Wednesday, January 21, 2009

Հիմա էլ` ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացո՞ւմ

Էմմա Գաբրիելյան

Մոտ մեկ շաբաթ է՝ Ադրբեջանում չեն հանդարտվում բորբոքված կրքերը` Հայաստանին ռուսական զենքի մատակարարման շուրջ: Մի քանի օր է, ինչ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են տեղեկություններ, ներկայացնում են տարբեր գնահատականներ ու մեկնաբանություններ այս առիթով, լրատվական գործակալությունների կայքերը հեղեղված են բազմաթիվ հոդվածներով ու վերլուծություններով:

Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ` պաշտոնական Մոսկվան Երեւանին է փոխանցել 800 միլիոն դոլարի տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, նռնականետներ եւ ռազմամթերք` Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի միջոցով: Հունվարի 14-ին, ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Դրոբիշեւսկին հերքեց ադրբեջանական կողմի պնդումները. «Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարում չի իրականացվել, այդ մասին հաղորդագրությունները իրականությանը չեն համապատասխանում»: Հայաստանը ավելի վաղ էր հերքել ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունը:

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում, ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան ստիպված եղավ անդրադառնալ այս խնդրին. նա պաշտոնապես հերքեց շրջանառվող լուրերը. «Պայմանագիրը, որի մասին խոսում է Բաքուն` գոյություն չունի, եւ ես մտադիր եմ այսօր այդ հարցը քննարկել նաեւ ադրբեջանցի իմ գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ: Անցյալ տարի Հայաստանին զենք չի մատակարարվել»: Ս.Լավրովը նաեւ շեշտել է, որ Ռուսաստանի համար առաջնային է ԱՊՀ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը. «Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ, կան նաեւ հարցեր, որ բարդացնում են այդ համագործակցությունը, խոսքը ԱՊՀ տարածքում հակամարտությունների մասին է, եւ մենք պետք է այդ հակամարտությունները կարգավորենք», - ասել է Ս.Լավրովը եւ հավելել է, որ չի կարելի ԱՊՀ երկրներին դարձնել ոմանց աշխարհաքաղաքական նախագծերի պատանդը:

Հիշեցնենք, որ նախ` հունվարի 12-ին, Բաքվում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը կանչվեց Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ փոխարտգործնախարար Արազ Ազիմովը բացատրություն էր պահանջել նրանից՝ վերոնշյալ տեղեկությունների առիթով, ինչին ի պատասխան Ադրբեջանում ՌԴ դեսպանը խոստացել է, որ ռուսական կողմը մոտ ապագայում հստակություն կմտցնի խնդրի վերաբերյալ: Ապա` բողոքը ավելի պաշտոնական բնույթ ստացավ. Ադրբեջանի արտգործնախարարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ` բողոքելով Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինության մատակարարման կապակցությամբ:

Ի դեպ, Բաքվում ահագնացած սկանդալային հայտարարությունների ֆոնին՝ ադրբեջանական պարբերականները արդեն մի քանի օր է, ինչ ներկայացնում են ռուս փորձագետների տեսակետները, որոնք անթույլատրելի են համարում Ռուսաստանի` որպես ղարաբաղյան կարգավորման միջնորդի նման քայլը անգամ այն պարագայում, եթե ԼՂ հակամարտությունը սառեցված է: Ռուս քաղաքագետ Լեոնիդ Ռադզիխովսկին, օրինակ, կարծում է. «Հայաստանին ռուսական զենքի մատակարարումը մտնում է Կովկասում` ՌԴ ռազմավարության մեջ, քանի որ ՌԴ-ն այնտեղ միայն մեկ դաշնակից ունի` Հայաստանը: Ուրիշ դաշնակիցներ Մոսկվան Կովկասում չունի: Վրաստանի հետ հարաբերությունները հայտնի են, Ադրբեջանի հետ արտաքուստ ամեն ինչ լավ է թվում, սակայն ակնհայտ է, որ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ հակասությունները ավելի խորքային են, քան Վրաստանի հետ: Թբիլիսիի հետ հակասությունները աղմկոտ են, բայց իրականում Ռուսաստանը Վրաստանի հետ ոչինչ չունի կիսելու, իսկ ահա ադրբեջանական գազն ու նավթը` ռուսական էներգառեսուրսների նկատմամբ կոնկրետ մրցակցության փաստ է», - նշում է ռուս քաղաքագետը` դիտարկելով Ռուսաստան-Ուկրաինա վերջին իրադարձությունները, որին կհետեւեն ռուսական գազին այլընտրանք փնտրելու Եվրոպայի քայլերը. «Այս իրավիճակում «Նաբուկո» գազամուղը, որը նախատեսում է գազի մատակարարումը, այդ թվում՝ ադրբեջանական գազի, այլընտրանքային ճանապարհներով դեպի Եվրոպա հասցնելը` Ռուսաստանին բացարձակապես ձեռնտու չէ», - պարզաբանում է ռուս քաղաքագետը` շեշտելով, որ ադրբեջանական նավթային ընկերությունները իրական մրցակից են Ռուսաստանի համար, իսկ «Նաբուկո» նախագիծը` խիստ անցանկալի փաստ: «Եթե «գազային հակամարտությունը» ավարտվի նրանով, որ Եվրոպան, ի վերջո, որոշում կայացնի այլընտրանքային ուղիներ փնտրել, ապա առաջին հերթին դա կլինի «Նաբուկո»-ն: Ես չեմ կարող ասել, որ Մոսկվան պատերազմ կհրահրի Կովկասում, բայց կանի ամեն ինչ, որպեսզի կանխի «Նաբուկո»-ի կառուցումը», - կարծում է Լեոնիդ Ռադզիխովսկին:

Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ երկու օր առաջ «Նաբուկո» նախագծին անդրադարձավ նաեւ Միացյալ Նահանգների ապագա պետքարտուղար Հիլըրի Քլինթընը. «Ես եւ նախագահ Օբաման վճռականորեն համոզելու ենք եվրոպական մեր դաշնակիցներին քաղաքական համաձայնագիր կնքել, որն անհրաժեշտ է «Նաբուկո»-ի կամ այլ խողովակաշարի կառուցման համար, ինչը Եվրոպային կօգնի դիվերսիֆիկացնել գազամատակարարումները»: Հ.Քլինթընը վստահեցրեց, որ Օբամայի ադմինիստրացիան կհասնի նրան, որ ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից քաղաքական մակարդակով համաձայնություն ընդունվի` «Նաբուկո» գազամուղի նախագծի առնչությամբ: Երեկ ադրբեջանական «Զերկալո» պարբերականը վերջին օրերին Ադրբեջանում շրջանառվող լուրերը` Հայաստանին ռուսական զենք մատակարարելու վերաբերյալ, անգամ «Նաբուկո»-ին ուղղված «ռուսական պատասխան» է համարել, ու նաեւ ենթադրել, թե ստեղծված բարդ իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ռուսաստանի դիրքերն ավելի են թուլանում:

Ինչեւէ, Ադրբեջանում բարձրացած աղմուկը վկայում է Ռուսաստան-Ադրբեջան շահերի ակնհայտ բախման մասին: Փաստ է, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների սրացումը որեւէ լավ բան չի խոստանում Հայաստանի, ինչպես նաեւ` ԼՂ խնդրի համար:

Ժամանակ Երեւան

17.01.2009

No comments:

Post a Comment