Wednesday, January 28, 2009

Հետաքրքրության պակաս. ԼՂՀ «այլընտրանքային» թերթը փակվում է, խմբագիրը մեղադրում է հասարակական անտարբերությունը

Հինգ տարեկան «Դեմո» ղարաբաղյան թերթի վերջին համարը լույս տեսավ 2008 թ. դեկտեմբերի 30-ին: Գլխավոր խմբագիրն ասում է, որ թերթը փակվում է ոչ թե ֆինանսական, այլ հետաքրքրության բացակայության պատճառով:

«Մեզ ոչ ոք չի ստիպել, որ փակվենք: Մեր խնդիրները, նաև` ֆինանսական, ցանկության դեպքում լուծելի էին: Բայց հենց դա է մեր գլխավոր խնդիրը` աշխատանքը շարունակելու ցանկության բացակայությունը»,- ասում է Գեղամ Բաղդասարյանը:

Ըստ նրա` Ղարաբաղում քաղաքական ընդդիմության և այլընտրանքային մամուլի բացակայության պայմաններում «Դեմոն» ստանձնել էր քաղաքական բեմահարթակի դեր: ԼՂՀ-ում (որն ունի ընդամենը մոտ 135,000 բնակչություն) լույս է տեսնում մոտ երկու տասնյակ թերթ, բայց դրանք բոլորը հրատարակվում են կամ պետական, կամ տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմամբ, որոնք իշխող կոալիցիայի անդամ են:

«ԼՂՀ տեղեկատվական դաշտի միաբևեռության պայմաններում երբեմն ստիպված էինք լինում խախտել հավասարակշռությունը և նախապատվությունը տալ բացասական, քննադատական նյութերին, որովհետև մյուս թերթերը գրում են միայն դրականի մասին: Ամենակարևորն այն է, որ մեզ հաջողվեց ապահովել մեր ժողովրդին այլընտրանքային տեղեկատվության աղբյուրով»,- ասում է Բաղդասարյանը:

Այդուհանդերձ, ինչպես նշում է խմբագիրը, հասարակությունը անտարբերություն էր ցուցաբերում այլընտրանքային տեղեկատվության աղբյուրների նկատմամբ: Մարդիկ անվերապահորեն վստահում են իշխանություններին, և պաշտոնական տեսակետից տարբերվող ցանկացած կարծիք դիտարկվում էր որպես սպառնալիք միասնության նկատմամբ:

«Դեմոն» հրատարակվում էր ամիսը երկու անգամ` 800-1000 օրինակով և արժեր 100 դրամ:

2007 թ. նախագահական ընտրությունների ժամանակ գլխավոր քաղաքական ուժերը` և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական, պաշտպանում էին Բակո Սահակյանի թեկնածությունը, ով ընտրվեց նախագահ: Նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, անկախ իր կամքից, դարձավ արմատական ընդդիմության կողմնակից, թեև նրա տեսակետը հեռու էր արմատական լինելուց: Այդ ժամանակից սկսած` պաշտոնական տեսակետից տարբերվող ցանկացած կարծիք Ղարաբաղում դիտարկվում էր որպես սադրանք: Այս ֆոնի վրա «Դեմոն» միակ թերթն էր, որը Ղարաբաղի ընթերցողներին այլընտրանքային կարծիք էր ներկայացնում, այլ խոսքով` տեղեկատվություն ոչ հօգուտ նախագահի:

«Մեզ այնքան պիտակներ են փակցրել` էլ ընդդիմություն, էլ արևմտամետ... Սակայն մենք` լրագրողներս, կարիք չունենք արդարանալու, քանի որ գիտենք, որ առավելագույնս աշխատել ենք հօգուտ հասարակության»,- ասում է «Դեմոյ»-ի թղթակից Կարինե Օհանյանը:

Իշխանությունները չէին կարող փակել թերթը, քանի որ այն ֆինանսապես կախված չէր նրանցից: Սակայն միևնույն ժամանակ թերթը երբեք չի ստացել պետական աջակցություն: ԼՂՀ օրենսդրության համաձայն` մոտ 50 մլն դրամ (162,000 դոլար) է դրվել պետբյուջե` աջակցելու ՀԿ լրատվամիջոցներին: Առաջին տարում համապատասխան օրենքն ընդունելուց հետո (2006 թ.) «Դեմոն» ստացել էր իր բաժին աջակցությունը: Ինչևէ, 2007 և 2008 թթ. այս կամ այն ենթատեքստով նրան մերժել էին աջակցել: Հինգ տարի թերթը ֆինանսավորվել է բրիտանական «Հաշտեցման աղբյուրներ» կազմակերպության կողմից:

Karabakh-Open.com ինտերնետային թերթը, որը նույնպես երբեք չի ստացել պետական աջակցություն, ստիպված էր փակվել 2008 թ. հունիսին` նույն պատճառով` հետաքրքրության պակասի:

Ղարաբաղում լույս տեսնող թերթերից քիչ թե շատ «պարբերականը» «Ազատ Արցախ» պաշտոնաթերթն է: Մյուսները շաբաթը մեկ անգամ են հրատարակվում: Դրանց մեծ մասը ֆինանսավորվում է պետական ինստիտուտների (օրինակ` «Լուսարար» թերթը ֆինանսավորվում է կրթության նախարարության, իսկ «Մարտիկը»` պաշտպանության նախարարության կողմից) կամ քաղաքական կուսակցությունների կողմից: Հետևաբար, այլընտրանքային կարծիք հազիվ թե գտնվի նրանցում:

«Նման պայմաններում տարբեր գաղափարներ և կարծիքներ, որ մենք ներկայացրել ենք, քննադատության են ենթարկվել, քանի որ մենք ենք դրանք առաջարկել: Հարց է ծագում` մեր աշխատանքն օգտակա՞ր է, թե՞ վնասակար: Սարսափելի է նույնիսկ բարձրաձայնել, բայց Ղարաբաղը տեսել է պատերազմ, անթիվ դժբախտություններ, ունեցել անկախության հռչակագիր, սակայն չունի հասարակական կարծիք»,- ասում է Բաղդասարյանը:

Պետական աշխատող Սուրեն Միրզոյանն ասում է, որ «Դեմոն» երբեմն չափազանց քննադատական էր. «Բայց միայն այդ թերթն էր իրական տեղեկատվություն մատուցում, սթափ մեկնաբանություններ, բավական լավ վերլուծություններ: Պատահական չէ, որ թերթն արագ էր սպառվում»:

«Դեմո»-ի խմբագրակազմը ծրագրում է հրատարակել քաղաքագիտությանն առնչվող ամսագիր: Այժմ նախապատրաստվում է ամսագրի առաջին համարը, որում տեղ կգտնեն հայտնի փորձագետների և քաղաքագետների վերլուծություններ: Այդուհանդերձ, «Դեմո»-ի լրագրողական անձնակազմը հուսով է, որ Ղարաբաղը կունենա ոչ միայն հասարակական թերթ, այլև այնպիսի հասարակական շարժում, որը կունենա Ղարաբաղի շահերին առնչվող և դրանց հասնելու ճանապարհների սեփական կարծիքը:

Նաիրա Հայրումյան

23.01.2009

No comments:

Post a Comment