Wednesday, January 21, 2009

Շուշին՝ մոռացվա՞ծ

Սկսած 2001 թվականից, երբ առաջին անգամ հղացավ Շուշին համայն հայության մայրաքաղաք հռչակելու գաղափարը, ստեղծվել են մի շարք կազմակերպություններ եւ նախաձեռնություններ: Դրանք ունեցել են գրեթե միեւնույն նպատակները, այն է՝ մշակել եւ իրականացնել վերականգնողական եւ զարգացման ծրագրեր Շուշի քաղաքում, միաժամանակ պահպանել քաղաքի պատմաճարտարապետական կերպարը:

«Պողոսյան» հիմնադրամի հովանավորությամբ կատարվեցին Շուշիի պատմաճարտարապետական արժեք ունեցող երկու հարյուր շինությունների չափագրումն ու լուսանկարումը, գիտական մի շարք հոդվածների եւ զեկույցների տպագրումը:

Շուշիում նոր՝ «Արվեստի, արհեստների եւ զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի»՝ հյուրատան գաղափարը բնականաբար ճիշտ եւ նպատակային ծրագիր կարող էր լինել: Այն ժամանակ ես առաջարկեցի, որ Շուշի քաղաքի պատմաճարտարապետական արժեք ունեցող շինություններից մեկը վերակառուցվի հյուրատան: Անցյալ երկու տարիներին հսկայական գումարներ ծախսվեցին Շուշիի գործող՝ 20-րդ դարին պատկանող ավտոկայանի շենքի վերափոխման համար, այն դեպքում, երբ Շուշիի հենց կենտրոնում կան տասնյակներով պատմաճարտարապետական մեծ արժեք ունեցող կիսավեր շինություններ, որոնք տարեցտարի ավելի ու ավելի են տուժում լքված լինելու պատճառով: Վերակառուցման արդյունքում քաղաքում ստեղծվեց «եվրոնորոգված», քաղաքի պատմական արժեքավոր կերպարի հետ որեւէ ընդհանուր բան չունեցող մի շինություն: Պատմական Շուկայի դեպքում նորից հաշվի չառնվեց դրա պատմական եւ ճարտարապետական ճիշտ, գրագետ ծրագրային վերակառուցման մասնագիտական մեթոդը: Իսկ ո՞վ է դրա թույլտվությունը տվել: Այս շինությունը հանդիսանում է Շուշի քաղաքի եւ առհասարակ հայկական աշխարհիկ պատմաճարտարապետական ամենաարժեքավոր շինություններից մեկը եւ գտնվում է Շուշիի համեմատաբար ամենաբանուկ հրապարակներից մեկի՝ պատմական Մեյդանի համալիրի կազմում: Չէ՞ որ սա Շուշիի զարգացման համար կարող է հանդիսանալ ամենաառանցքային դրվագներից մեկը: Հաշվի առնելով այդ շինության կարեւորությունը, պետք էր կազմակերպել քննարկումներ ու գտնել ամենաճիշտ լուծումը:

Ափսոս է Շուշին: Պետք է կենտրոնացնել Շուշիի իրական արժեքը գնահատողների ուժերը ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունն էլ լինի քաղաքի՝ որպես մեկ համընդհանուր պատմաճարտարապետական հուշարձանի, պահպանության պատասխանատուն ու երաշխավորը: Սա է միակ լուծումը՝ փրկելու հայոց դեռեւս կանգուն բերդաքաղաք Շուշին:

ՍԱՀՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Պողոսյան» հիմնադրամի ճարտարապետ ւ ծրագրերի համակարգող

Առավոտ

16.01.2009

No comments:

Post a Comment