Wednesday, January 28, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցի ընթացքում կատարած հայտարարությունները բանակցությունների շարունակումից զատ որեւէ կոնկրետ արդյունք չեն խոստանում հակամարտության կողմերին եւ միջնորդ երկրներին:

   Այս ամենի հերթական ապացույցը համանախագահների այցից Ադրբեջանի ու Հայաստանի ակնկալիքների ակնհայտ տարբերությունն է: Երբ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հույս է հայտնում, որ մինչեւ ամառ հնարավոր կլինի հասնել շրջանակային համաձայնագրի դրույթների վերջնական ձեւակերպմանը եւ նույնիսկ ստորագրմանը, Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը կրկին ասպարեզ է նետում հերթական կեղծիքը. ՙՀամանախագահները մեզ ներկայացրել են որոշ լրացումներ հիմնարար սկզբունքներում, մենք հիմա դրանց վրա աշխատանք ենք տանում... Ադրբեջանը պնդում է հետեւյալ դիրքորոշումը՝ օկուպացված տարածքների ազատագրում, հարկադրաբար տեղահանվածների վերադարձ, եւ հակամարտության կարգավորում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՚:

   Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ներկայացված սկզբունքները հերթական անգամ ռեւիզիայի ենթարկելու եւ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու պաշտոնական Բաքվի ցանկության նոր արտահայտություն, քանի որ, ինչ-ինչ, գոնե Մադրիդյան սկզբունքների բովանդակությունը այլեւս գաղտնիք չէ որեւէ մեկի համար:

   Նման պայմաններում Հայաստանի արտգործնախարարը հունվարի 21-ի իր մամլո ասուլիսի միջոցով կասեցնում է բանակցային գործընթացի բովանդակությունը խեղաթյուրելու փորձերը եւ կասկած է հայտնում մինչեւ ամառ պայմանավորվածությունների հանգելու հավանականության շուրջ: Ավելին՝ Էդ.Նալբանդյանը իր բանակցային գործընկերոջը անգամ մեղադրում է երեսպաշտության համար, քանի որ ՙԱդրբեջանը փաստորեն վարում է բանակցությունները Մադրիդյան առաջարկների հիման վրա, չնայած ամեն տեղ իրենք հայտարարում են ուրիշ բաներ՚:

   Ստացվում է, որ մինչեւ ամառ պայմանավորվածության հասնելու հեռանկարը իրական չէ, քանզի Հայաստանը հավատարիմ է Մադրիդյան սկզբունքներին, իսկ Ադրբեջանի ղեկավարները ցանկանում են դրանք ռեւիզիայի ենթարկել:

   Ավելին՝ Հայաստանի ղեկավարությունը արտգործնախարար Էդ.Նալբանդյանի բերանով հունվարի 21-ին սեփական երկրի ու Լեռնային Ղարաբաղի հասարակությանը հավաստիացրել է, որ հնարավոր պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո էլ մտադիր չէ վերջնական որոշում կայացնել Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի թիկունքին: Միայն նրանից հետո, ՙերբ կլինի աջակցություն ժողովրդի կողմից, այն ժամանակ ղեկավարությունը կկարողանա գնալ ինչ-որ որոշումների՚:

   Այս փաստը գալիս է վկայելու, որ Ղարաբաղի հարցում հայ դիվանագիտության դիրքերը ամուր են, ուստի Հայաստանի ղեկավարությանը չեն անհանգստացնում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճնշումները:

   Հայաստանի արտաքին քաղաքականության ՙամրության պաշարը՚ նկատելիորեն մեծացել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարթության վրա: Էդ.Նալբանդանն ընդգծել է, որ Երեւանը մտադիր չէ որեւէ զոհողության գնալ հանուն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման. ՙԹուրքիան մեզ դրանով լավություն չի անում. նրան ոչ պակաս չափով է պետք սահմանների բացումն ու հարաբերությունների կարգավորումը՚: Էդ.Նալբանդյանը հավաստիացրել է, որ Հայաստանը Սփյուռքից չի խնդրել եւ չի խնդրի դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

   Ուստի, թեեւ այսօր ՙանհրաժեշտ է թերթել անցյալի սեւ էջը, բայց ոչ մոռանալ անցյալի դասերը: Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել եւ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը՚:

   Հակադարձելով վերջերս իր թուրք գործընկեր Ալի Բաբաջանի դրսեւորած կեղծ լավատեսությանը, Էդ.Նալբանդյանը նրան կրկին հասկացրել է, որ Թուրքիան ինքը պետք է հրաժարվի պայմաններ թելադրելու քաղաքականությունից եւ ՙՀայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի առանց նախապայմանների, եթե կատարի մի քայլ, որին սպասում են ոչ միայն Հայաստանում եւ Թուրքիայում, այլեւ ամբողջ աշխարհում՚:

   Այսպիսով, ինչպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների հարցում հայ դիվանագիտությունը 2009 թվականի ընթացքում նահանջելու մտադրություն չունի:

   Հաշվի առնելով մի կողմից՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող սառնության նախանշանները, մյուս կողմից՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման եւ դրական լուծման հավանականությունը, Հայաստանն ինքն է կառուցողականության նոր տարրեր ակնկալում իր բանակցային գործընկերների մոտեցումներում: Սա պայմանավորված է նրանով, որ ռուս-ուկրաինական վերջին ՙգազային պատերազմից՚ հետո մեր երկիրը վերստին հայտնվել է Հարավային Կովկասի ռազմաքաղաքական վերահսկողության համար ծավալվող սուր դիմակայության առանցքային օղակի դերում: Ռուսաստանի համար Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նման ռազմավարական ՙհենակետի՚ ամրապնդումը կրկին դարձել է հարավկովկասյան էներգետիկ միջանցքը ՙաքցանի՚ մեջ պահելու եւ իր բանակցային գործընկերներին զիջումների մղելու փաստորեն միակ շոշափելի հնարավորությունը:

   Այս հանգամանքի գիտակցումը առաջիկայում ստիպելու է Եվրամիության պաշտոնյաներին հրաժարվել Հայաստանին ԵԽ ԽՎ-ի կոշտ բանաձեւերի միջոցով ՙանկյուն մղելու՚, այսինքն՝ վերջնականապես Ռուսաստանի գիրկը հրելու փորձերից:

Հայոց Աշխարհ

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 

23.01.2009

No comments:

Post a Comment