Wednesday, January 21, 2009

"ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ` ԵՍ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՕԳՈՒՏ ԲԵՐԱԾ ԿԼԻՆԵՄ ԵՐԿՐԻՆ, ՔԱՆ ԵԹԵ ԶԲԱՂՎԵՄ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ"

Նախորդ տարեվերջի առավել ուրախալի լուրերից էր ԼՂՀ-ում Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհրդի ստեղծումը: Ներկայացնում ենք ԼՂՀ-ում մեր հատուկ թղթակից Անահիտ Դանիելյանի բացառիկ հարցազրույցը ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, վերջերս ստեղծված արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ:

-Պարո'ն Մայիլյան, մանրամասնե'ք, խնդրեմ, թե ի՞նչ կարգավիճակ է ունենալու վերջերս ստեղծված արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհուրդը: Ի՞նչ է արվել ստեղծման օրից մինչեւ հիմա:

-Խորհուրդն իր կարգավիճակով հասարակական միավորում է, պարզապես այս կառույցի յուրօրինակությունը կայանում է նրանում, որ այն սովորական հասարակական կազմակերպություն չէ, այլ ԼՂՀ հասարակական գործիչների ու փորձագետների գործընկերություն, այնպիսի մարդկանց միավորում, ովքեր պատրաստ են իրենց ներդրումն ունենալ արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում Արցախի առջեւ ծառացած հրատապ խնդիրների լուծման գործում:

Ինչ վերաբերում է արդեն արվածին, ապա վերջին շաբաթների ընթացքում նախանշվել են Խորհրդի մարտավարական խնդիրները, լուծվում են կազմակերպչական հարցեր: Արդեն հրապարակման ենք պատրաստում առաջին վերլուծական նյութերը:

-Խորհրդի ստեղծման մասին հայտարարության մեջ նշվել է, որ կառույցում ներգրավվելու են մասնագետներ Արցախից եւ նրա սահմաններից դուրս: Կա՞ն արդեն համապատասխան պայմանավորվածություններ, եւ, եթե հնարավոր է, մանրամասնե'ք, թե ովքե՞ր են նրանք:

-Մի շարք փորձագետների հետ պայմանավորվածություններ ձեռք են բերվել կանխապես: Խորհրդի ստեղծման մասին մամուլի հաղորդագրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել փորձագիտական շրջանակներում, եւ մենք արդեն ստանում ենք համագործակցության նոր առաջարկներ: Խորհրդի գործունեությանն աջակցելու պատրաստակամություն հայտնածների մեջ կան միջազգային հարաբերությունների գծով ճանաչված մասնագետներ, պաշտոնաթող զինվորականներ, պատմաբաններ, լրագրողներ եւ քաղաքագետներ:

-Հարցի ֆինանսական կողմի մասին: Արդյո՞ք կան հովանավորներ, ում աջակցությամբ կազմակերպվելու են Խորհրդի աշխատանքները: Եվ եթե այո, ապա որտեղի՞ց: Եթե ոչ, ապա ինչ ռեսուրսների հաշվին են կատարվելու այդ աշխատանքները:

-Հանրային խորհրդի ընտրած մարտավարությունը թույլ է տալիս գործունեություն ծավալել առանց առանձնակի ֆինանսական ծախսերի: Միավորման մեջ ներգրավված մարդկանց տեխնիկական հնարավորություններն առայժմ բավարար են փոխգործակցության համար: Անհրաժեշտության դեպքում մենք կօգտվենք հայրենասիրական մղումներով առաջնորդվող մեր հայրենակիցների ֆինանսական աջակցության առաջարկներից:

-Խորհրդի ստեղծումն ու նրա հետագա աշխատանքը խոսո՞ւմ են մեծ քաղաքականություն Ձեր վերադարձի մասին:

-Թեեւ մեր գործունեության խնդրո առարկան արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունն են, Խորհուրդը առավելապես գիտական թեքումով հասարակական միավորում է լինելու, այլ ոչ թե քաղաքական կառույց: Մենք պայմանավորվել ենք համագործակցել ազգային շահերին հավատարմության, ոչ թե կուսակցական, այլ մասնագիտական իրավասության հիման վրա: Անձամբ ես շարունակում եմ զբաղվել նրանով, ինչով մասնագիտորեն զբաղվել եմ վերջին 17 տարիների ընթացքում, բայց արդեն հասարակական հիմունքներով:

Հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը: Իրոք, ԼՂՀ-ում 2007 թվականին կայացած նախագահական ընտրություններից հետո մեր հանրության մի մասի մոտ ակնկալիքներ կային, որ ես համախմբելու եմ ունեցածս զգալի ընտրազանգվածը, ստեղծելու եմ ընդդիմադիր քաղաքական կառույց: Նման անհրաժեշտության մասին ակնարկում էին նաեւ իշխանության որոշ ներկայացուցիչներ: Անշուշտ, գտնում եմ, որ Արցախին անհրաժեշտ է կառուցողական ընդդիմություն, բայց հակված չեմ կարծելու, որ դա իմ խնդիրն է: ԼՂՀ-ում գործում է քաղաքական կուսակցությունների ճյուղավորված ցանց, կուսակցություններ, որոնց մի մասը, հնարավոր է, արդեն հաջորդ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կսկսեն ընդդիմախոսել իշխանություններին:

Ստեղծված պայմաններում, համակարգելով Խորհրդի աշխատանքները, ես ավելի մեծ օգուտ բերած կլինեմ երկրին, քան եթե զբաղվեմ կուսակցական շինարարությամբ:

P.S. Շնորհավորում ենք Խորհրդի ստեղծման կապակցությամբ եւ մաղթում բարի երթ եւ արդյունավետ աշխատանք:

Հարցազրույցը վարեց

Անահիտ Դանիելյանը

www.armedia.am

19.01.2009

No comments:

Post a Comment