Wednesday, January 21, 2009

«ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԵՐՈՎ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ ԵՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՉԱՓԸ»

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է դադարեցնեն իրենց հաճախակի այցելությունները տարածաշրջան, քանի որ դրանով արժեզրկում են իրենց արդեն կատարած աշխատանքը: Նրա խոսքով, տարին 8 անգամ տարածաշրջան այցելելով նրանք «ջուրն են գցում» իրենց աշխատանքը: Դրանից զատ, քաղաքագետը գտնում է, որ համանախագահները պետք է դադարեցնեն նաև իրենց լավատեսական հայտարարությունները, թե շուտով ԼՂ խնդիրը կլուծվի, քանի որ, դա «Ադրբեջանում հույս է ծնում, թե շուտով հողերը կվերադարձվեն, իսկ Հայաստանում էլ հույս է ծնում, որ կճանաչվի ԼՂՀ անկախությունը»:

Նման անիրատեսական հայտարարություններն, ըստ նրա, անվստահություն են առաջ բերում Միսնկի խմբի նկատմամբ, սակայն հայկական կողմի շահերից է բխում, որ այդ կառույցի դերն ու հեղինակությունը չթուլանա:
Քաղաքագետի հաջորդ առաջարկը համանախագահներին այն էր, որպեսզի վերջիններս առանձին-առանձին չայցելեն տարածաշրջան, ինչը մեծացնում է կասկածը, որ նրանք ԼՂ հարցում ունեն տարբեր մոտեցումներ ու շահեր:
Այնուհետև անդրադառնալով ԼՂ խնդրի լուծմանը, նա ընդգծեց. «Ես ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ մոտ ժամանակներս ԼՂ խնդիրը կարող է լուծվել»: Ս. Գրիգորյանի խոսքով, նման տեսակետի հիմք է հանդիսանում այն, որ մի կողմից Ադրբեջանը չի թուլացնում իր ռազմաշունչ հայտարարությունները, մյուս կողմից հաշվի առնելով ԱՄՆ-Ռուսաստան սրվող հարաբերությունները, դժվար է հավատալ, որ հենց ԼՂ հարցում նրանց մոտեցումները կարող են համընկնել:
Քաղաքագետը անդրադարձավ նաև Կոսովոյի, Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախանալու նախադեպերին, նշելով, որ դրանք խոսում են այն մասին, որ աշխարհում միջազգային խաղի կանոները փոխվում են և այդ առումով պետք է նախ սպասել խաղի կանոնների հստակեցմանը, որից հետո հնարավոր կլինի որոշել, թե ինչ քայլեր կարելի է կատարել:
«Այս բոլորը խոսում է այն մասին, որ այս պահին ԼՂ հարցի լուծման համար ոչ ներքին, ոչ էլ արտաքին նախադրյալներ չկան»,- հավելեց Ս. Գրիգորյանը:

Աղբյուր` Panorama.am

20.01.2009

No comments:

Post a Comment