Wednesday, January 28, 2009

ՁԱԽՈՂՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվ այսպես, հունվարի 27-ին, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվելու է Հայաստանին ձայնից զրկելու խնդիրը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Դավոսում կրկին կփորձեն գտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին: Որ նախագահները համաձայնել են հանդիպման՝ անսալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին, հաստատել են թե՜ Բաքվում, թե՜ Երևանում:

Ընդհանուր առմամբ, ակնկալելի էր, որ բանակցող կողմերը մինչբանակցային ժամանակահատվածը պիտի օգտագործեն «պուպուշ» հայտարարությունների համար՝ ասենք, վերաբերող Մադրիդյան սկզբունքներին հավատարմությանը կամ փոխզիջումների անհրաժեշտությանը: Սա դիվանագիտական կանոն է, և կիրառումն ընդամենը «լավ դաստիարակության» նշան է:

Իրականում, դավոսյան բանակցությունները լինելու են ոչ այլ ինչ, քան տուրք նույն այդ դիվանագիտական էթիկայի նորմերին: Կողմերը ոչինչ չունեն միմյանց ասելու՝ բացի նախկինում հնչեցրած և փոխադարձաբար առայժմ անընդունելի սկզբունքներից: Համենայնդեպս, դժվար է պատկերացնել, թե Իլհամ Ալիևն ինչո՞վ կարող է զարմացնել Սերժ Սարգսյանին, կամ վերջինն ի՞նչ անակնկալ կարող է մատուցել Ադրբեջանի նախագահին:

Որ գոնե ադրբեջանական կողմը բանակցային գործընթացում որևէ սկզբունքային նորարության պատրաստ չէ` հասկանալի է ոչ միայն այդ երկրում իրականացվող լրատվական տեռորից, այլև` պետական պաշտոնյաների շուրթերով արտաբերվող «մեսիջներից»: Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով Դավոսում նախանշված հանդիպմանը, հայտարարել է, թե Բաքուն համաձայն է անխտիր բոլոր փոխզիջումներին, սակայն միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում և հարկադիր տեղահանվածների վերադարձի պայմանով: Ոչ դիվանագիտական լեզվով սա կոչվում է «ջուր պղտորել»:

Հասկանալի է, որ մեկ օրում կամ մեկ ժամում Ադրբեջանը չի կարող դիրքորոշում փոփոխել, քանի որ բավական է, որ պաշտոնական Բաքվի ջանքերով գազազած ամբոխը զգա, որ այս ճակատում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, Իլհամ Ալիևին կհոշոտեն այն նույն ինքնամոռացությամբ, որով ժամանակին պատմության գիրկն ուղարկվեց Աբուլֆազ Էլչիբեյը: Պարզ է նաև, որ գոնե ներսում կայունություն պահպանելու համար ադրբեջանական կողմը պիտի դիմի տեղեկատվական որոշակի հնարքների՝ սեփական անպարտելիության առասպելը կենդանի պահելու հասկանալի մղումով:

Այսուհանդերձ, ակնառու հակասությունները, որ կան հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ի հայտ են գալիս ոչ միայն դիրքորոշումների, այլև բուն բանակցային գործընթացին վերաբերող հրապարակային ելույթներում: Մի կողմից, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Մադրիդյան սկզբունքների հիման վրա ներկայացրել են առավել ճշգրտված առաջարկներ, մյուս կողմից` ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը պնդում է, թե դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և, հետևաբար, Մամեդյարովը ստում է:

Ասվածից կարելի է հետևություն անել, որ բանակցային գործընթացում ոչ միայն դրական տեղաշարժ չի գրանցվել, այլև չի էլ կարող գրանցվել: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները բուտաֆորիա են՝ ծուխ, որը նախատեսված է եվրոպական դիվանագետների աչքերին փչելու և խաղաղության պատրանք ստեղծելու համար: Իսկ դրան զուգահեռ, Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում շարունակում են կրակահերթեր հնչել՝ պարբերաբար միջազգային դիվանագիտական կապիկության զոհ դարձնելով հերթական զինվորին՝ լինի նա հայ, թե` ադրբեջանցի:

Ըստ էության, ստեղծված փակուղային իրավիճակից դուրս գալու տրամաբանական միակ տարբերակը բանակցային նոր (հին) ձևաչափն է: Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, թե դուրս է գալիս բանակցություններից (ոչ գործընթացից)՝ տեղը զիջելով հակամարտության իրական կողմին՝ Ստեփանակերտին, քանի որ վերջինն ունի Բաքվին համարժեք սուվերենության աստիճան: Միայն այս կերպ է հնարավոր սրբագրել ճակատագրական այն հիմարությունը, որը ժամանակին Երևանին ստիպեց ԼՂՀ-ն դուրս մղել բանակցություններից, հայ-ադրբեջանական հակամարտությունը վերածել Հայաստան-Ադրբեջան առճակատնման, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը դարձնել սոսկ տարածքային վեճ: Այլ տրամաբանություն լինել չի կարող:

Ազատամտություն

ԼԵՎՈՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ

23.01.2009

No comments:

Post a Comment