Wednesday, January 21, 2009

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՁԻՈՒ ՔԱՅԼԸ

Տարածաշրջանը հերթական անգամ սպասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք Հայաստանում կլինեն հունվարի 20-ին, այսինքն վաղը: Ինչի համար են համանախագահները գալիս այս անգամ, ասելը բավական դժվար է: Ընդունված է համարել, որ համանախագահներն այդքան գալիս են ու գնում միայն մեկ նպատակով` Ղարաբաղի հակամարտության կողմերի մոտեցումները մերձեցնել այնքան, որ նրանք որքան հնարավոր է շուտ ստորագրեն հակամարտության կարգավորման ինչ որ փաստաթուղթ: Խոսք է գնում կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մասին: Համանախագահ երկրները նախորդ տարվա դեկտեմբեր ամսին նույնիսկ տարածեցին մի հայտարարություն, որով կողմերին հորդորեցին ինչքան հնարավոր է արագ հասնել այդ համաձայնագրի ստորագրմանը: Իսկ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն նույնիսկ ժամկետի մասին խոսեց, ասելով, թե շատ լավ կլինի, որ մինչեւ 2009 թվականի կեսը այդ համաձայնագիրը հնարավոր լինի ստորագրել: Կարծես թե ամեն ինչ պարզ է, սակայն այդ պարզությունը թանձրացրեց Նոր Տարվա շեմին Լեռնային Ղարաբաղից հնչած մի բավական ուշագրավ հայտարարություն, որն ընդունել էին ԼՂՀ խորհրդարանի պատգամավորները: Այդ հայտարարության իմաստն այն էր, որ ԼՂՀ-ն չի ճանաչի առանց իր մասնակցությամբ տեղի ունեցած բանակցության արդյունքը: Բնական է, որ համանախագահները հերթական անգամ այցելելով տարածաշրջան, փորձելու են հասկանալ, թե ինչու ԼՂՀ խորհրդարանի պատգամավորները հանկարծ որոշեցին ընդունել այդ հայտարարությունը: Համանախագահներն այդ բանն անկասկած փորձելու են հասկանալ Երեւանում, ոչ թե Ստեփանակերտում, թեկուզ միայն իներցիայի ուժով, քանի որ Ստեփանակերտը երեւի թե հարյուր հայտարարություն էլ եթե ընդունի, միեւնույն է համանախագահներն այլեւս երեւի թե չեն կարողանալու ընդունել, որ դա Ստեփանակերտի նախաձեռնությունն է, ոչ թե Երեւանի հորդորը կամ պահանջը: Իսկ Երեւանն այդ օրերին զբաղված է լինելու ԵԽԽՎ հունվարի նստաշրջանի հոգսով ու դժվար է ասել, թե արդյոք ունենալու է համանախագահներին որեւէ հարցում պատշաճ բացատրություն տալու տրամադրություն եւ ժամանակ: Հնարավոր է, որ պաշտոնական Երեւանը համանախագահ եռյակին ուղղակի ասի, որ եթե նրանք ուզում են Ղարաբաղի հարցի վերաբերյալ արդյունավետ այց ունենալ, այսինքն իզուր այցելած չլինել տարածաշրջան, ապա թող Երեւանի հետ Ղարաբաղի հակամարտության հարցեր քննարկելուց առաջ երաշխիք տան, որ ԵԽԽՎ-ի հետ կապված հարցեր Երեւանը հունվարի վերջին չի ունենա: Այդ ժամանակ պաշտոնական Երեւանն իր բոլոր գործերը հանգիստ մի կողմ կդնի եւ համանախագահների համարթիթեռ կնկարի”: Հարցն այդպիսով այն է, թե ինչի համար են գալիս համանախագահները: Արդյոք նրանք իսկապես ուզում են, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի համար իրենց հերթական այցը տարածաշրջան լինի արդյունավետ: Արդյոք նրանք իսկապես ուզում են հասկանալ ԼՂՀ խորհրդարանականների միտքն ու հոգին, թե նրանց փորձառության համար տարածաշրջանում արդեն վաղուց որեւէ գաղտնիք էլ չկա: Իսկ գուցե գալիս են, որ հենց Հայաստանի իշխանությանը շեղեն ԵԽԽՎ-ից ու գցեն ծուղակը, խլելով էներգիան եւ ուշադրությունը, լրացնելով եվրոպական դավադրության այն գործընթացը, որի մասին արդեն մի քանի ամիս է, ինչ պարզության տարբեր աստիճաններով ահազանգում է Գալուստ Սահակյանը: Իսկ գուցե արժե, որ հենց նա էլ այս անգամ իշխանության անունից հանդիպի համանախագահներին: Դա Երեւանի համար կլինի դիվանագիտության ձիու քայլ: Գալուստ Սահակյանի հետ մեկ հանդիպումը բավական է, որ համանախագահները տեւական ժամանակով կտրվեն իրականությունից, իրենց հետագա կյանքը նվիրելով Սահակյանին հասկանալու բարդ աշխատանքին: Այդպիսով, Հայաստանի իշխանությունը հնարավորություն կունենա չշեղվել ԵԽԽՎ հոգսից եւ ամբողջ ներուժը կենտրոնացնել Ստրասբուրգում սպասվելիք միջոցառման վրա: Բայց այդ ամենը կախված է միայն ու միայն համանախագահների այցի բուն նպատակից: Եթե նրանք գալիս են Ղարաբաղի հարցի կապակցությամբ կողմերի մոտեցումների մերձեցման գործում առաջընթաց արձանագրելու համար, ապա Սահակյանին նրանց հետո ծանոթացնելու մարտավարությունը կարող է աշխատել: Բայց եթե համանախագահների այցի նպատակն այլ է, ապա հազիվ թե Սահակյանը լուծի այդ հարցը: Սակայն էլ ուրիշ ինչ նպատակով կարող են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել տարածաշրջան: Արդյոք միայն թթի օղու համար: Չէ որ Ֆասիեն ասաց, որ դրանից բացի իրենք նաեւ գործ են անում: Եվ իսկապես, եթե խնդիրը լիներ միայն թթի օղին, ապա անկասկած է, որ ասենք ԼՂՀ խորհրդարանականների հայտարարության տեքստի հետ միասին համանախագահներին ուղարկեին նաեւ մի-մի տակառ թթի օղի, մինչեւ հաջորդ հայտարարություն: Բայց չէ որ համանախագահները գործ են անում: Առայժմ իհարկե այդ գործը տալիս է բավական հակասական մտորումների տեղիք, ընդհուպ այն, որ նրանց գործը գուցե ամենեւին էլ Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը չի վերաբերում, այլ պարզապես ուղղված է նրան, որ Ղարաբաղի հակամարտությունը չխառնվի հանկարծ այլ, գուցե ավելի կարեւոր գործերին: Թեեւ իհարկե դա էլ քիչ գործ չէ, եթե նկատի առնենք, թե ինչքան մեծ կլինի Ղարաբաղն այլ գործերի խառնելու թե հայկական, թե ադրբեջանական իշխանությունների գայթակղությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Լրագիր

19/01.2009

No comments:

Post a Comment