Հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները: Հայաստանի կառավարությունը՝ հակամարտության ավարտից 14 տարի անց, տեղահանված մարդկանց իրենց բնակավայրերը վերադարձնելու ծրագիր է մշակել:
Սակայն ռմբակոծումների վտանգի տակ գտնվող սահմանամերձ գյուղերի բնակիչների համոզմամբ՝ իշխանությունների մշակած փոխհատուցման ծրագիրը ոչ մի արժեք չի ունենա առանց անվտանգության երաշխիքների:
Կառավարության ծրագրի համաձայն՝ Չինարիում եղած յուրաքանչյուր տան վերականգնման համար հատկացվելու է 7 հազար 700 ԱՄՆ դոլար-ին համարժեք դրամ:
՚Պետք է վերականգվեն 16 հազար 493 վնասված տներ: Սա ոչ միայն վերադարձողների համար, այլ նաեւ նրանց, ովքեր ապրում են այնտեղՙ,-ասում է Հայաստանի Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:
Ծագման բնավայր վերադառնալ համաձայնվողները ոչ միայն նորոգված տներ կստանան, այլեւ օժանդակություն: Տրանսպորտային ծախսերի համար ընտանիքի յուրաքանչյուր անդամը կստանա ԱՄՆ 45 դոլար: Բացի դրանից, վերաբնակեցվող ընտանիքը կստանա սերմացու եւ որոշակի գործիքներ գնելու համար 600 ԱՄՆ դոլարի չափով եւ միանվագ նպաստ` 105 ԱՄՆ դոլարի չափով:
Կառավարական ծրագրի արժեքը կազմում է մոտավորապես 40 մլն ԱՄՆ դոլար: Այն ունի երկու բաղադրիչ՝ վերաբնակեցում եւ վնասված տների վերականգնում: Այս ծրագրի միջոցով պատրաստվում են վերակենդանացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գտնվող կիսալքված բնակավայրերը:
Սա կարծես թե պետք է ուրախալի լինի գյուղի բնակչության համար: Չինարին Հայաստանի սահմանամերձ գյուղերից ամենաշատն է գնդակոծվում ադրբեջանական բանակի կողմից: Գյուղի բնակիչների կարծիքով՝ իրենց տները թողած նրանց համագյուղացիները հազիվ թե համաձայնվեն ետ վերադառնալ, նույնիսկ նյութական օգնություն դեպքում:
՚Հարցնում եմ երեխաներին, ուզու՞մ եք գնաք ուրիշ տեղ ապրելու, ասում են եթե կրակոց չլինի, մեր գյուղը լավն էՙ,- ասում է Գյոզալը:
Ադրբեջանական հենակետերը Չինարիին շատ մոտ են՝ գյուղի դիմացի բլրի վրա: Գյուղի հողատարածքների 90 տոկոսը կրակի տակ է: Միայն հողերի 10 տոկոսն է, որ մարդիկ հանգիստ կարող են մշակել: Այս տարվա հունիսին ադրբեջանցի դիպուկահարը Չինարիում մի երիտասարդ գյուղացու սպանեց:
՚Այդ դեպքից հետո արդեն երեք ընտանիք տեղափոխվել է գյուղիցՙ,- ասում է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Համաձայն Հայաստանի Զինված ուժերի օպերատիվ վարչության սահմանապահ ներկայացուցչության բաժնի վարիչ Անդրանիկ Մկրտումյանի, անցած մեկուկես ամսվա ընթացքում Չինարին միայն 30 անգամ գնդակոծվել է խոշոր տրամաչափի հրաձգային զենքից:
Լսելով կառավարության՝ տեղահանվածներին գյուղ վերադարձնելու նախագծի մասին, տարրական դասարանների ուսուցչուհի Գյոզալ Հովակիմյանը թերահավատորեն գլուխն է շարժում:
՚Հիմա հարցնեն, գյուղացիներից ոչ մեկն էլ փող չի ուզի: Եթե վիճակը լավանա, կրակոց չլինի, կմնան, իրենց փողը կաշխատեն մարդիկ իրենց աշխատանքովՙ,- ասում է նա:
Չնայած այն փաստին, որ գյուղի դպրոցում 170 աշակերտ է սովորում, տներում միայն ծերունիներ են ապրում: Բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ լքել են իրենց տները՝ անվտանգության նկատառումներից դրդված: Իսկ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը տեղահանվածների վերադարձի հետ մեծ հույսեր չի կապում:
Չինարիի մանկապարտեզը գյուղի այն մասում է, որը ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ է: Գյուղացիները երեխաների մանկապարտեզ չեն տանում, վախենում են:
՚Մարդը հեռացել է միայն ու միայն կրակոցների պատճառով: Այստեղ վատ չէին ապրում: Բայց երեխեքը ապագա չունենՙ,- ասում է Սամվել Սաղոյանը:
՚Որ գումար լիներ, կուղղորդեի ապրողների համար գազի եւ ջրի խնդիրների լուծմանըՙ,- խոստովանում է գյուղապետը:
Նրա կարծիքը կիսում են Հայաստանի հյուսիս-արեւմուտքում՝ Տավուշի մարզում տեղակայված գյուղերի բնակիչները. այս շրջանն ընդհանուր սահման ունի թե Վրաստանի, թե Ադրբեջանի հետ:
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը հայ-ադրբեջանական սահմանից 700 մետր է հեռու: Ղարաբաղյան պատերազմի տարիներին գյուղը ռմբակոծվել է: Այստեղ եւս կան բազմաթիվ կիսավեր տներ:
՚92թ.-ի մայիսի 10-ին տանկի երեք արկ է ընկել է տան վրա: Գույքը չենք կարողացել հանել տնից բացարձակ, հասարակ աթոռից սկսած լրիվ վնասվել էՙ,- պատմում է գյուղի նախկին բնակիչ Ասմարիկ Էբիջյանը
Ասմարիկը պատմում է, որ պատերազմից հետո կարողացել են մի քիչ վերանորոգել իրենց ավերված տունը եւ մի քանի տարի ապրել այնտեղ: Պետությունը գումար է հատկացրել տանիքը նորոգելու համար: Սակայն երբ պարզվեց, թե ինչպիսի դժվարություններ են սպասվում սահմանամեձ գոտիների վերաբնակցման ծրագրի իրականացման ճանապարհին, Էբիջյանների ընտանիքը թողեց իր բնակավայրը: Վեց տարի առաջ Ասմարիկի ընտանիքը որոշել է տեղափոխվել Երեւան՝ ավելի լավ կյանքի ակնկալիքներով:
՚Ամուսինս Երեւանում երթուղային տաքսի է քշում: Աղջիկներս սովորում են: Ես էլ ամիսը մեկ գալիս եմ մի 10 օրով՝ տնամերձ հողամասին տիրություն անելուՙ,- պատմում է Ասմարիկը:
Տիկին Ասմարիկը հույս ունի, որ աղջիկները կամուսնանան, ինքն էլ ամուսնու հետ կվերադառնա հարազատ գյուղ:
՚Որ օգնեն, տունը վերանորոգենք, ավելի լավՙ,- ասում է Ասմարիկը:
Սակայն տեղական պաշտոնյաների հավաստմամբ բնակավայր վերադառնալ ցանկացողներն այնքան էլ իրատեսական կարծիք չունեն Ներքին Կարմրաղբյուրի կենսապայամնների վերաբերյալ. պատերազմի տարիներին գյուղից 17 հոգի զոհվել է, մոտ երեսուն ընտանիք հեռացել է Ներքին Կարմրաղբյուրից:
՚Իրենց տները հրետակոծված են: Ինչքան ես գիտեմ, շատերը հեռացել են Հայաստանիցՙ,- ասում է գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
Սահմանամերձ գյուղը ղեկավարող Կամենդատյանը ասում է, որ գյուղացիներից շատերը հնարավորություն չունեն հողը մշակել: Վարելահողերի 50 տոկոսը ադրբեջանցիների նշանառության տակ են:
Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում 136 աշակերտ է սովորում: Պատմության ուսուցիչ Հենրիկ Գալստյանի տունն էլ է վնասվել պատերազմի տարիներին: Ուսուցիչը պատմում է, որ իր աշակերտներից շատերն են ձգտում են բարձրագույն ուսում ստանալ, տեղափոխվել մեծ քաղաքներ աշխատելու:
՚Դրամական օգնություն, իհարկե, պետք է, բայց գլխավորը անվտանգության ապահովումն է, խաղաղությունըՙ,- ասում է մանկավարժը:
Կառավարությունը սահմանամերձ բնակավայրերից տեղահանվածներին վերադարձնելու ծրագիրը հաստատել է անցյալ տարվա սեպտեմբերին: Սակայն անհրաժեշտ 38, 52 մլն ԱՄՆ դոլարը դեռ չկա: Կառավարությունը պատրաստվում է աշխատել միջազգային դոնորների, այդ թվում ՄԱԿ-ի հետ՝ այն հայթայթելու համար:
Մի շարք պաշտոնյաներ կասկածանքով են մոտենում այն հարցին, թե իրականում որքան գումար կպահանջվի ծրագրի իրականացման համար: Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի խոսքերով՝ 26 հազար ներքին տեղահանված անձիք այս տարիների ընթացքում մեկնել են Հայաստանից եւ հազիվ թե երբեւէ վերադառնան:
՚Հայաստանում մնացած ներքին տեղահանված անձանցից 2 հազար 604 անձ հստակ ցանկություն հայտնեցին, որ ուզում են վերադառնալ իրենց բնակության նախկին վայրերը, բնականաբար, որոշակի օժանդակություն տրամադրելու պայմաններումՙ,-ասում է Եգանյանը:
Ա1+
21.01.2009
Հեղինակներ` Գայանե Մկրտչյան, ով Արմենիանաու շաբաթաթերթի թղթակիցն է եւ Գեղամ Վարդանյան, ով Ինտերնյուս կազմակերպության Echannel onlineե-ի խմբագիրն է:
No comments:
Post a Comment