Wednesday, January 21, 2009

ՔԵ՛Զ ՀԱՄԱՐ, ԻԼՀԱ՛Մ

 Վերջերս մի հանդիպման ժամանակ մի պատկառելի անհատականություն պնդեց այն տեսակետը, որ մարտիմեկյան սպանդի վրա աչք փակած, դրանով իսկ Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնը զավթելու շանս տված միջազգային ուժերը ԼՂ հակամարտության մոտալուտ հանգուցալուծումից հետո անմիջապես ձերբազատվելու են Սերժ Սարգսյանից, եւ որպես ասվածի վկայություն բերեց Միլոշեւիչի օրինակը, որի առանցքային դերակատարության մասին` դեյթոնյան համաձայնագրի կնքման հարցում, արտահայտվել է նաեւ ոչ անհայտ Ռիչարդ Հոլբրուքը: 

Ժամանակ անց կամենում եմ տարակարծություն հայտնել այն առումով, որ հիշյալ օրինաչափությունը մեր պարագայում գործելու իրական հեռանկար չունի, իսկ եթե ունի, ապա Սարգսյանից հետո էլ երկրում կարող է իշխանության չգալ այսօրվա ընդդիմությունը: Նախ` փորձենք հետահայաց նայել հետմիլոշեւիչյան Սերբիային. պաշտոնազրկումից հետո իշխանության ամենեւին էլ նրա քաղաքական հակառակորդները չէ, որ եկան. նույն այդ Արեւմուտքը պեղեց-գտավ Բելգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Վոիսլավ Կոշտունիցային եւ երկիրը կործանման ու մասնատման հասցրած Միլոշեւիչի ու նրան իշխանությունից զրկելու անկարողություն ցուցաբերած ընդդիմադիրների ֆոնին բարեկիրթ եւ առաջադեմ թվացող Կոշտունիցան սերբերին թվաց այն անհատը, որը կարող էր լեզու գտնել Արեւմուտքի հետ: Միլոշեւիչի իսկական ու երկարամյա հակառակորդները կրկին մնացին իՈ ոՏՐՑՏՎ: Դժվար է պնդել, որ ամենազոր Արեւմուտքը նման մի «գտածո» էլ մեզանում չի հայտնաբերի, հարկավ` ռուսների արարողակարգային մասնակցությամբ: Բացի այդ էլ, միլոշեւիչյան օրինաչափությունից  Սերժ Սարգսյանն իհարկե անտեղյակ չէ, ու նաեւ այդ հեռանկարը աչքի ունենալով էլ` Սարգսյանն անելու է ամեն հնարավորն ու անհնարինը`  դեռեւս 2006-2007 թվականների բրյուսելյան վոյաժների ժամանակ խոստացած ստորագրությունը չտալու համար:

Մի վրացի ընկեր ունեմ, բավականին ժամանակ առաջ համոզմունք էր հայտնում, որ Մ. Սահակաշվիլուն իշխանության բերել են ... ռուսները: Որպես ասվածի հիմնավորում` նա մեջբերում էր Վարդերի հեղափոխության որոշ դրվագներ. Շեւարդնաձեն հրաժարական տվեց միայն այն բանից հետո, երբ նրա «հետեւից» եկավ ծնունդով վրաստանցի, ՌԴ ԱԳ նախարար Իգոր Իվանովը, ու նրա այցից հետո միայն Ժվանիա-Բուրջանաձե-Սահակաշվիլի եռյակում գերակշռեց Միշիկը: Նա իր էքսցենտրիկ պահվածքով ռուսներին մշտապես առիթներ է տալիս Վրաստանին ճնշելու ու հյուսիսային շրջափակման մեջ պահելու, համոզմունքներով իրականում արեւմտյան արժեքներ դավանող, սակայն լրջախոհ ու հավասարակշիռ վարչապետ Ժվանիան թունավորվեց ու մահացավ իրանական վառարանում այրված «ռուսական» գազից, մի խոսքով` Միշիկն իսկական նվեր է ռուսների համար, որպեսզի վրացիներին հարվածելու մշտական պատրվակներ ունենան: Սալոմե  Զուրաբիշվիլու վաղաժամ հրաժարականն ու Իրակլի Օքրուաշվիլու սկանդալային արտաքսումը նույնպես մտնում էին Վրաստանի իշխանությունն իրական արեւմտամետներից մաքրելու պլանի մեջ: Որպես արեւմտամետության վերջին բաստիոն էր դիտարկվում Ն. Բուրջանաձեն, որը, սակայն, արեւմտյան տեխնոլոգների խորհրդով` չի պատրաստվում մնալ Սահակաշվիլու իշխանության փլատակների տակ եւ, հանդես գալով ընդդիմադիր դիրքերից, համարվում է Սահակաշվիլու իրական հետնորդ: Ընդ որում` արեւմտյան «Բուրջանաձե» օպերացիային ռուսները կարծես թե հակադրում են Սահակաշվիլու օրոք աշխատած, անսպասելի փոփոխվող վարչապետներից առայժմ ամենաերկարակյացին` Զուրաբ Նողաիդելիին` փորձելով խառնել խաղաթղթերը: Ռուսների հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին վերջինիս բարձրաձայնումները  ասվածի վառ վկայությունն են:

Թե՛ Նողաիդելու, թե՛ Բուրջանաձեի հաղթանակի պարագայում նույնպես կգործի այն օրինաչափությունը, որ դրսի գործոնի ազդեցությամբ իշխանությունից զրկվածի փոխարեն իշխանության կգան ոչ թե նրա բազմամյա օպոնենտները, այլ փասիանսի մի ավելի ստվերային կողմ:

Դե, իսկ ահա Ադրբեջանի Սահմանադրական դատարանն այդ երկիրը վերջնականապես գլորեց խանական կացութաձեւի գիրկը: Թեպետ կանխատեսվում էր, որ նախագահական 2-րդ ժամկետի ավարտին մոտ` ուժերի ծաղկման շրջանում գտնվող Իլհամ Ալիեւը պետք է իշխանությունը սեփական ընտանիքի ձեռքում պահելու ինչ-որ տարբերակներ կիրառեր` հատկապես նկատի ունենալով նրա կնոջ` Մեհրիբան Ալիեւայի հանրաճանաչության գործակցի բարձրացումը, սակայն, որքան էլ որ տիկին Մեհրիբանը Յունեսկոյի Բարի Կամքի դեսպան է, միեւնույն է, Ադրբեջանը գնաց ոչ թե Սահմանադրության տառը պահպանելու ու դեմոկրատական թռիչք ապրելու ուղղությամբ, այլ  տիպիկ արեւելյան ճանապարհով` Ալիեւների գերդաստանին տալով հավերժ գահակալության հնարավորություն:  Այստեղ պարզապես տեղին է հիշատակել Սափարմուրադ Թուրքմենբաշու օրինակը, որը նույնպես ուներ նման գահակալական իշխանություն, սակայն խիստ անսպասելիորեն  լքեց երկրային կյանքը: Մեր իշխանությունները, անտարակույս, քարոզչական խրախճանքի առիթը բաց չեն թողնելու ու, մասնավորապես, միջազգային հանրակցության ուշադրությունը փորձելու են բեւեռել այն «հանգամանքի» վրա, որ ահա,  տեսեք` խանական Ադրբեջանն ու թեկուզեւ չճանաչված, սակայն դեմոկրատական Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի նախագահը 2-րդ ժամկետից  հետո թողնում է պաշտոնը:  Ու հիմա դո՛ւք, հարգելի՛ եվրոպացիներ ու ամերիկացիներ, ինչպե՞ս կարող եք պատկերացնել այս դեմոկրատական օազիսը` խանության կազմում. ախր «կմեռնի~» դեմոկրատիան Լեռնային Ղարաբաղում, եւ ի վերջո` ո՞րն է ավելի գերադասելի` դեմոկրատ Բակո՞ն, թե՞  խանական Բաքուն, դեմոկրատական Ստեփանակե՞րտը, թե՞ խանական Խանքենդին, դեմոկրատական «այծի պանիրն ու թթու բիբա՞րը», թե՞ խանական նավթն ու գազը: Չի բացառվում անգամ, որ Մեթյու Բրայզան այնքան հուզվի ղարաբաղյան դեմոկրատիայի ու ադրբեջանական խանության համեմատությունից, որ արցունքներն աչքերին հայտարարի, թե Պետդեպարտամենտի կարծիքով` Աղդամը Սերժ Սարգսյանի հայրենիքն է, իսկ Զորի Բալայանն ու Անդրեն ավելի  մոտ են կանգնած դեմոկրատական արժեքներին, քան Փոլադ Բյուլբյուլօղլին  եւ Զեյնաբ Խանլարովան:

Իրականում  մեր  ժամիշխանների  գիտակցության մեջ այդպես էլ չի տեղավորվում այն պարզ իրողությունը, որ այլեւս հասել ենք մի աշխարհաքաղաքական իրողության, երբ էթնիկ հակամարտությունների կարգավորման հարցում մասնավորապես Արեւմուտքի համար դեմոկրատիայի առկայության գործոնը կրում է շատ կամայական մեկնաբանության, կոնյունկտուրային բնույթ, եւ դեմոկրատական գործոնը կարող է դեր խաղալ միայն ու միայն այն պարագայում, երբ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր Հայաստանի փողոցներում չգնդակահարվի սեփական իրավունքների համար պայքարող քաղաքացին, եւ Հայաստանը դեմոկրատական որակներով մի քանի աստիճան բարձր լինի Ադրբեջանից, որպեսզի պատկերը լինի ամբողջական, թե չէ այսպես ստացվում է  քաղաքագիտական ու քաղաքական նոնսենս, որ «երաշխավորյալն» ավելի դեմոկրատական է, քան «երաշխավորը»:

Ի վերջո,  REAL-POLITIK-ն է որոշում ստորադասումները եւ նախապատվությունները, ու նույն այդ Արեւմուտքը կարող է Փերվեզ Մուշարաֆի նման մեկին աջակցել Պակիստանում ռազմական հեղաշրջում անելու հարցում, մեկ էլ դրանից 9 տարի անց հրաժարական պարտադրել նրան, նույն այդ Արեւմուտքը, լինելով համաշխարհային նարկոթրաֆիքինգի դեմ պայքարի «աննկուն մարտիկ», կարող է հովանավորել Աֆղանստանի  ներկայիս  ղեկավար Համիդ Քարզային, որի մասին միջազգային լրատվամիջոցներում որպես խոշոր նարկոբարոնի են արտահայտվում, նույն այդ Արեւմուտքը կարող է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հույժ հումանիստական հիստերիա բարձրացնել`  ահազանգելով Չինաստանի բանտերում կալանավորներին կտտանքների ենթարկելու  փաստերի կապակցությամբ, սակայն հենց իր ենթակայության տակ գտնվող Գուանտանամոյի ու Աբու-Գրեյբի բանտերում նույնպես կալանավորներն ամենավերջին նվաստացումների ու կտտանքների ենթարկվեն:  Սակայն, երբ գալիս է պահը, նույն այդ Արեւմուտքն ըստ նպատակահարմարության քննադատում է նաեւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես` նախագահական «ընտրություններն» ու, որպես հետեւանք, Երեւանին զրկում «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով նախատեսված ֆինանսական հատկացումներից, եւ էդ ժամանակ մթնոլորտը լցվում է «բա Բուշի ախպե՞րը», «բա իրանք էլ նեգրերին են ճնշում»-ի կարգի իշխանական տափակաբանությամբ: Ու փոխանակ մտորելու, որ  պետք է այնպիսի երկիր ունենալ, որ էդ փողի հույսին չլինի, ու եթե անգամ դրա հույսին է`  գոնե սանկցիաների տեղիք չտա, արտասահմանաբնակ իշխանամերձ հայազգի գործարարներից մեծ ներդրումների խոստումներ կորզեցին, ՍԵՐԺԻԿ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ շոուն սարքեցին, սակայն գրեթե մեկ տարի է, ինչ էդ խոստումներն իրականություն չեն դառնում:

Իսկ Ռուսաստանին «դեմոկրատական Ղարաբաղ-խանական Ադրբեջան» բաղդատումները չեն հետաքրքրում, քանզի ներկայիս «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրադրությունը պաշտոնական Մոսկվային ձեռք է տալիս բոլոր, բոլո՛ր պարագաներում:

Ու ահա Եվրամիության`  հունվարից արդեն նախագահող երկրի` Չեխիայի ԱԳ թիթեռնիկավոր նախարար Շվարցենբերգը, ով անցած ամռանը Երեւանում  «ապշել» է տեղում իրավիճակին ծանոթանալով, այժմ  պետք է որ լավ գիտակցի, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության լիազորությունների հարցն այս կամ այն կերպ լուծելով չէ, որ պետք է Հայաստանի քաղաքացու մոտ արմատավորվի պատկառանք` առ եվրոպական արժեքներ կամ կառույցներ. մեզ հետաքրքրում է ոչ թե ՀՀ պատվիրակությանը ձայնից զրկելը, այլ քաղբանտարկյալների ազատ արձակումն ու սեփական իշխանություններին սեփական քվեով ընտրելու անքակտելի իրավունքի անվերապահ իրացումը:

Հ.Գ. Աստված մի արասցե, եթե առաջիկայում ՀՀ քաղաքացին դա չտեսնի որպես անշրջելի իրականություն. այդ ժամանակ  թող ոչ ոք չբացառի համաժողովրդական ցասման, քաղաքացիական անհնազանդության ու ըմբոստացման ալիքը,  քանզի վերջին 10 տարվա հետընտրական զարգացումների դինամիկան բանը դրան է հասցրել:

ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հայկական ժամանակ

17.01.2009

No comments:

Post a Comment