Wednesday, January 28, 2009

«Լ.Տեր-Պետրոսյանի տված ժամանակը Ս.Սարգսյանը չօգտագործեց խոհեմ կերպով»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցն ավարտվեց կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերմամբ` հունվարի 27-ին Ցյուրիխում նախատեսված է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ադրբեջանցի իր գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ, իսկ հաջորդ օրը Դավոսում կայանալիք տնտեսական համաժողովի շրջանակներում ծրագրված է Սարգսյան-Ալիեւ այս տարվա առաջին հանդիպումը:

Հազիվ թե Դավոսը բեկումնային դառնա ղարաբաղյան կարգավորման պատմության մեջ, մանավանդ այն պարագայում, երբ պաշտոնական Երեւանը՝ արտգործնախարարի շուրթերով, փաստեց, որ նույնիսկ համանախագահների հայտարարությունների առումով, թե այս տարվա առաջին կիսամյակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ «շրջանակային համաձայնագիր» կարող է ստորագրվել` «պետք է զգույշ լինել»: Ասել կուզեն` կարգավորման գործընթացը բազմաթիվ հանգրվաններ է անցել` Քի Վեսթ, Ռամբույե, Պրահա եւ այլն...

Այնուամենայնիվ, երեկ փորձեցինք փորձագետներից ճշտել, թե Դավոսում կայանալիք բանակցություններից ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ եւ արդյո՞ք այս օրերին` ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել-չզրկելու խնդիրը, կարող է կապ ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի այս փուլում ինչ-ինչ պայմանավորվածությունների ձեռքբերման հետ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը նախ նկատեց, որ բավականին ժամանակ էր անցել համանախագահների նախորդ այցից հետո, բանակցային գործընթացը, կարծես, «օդում կախված» վիճակում էր հայտնվել. «Կողմերը սկսել էին կոշտ հայտարարություններ անել, սկսել էին Մոսկովյան հռչակագիրը մեկնաբանել իրենց հարմար ձեւով, եւ բնական է, որ պրոցեսը օդում կախվեց, եւ կարելի է ասել, որ պիտի գար մի պահ, որ նրանք այցելեին տարածաշրջան եւ կոնկրետացնեին` կարո՞ղ է պրոցեսը շարունակվել, թե՞ ոչ: Այն հանգամանքը, որ այս ամսվա վերջին սպասվում է ԵԽ-ի որոշում` երեւի թե նշանակություն ունի, գուցե կան մտադրություններ օգտագործել Հայաստանի իշխանությունների բարդ վիճակը, ինչ-որ կերպ համոզել, ինչպես իրենք են ասում` «մեկ քայլ առաջ» կատարել Ղարաբաղի խնդրում: Սակայն ես կարծում եմ` դրանք կարող են ընդամենը լինել մտադրություններ, բայց իրավիճակը այնպիսին չէ, որ կարելի լինի կոնկրետ սպասելիքներ ունենալ Դավոսի բանակցություններից: Երեւի, հերթական մի հանդիպում կլինի: Այսպես, թե այնպես, մտադրությունները մի բան են, իսկ կոնկրետ իրականությունը` այլ բան, եւ ես չեմ տեսնում, որ կա այնպիսի իրավիճակ, որը կհանգեցնի լուրջ որոշման»: Ինչ վերաբերում է այս տարվա առաջին կեսին «շրջանակային համաձայնագիր» ստորագրելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակնկալիքներին, ապա Մանվել Սարգսյանը նկատեց. «Կապրենք-կտեսնենք, առայժմ ընդամենը խոսակցություններ են, դա նույնպես կարող է մի ինչ-որ շրջանակային համաձայնություն լինել, որը իրականում սպիտակ թուղթ լինի, ինչպես` Մոսկովյան հռչակագիրը»:

Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, թե ուղիղ կապ չի տեսնում ԵԽԽՎ-ում քննարկման եւ Դավոսում կայանալիք հանդիպման միջեւ, քանի որ ընդունված պրակտիկա է, որ հանդիպումները կազմակերպվում են առաջին դեմքերի միջեւ միջազգային կառույցի որեւէ հարմար միջոցառման շրջանակներում. «Այստեղ հարցականներ է առաջացնում առհասարակ Հայաստանի մասնակցությունը ֆորումին, ես տեղյակ չեմ եւ չկա որեւէ պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Սերժ Սարգսյանը որեւէ այլ հանդիպումներ էլ կունենա, իսկ եթե նման հանդիպումներ նախատեսված չեն, ուրեմն Սերժ Սարգսյանը մեկնում է Շվեյցարիա զուտ Ալիեւի հետ հանդիպելու նպատակով»: Վ.Կարապետյանը ուշադրություն է հրավիրում այն ֆոնին, որը ձեւավորվել է Մոսկովյան հռչակագրի լույսի ներքո. «Այն թեեւ նախատեսում էր որոշակի մթնոլորտի փոփոխություն, համենայնդեպս Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների մեղմացում էր ակնկալում, սակայն այդ ակնկալիքները չեն արդարացվել, այսպես ասած` փաստաթուղթը չի դարձել նշանակալի նվաճում մեր կողմի համար, հետեւաբար՝ անհրաժեշտություն կա գնահատականի: Այսինքն` Սերժ Սարգսյանը ստորագրել է մի փաստաթուղթ` 1994 թվականից հետո առաջին անգամ, երբ Ղարաբաղի ստորագրությունը չկա, իսկ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները` չստանալով որեւէ պատասխան Հայաստանի կողմից»: Վ.Կարապետյանը՝ որպես հայկական կողմի պատասխան, դիտարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հելսինկիում, սակայն դա բավարար մակարդակ չհամարեց. ՀԱԿ ներկայացուցիչը կարծում է, որ եթե Ի.Ալիեւն է նման հայտարարություններով հանդես գալիս, ապա դրան պետք է արձագանքի Հայաստանի առաջին դեմքը: «Հաջորդ հանգամանքը Հայաստանի` թուլացված վիճակում բանակցությունների գնալն է, այսօր Հայաստանը պատժամիջոցների սպառնալիքի տակ է, եւ դա չի կարող իր անդրադարձը չունենալ դիրքերի վրա, որով Սերժ Սարգսյանը նստելու է բանակցություններին: Ցավոք, Տեր-Պետրոսյանի կողմից այն ժամանակաշրջանը, որը տրված էր Սերժ Սարգսյանին՝ ամրապնդվելու եւ ավելի շահեկան դիրքերից ներկայացնելու մեր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հարցում, Ս.Սարգսյանը չի օգտագործել խոհեմ կերպով եւ հերթական բանակցությունների փուլին ներգրավված է լինելու՝ լքված միջազգային հանրության կողմից, եւ սա կարող է ունենալ որոշակի հետեւանքներ, իսկ այն, որ Ադրբեջանը ամեն բան կանի, որ օգտվի Հայաստանի նման իրավիճակից` կասկած չի հարուցում»: Ինչ վերաբերում է կոնկրետ Դավոսի բանակցություններից ակնկալվող արդյունքներին, ապա Վ.Կարապետյանը նշեց. «Հաշվի առնելով Ադրբեջանի հայտարարությունների կոշտացումը եւ դրանց չարձագանքելը հայկական կողմից` ես չեմ տեսնում, որ կողմերը որեւէ համաձայնության կգան: Դրան գումարվում է նաեւ որոշակի բեւեռացումը միջնորդ երկրների դիրքորոշումներում»:

Ժամանակ Երեւան

Էմմա Գաբրիելյան

24.01.2009

No comments:

Post a Comment