ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հայաստանյան մոտեցումները պետք է իրենց մեջ ներառեն հետևյալը. «Ինքնորոշման իրացում Ղարաբաղի սահմանադրությամբ ամրագրված տարածքներում, Ղարաբաղի անվտանգության երաշխավորողները պետք է լինեն ոչ միայն միջազգային հանրությունը, խոշոր պետությունները, միջազգային կառույցները, այլև՝ Հայաստանը, որը պետք է ԼՂ-ի հետ այնպիսի ցամաքային սահման ունենա, որը հնարավորություն կտա իրավիճակին ադեկվատ պաշտպանություն ցուցաբերել»,-ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Քրիստոնաեդեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Ըստ նրա, Հայաստանը դա իրագործելու հնարավորություն կունենա, երբ ինքը դառնա տարածաշրջանի հիմնական, կայուն, մնայուն խաղացողներից, այսինքն՝ տարածաշրջանային բոլոր գործընթացներում ներգրավված լինի որպես լիարժեք կողմ:
«Իսկ Ղարաբաղը երբեք թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո բանակցային գործընթացից դուրս չի եղել: Իհարկե, մենք երբևէ չենք տեսել, որ բանակցային սեղանի շուրջ նստած լինեն թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի նախագահները: Բայց մենք անընդհատ նկատել ենք Ղարաբաղի քաղաքական ղեկավարության ուղղակի կամ անուղղակի շփումները թե՛ համանախագահողների, թե՛ Հայաստանի իշխանությունների հետ»,- նկատեց Խ. Հարությունյանը:
Քաղաքական գործիչը չի կասկածում, որ բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցությունը դրական է լինելու, իսկ հակամարտության որոշման կայացումը նրա համոզմամբ, առանց ԼՂ-ի չի կատարվի: Քանի որ, ինչպես պարզաբանեց Խ. Հարությունյանը, որևէ որոշում, որը չի արտահայտել Ղարաբաղի ժողովրդի կամքը, չի կարող ապագա ունենալ, որքան էլ դրա կողմնակիցները «հզոր ու ուժեղ» լինեն: Ու այն, որ այս խնդրի հետ հարկավոր է հաշվի նստել, սկսել են ընկալել նաև համանախագահները:
«Այսուհետ, ես կարծում են, որ մենք ավելի հաճախ կտեսնենք համանախագահների այցը Ստեփանակերտ: Դա, ըստ էության, նշանակում է, որ քաղաքական որոշումների նախապատրաստման փուլում համաձայնություններ կամ խորհրդակցություններ են կատարվում ղարաբաղյան քաղաքական իշխանությունների հետ»,-նշեց Խ. Հարությունյանը: Նրա խոսքով, ԼՂ կարգավորված հակամարտությամբ Հայաստանի ապագան ավելի հուսադրող է լինելու, սակայն այս ամենը հարկավոր է համադրել երկրի անվտանգության զարգացման հետ:
Աղբյուր` Panorama.am
21.01.2009
No comments:
Post a Comment