Wednesday, January 21, 2009

Հայկական Ժամանակ. խմբագրական

Միջազգային հանրությունը, փաստորեն, 2009 թվականի հունվարը դարձրեց Ղարաբաղյան բանակցությունների եւ քաղբանտարկյալների հարցի խաչմերուկ, քանի որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու քննարկումները եւ Դավոսում Սարգսյան-Ալիեւ բանակցությունները նախատեսվում է զուգահեռ անցկացնել: Իհարկե, դավոսյան հանդիպման հարցը վերջնականապես կարծես թե որոշված չէ, բայց միջազգային հանրության ներկայացուցիչների մտքերի ընթացքը արդեն իսկ թափանցիկ ակնարկներ է պարունակում: Իսկ սա կարող է նշանակել, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել-չզրկելու հետ կապված վերջնական որոշումը ոչ թե Պրեսկոտ-Կոլոմբիե տխրահռչակ զույգի, այլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների այցի արդյունքում է կայացվելու: Թերեւս սա էր պատճառը, որ Պրեսկոտ-Կոլոմբիեի այցը կայծակնային բնույթ ունեցավ, ըստ էության` ձեւական մի արարողություն: Համազեկուցողները, թերեւս, եկել էին իրենց հայաստանյան սպոնսորներին զեկուցելու, որ ոչնչով օգնել չեն կարող, որովհետեւ հարցը գլոբալ բնույթ է ստացել: Եւ Գալուստ Սահակյանի ակնարկը շատ թափանցիկ էր: Իր վերջին ասուլիսում նա հայտարարեց, որ Եվրոպան, իբր, ընդդիմության վրա մեծ փողեր է դրել` Հայաստանում գունավոր հեղափոխություն անելու համար, ու հիմա, ըստ Սահակյանի, քանի որ հեղափոխությունը կիսատ է մնացել, եվրոպացիք փողերը վերադարձնելու խնդիր ունեն, դրա համար իրենց այսպես են պահում: Նման նախադասությունը, իհարկե, պատահական չի հնչում. Սահակյանը, փողի ակնարկ անելով, պարզաբանում է պահանջում փետրվարի 19-ինդրանից առաջ եւ հետո Հայաստանում դիտորդական եւ մոնիտորինգային գործունեություն իրականացրած եվրոպացիներից, թե` էդքան փողը տվեցինք, էլ ինչ եք համը հանում: Սահակյանը նաեւ ակնարկեց, որ եթե փողի հարցն է, թող եվրոպացիք ՀՀ իշխանություններին ուղիղ ասեն, իշխանությունները գուցե մի բան կմտածեն: Ասել կուզի` սերժանտները էլի կարան տան, եթե էս հարցը լուծվի: Բայց Սերժի եվրոպական հաճախորդները, թերեւս, հասկացրել են, որ խնդիրը ավելի գլոբալ բնույթ է ստացել ու բարդացել, որովհետեւ Ղարաբաղի ու քաղբանտարկյալների հարցերը նորից խաչվում են, եւ հարցը պետք է դիտել այս համատեքստում: Իսկ ինչպիսի՞ն կլինի գործարքի առաջարկը. իհարկե, Սերժ Սարգսյանին չեն առաջարկի միանգամից ԼՂ հարցի կարգավորման փաստաթուղթ ստորագրել, սակայն ակնհայտ է, որ ինչ-որ բան ստորագրելու առաջարկ կանեն:  

Իսկ այդ ինչ-որ բանը կարող է լինել Հելսինկիում նախատեսված հռչակագիրը, որ, ինչպես հիշում եք, չստորագրվեց, ինչպես պարզաբանվեց` Ռուսաստանի պատճառով: Ինչ է այդ փաստաթղթում գրված` էական չէ. էականն այն է, որ գործարքի որոշակի ֆոն է նախապատրաստվում: Գործարք, որ կարող է լինել ոչ թե հռչակագրի ստորագրման, այլ ինչ-որ այլ պարտավորությունների ստանձնման տեսքով: Համենայնդեպս, միջազգային հանրությունը կարծես փորձում է Սերժ Սարգսյանի համար ցայտնոտային վիճակ ստեղծել, որպեսզի գործարքի հնարավորությունները գնալով մեծանան: Սա, իհարկե, աննպաստ վիճակ է Հայաստանի համար, բայց այս վիճակը հենց իշխանությունների ձեռքի գործն է, վերջին տասը տարվա «ուժեղ» քաղաքականության արդյունքը: Ու հիմա Սերժ Սարգսյանը տարբերակ չունի. ամեն ինչ պետք է զիջի, միայն թե քաղբանտարկյալներին բանտում պահելու հնարավորություն ունենա, որովհետեւ ինքը խնդիրը տեսնում է սեփական իշխանության պահպանության մեջ, ինքը ուրիշ խնդիր չունի: Ահա սա է պատճառը, որ իրավիճակը այսքան բարդացել է: Եթե հարցերը դիտարկվեին Հայաստանի շահերի տեսանկյունից, այսօր առկա գորդյան հանգույցը կարելի էր լուծել մի քանի օրվա ընթացքում, ավելի ճիշտ` մի քանի օրվա ընթացքում կարելի էր այնպիսի պրոցեսներ հարուցել, որոնք մինչեւ վերջ կուղենշեին պրոբլեմի կարգավորման մեխանիզմները, եւ այդ մեխանիզմները բոլորի համար տեսանելի կլինեին: Փոխարենը` Մուկը հերթական նամակն է գրում համայն աշխարհի թագավորներին: Թերեւս, Եվրոպայի խորհրդարանական էլիտաները առաջիկայում զվարճանալու լավ առիթ են ստացել` կարելի է կարդալ Մկան գրած նամակը եւ մի լավ ղժժալ: Չի բացառվում, որ առաջիկայում շատ ակտիվանան Հայաստանի խորհրդարանական կապերը եվրոպական խորհրդարանների հետ: Ասենք` եվրոպացի դեպուտատները կարող են մեկը մյուսի ետեւից Մկանը հրավիրել ընթրիքի: Եվրոպայի թատերական բեմերում մինչեւ օրս էլ պոպուլյար է «Ընթրիք ապուշի հետ» պիեսը, եւ կարծում ենք` եվրոխորհրդարանականները չպետք է կորցնեն իրական կյանքում էլ այդպիսի երեկոներ կազմակերպելու հեռանկարը: Ինչ վերաբերում է հայաստանյան ընդդիմությանը` մենք պետք է մոռանանք ԵԽ-ի մասին եւ սեփական ռեսուրսներով զբաղվենք սեփական հարցերի կարգավորմամբ: Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, ուրեմն` «Հայ ֆիդայի~ներ, ջան ֆիդայի~ներ, ձեր մայրերը ձեզ ղուրբան...»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հայկական ժամանակ

17.01.2009

No comments:

Post a Comment