացած տարբերակ, եթե այն ընդունելի լինի Արցախի ժողովրդի կողմից»` Հայաստանի Հանրապետությունը փաստացիորեն ճանաչում է Արցախը որպես քաղաքական սուբյեկտ: Սակայն միջազգային իրավունքի նորմերի համաձայն` սուբյեկտների մակարդակում ցանկացած լիազորությունների պատվիրակումը պետք է տեղի ունենա միջպետական իրավական ՓԱՍՏԱԹՂԹԻ հիման վրա (պայմանագիր, համաձայնագիր եւ այլն): Միեւնույն ժամանակ, նման փաստաթղթի բացակայությունը վկայում է կամ մի սուբյեկտի կողմից մյուսի իրավունքների ուզուրպացիայի կամ էլ սկզբնական թեզի (ՀՀ կողմից Արցախը որպես սուբյեկտ ճանաչելու) կեղծ լինելու մասին:

Առաջնորդվելով անմեղության կանխավարկածով եւ ենթադրելով, որ Հայաստանի իշխանությունների համար գերակա է սեփական բանակցային դիրքորոշումները ԼՂՀ-ի` որպես սուբյեկտի հետ համաձայնեցումը` մենք կարծում ենք, որ պետք է գոյություն ունենա մի իրավական փաստաթուղթ, որով ԼՂՀ իշխանությունները լիազորում են ՀՀ իշխանություններին` ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին ներկայացնել նաեւ Արցախը: 

Ելնելով դրանից` մենք Հայաստանի Հանրապետության նախագահից եւ ԱԳ նախարարից պահանջում ենք.

Մեկ շաբաթվա ընթացքում հրապարակել խնդրո առարկա փաստաթուղթը` պատասխանելով, մասնավորապես հետեւյալ հարցերին.
1. Ովքե՞ր են կնքել այդ փաստաթուղթը եւ ինչպիսի՞ ժամկետով:
2. Փոխադարձ իրավունքների, պարտավորությունների եւ սկզբունքների ի՞նչ շրջանակ է այն ներառում:

Ռազմավարական քաղաքականության ակումբ
26.01.2009թ.

No comments:

Post a Comment