Հունվարին հայ հանրությունը հարգում է 1990 թ. Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի ժամանակ զոհերի հիշատակը: Այս իրադարձությունները ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ ամենադաժանը և արյունալին էին:
6 օրվա ընթացքում` հունվարի 13-19-ը, Ադրբեջանի մայրաքաղաքը վերածվեց սպանդանոցի: Տարբեր գնահատականներով` ադրբեջանցիները 120-300 հայ սպանեցին, տասնյակ հազարավորներ բռնության ենթարկվեցին և արտաքսվեցին իրենց պատմական բնակության վայրից (մինչև 1988 թ. Ադրբեջանում ապրում էր 470-480 հազար հայ, այդ թվում` 260-270-ը Բաքվում: 1990 թ. հունվարին մայրաքաղաքում մնացած վերջին 25-30 հազար բաքվեցի հայերն արտաքսվեցին):
Սակայն, Բաքվի ջարդերը Հայաստանում չստացան ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական գնահատական:
Այսօր` 19 տարի անց, «Ադրբեջանահայության համաժողով» ՀԿ նախաձեռնությամբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը հայտարարություն է պատրաստում` «1988-1992 թթ.ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ադրբեջանական ԽՍՀ բազմաթիվ բնակավայրերում և ԼՂԻՄ-ում (հետագայում ԼՂՀ) տեղի հայ բնակչության նկատմամբ իրականացրած գործողությունները ցեղասպանություն համարելու մասին»:
Համաժողովի նախագահ Գրիգորի Այվազյանն ասում է, որ իրենք նախաձեռնությամբ դիմել են ոչ միայն ՀՀ ԱԺ-ին, այլև տարբեր ՀԿ-ների, ինչպես նաև երկրի արտգործնախարարություն, ԵԱՀԿ Մինսկի խմբին, ԵԱՀԿ ներկայացուցչություն և Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատներ և մի շարք այլ կառույցներ:
«ԵԱՀԿ-ին ուղղված դիմումում մենք նշել ենք, որ բանակցային գործընթացում իրավաչափ չէ նախկին բնակության վայրեր վերադառնալու մասին հարցադրումը վերաբերել միայն ադրբեջանցիներին: Վերադարձը կարող է լինել միայն երկկողմ կամ ընդհանրապես չլինել: Ֆրանսիայի դեսպանատնից (Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է) մեզ արդեն պատասխանել են, որ հայ փախստականների հարցը առանցքային խնդիրներից է բանակցային գործընթացում, և հակամարտության տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման երաշխիքը բոլոր կողմերի շահերը հաշվի առնելն է: Բացի այդ, դրական արձագանքներ կան արդեն նաև մի քանի պատգամավորներից և Հայաստանի արտգործնախարարությունից»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Այվազյանը:
«Ժառանգություն» խմբակցության հայտարարության մեջ ներկայացված է այն հիմնավորումը, թե ինչու Հայաստանը պետք է այդ իրադարձությունները ճանաչի որպես ցեղասպանություն: Տեքստին կից ներկայացվում է նաև համապատասխան փաստաթղթերի փաթեթ:
«Ակնհայտ է, որ խոսվում է ոչ թե պատահական գործողությունների կամ զանգվածային անկարգությունների, այլ Ադրբեջանի նպատակաուղղված և երկարատև քաղաքականության մասին: Շատ կարևոր է ընդգծել, որ ջարդերից հետո առաջացած իրավական և քաղաքական իրողություններն ամբողջությամբ բացառում են հայերի վերադարձը Բաքու:
Այսինքն` մենք գործ ունենք մարդկանց` իրենց պատմական բնակության վայրը վերադառնալու իրավունքից զրկելու հետ»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
«Ադրբեջանից հայերի համաժողով» կազմակերպության խնդրանքով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեղեկանք է կազմել, որում հիմնավորվում է Ադրբեջանի հայերի նկատմամբ իրականացված գործողությունների համապատասխանությունը ՄԱԿ-ի 1948 թ. ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային:
«Իմ կարծիքով` մենք ուշացել ենք ոչ միայն նման հայտարարության, այլև ընդհանուր առմամբ Բաքվում հայերի ջարդերին առնչվող նյութեր հավաքելու և փաթեթ կազմելու առումով,- «ԱրմենիաՆաուին» ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: - Մեր տեղեկանքը ցույց է տալիս, թե ինչ պարամետրերով է 1988-1992 թթ. Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացրած իրադարձությունները համապատասխանում ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթներին»:
Բազմաթիվ փորձագետների և դիտորդների կարծիքով` Ադրբեջանում հսկայական շարժական և անշարժ գույք թողած հայ փախստականներին փոխհատուցելու խնդիրը այդպես էլ ադեկվատ արձագանք չգտավ բանակցային գործընթացում:
«Կարծում եմ` այս ուղղությամբ առաջին քայլը պետք է անի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն անկախության հռչակումից հետո պետք է ստանձներ Ադրբեջանից տեղահանված հայերի ճակատագրի համար պետաիրավական պատասխանատվությունը»,- ասում է «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյանը, որը նույնպես կարծում է, թե հայտարարությունը պետք է ընդունվի:
Բաքվում հայերի ջարդերը տեղի են ունեցել խորհրդային տարիներին, ոչ միայն Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների և իրավապահ մարմինների, այլև Մոսկվայի կենտրոնի թողտվությամբ: Զորքերն իրադարձություններին միջամտեցին միայն հունվարի 19-ին, երբ քաղաքում այլևս հայ չէր մնացել: Միաժամանակ քաղաքն ստիպված լքեցին նաև հազարավոր ռուս և հրեա ընտանիքներ:
«Հայտարարության ընդունումը հնարավորություն կտա վերջապես շրջել Հայաստանի նորագույն պատմության ողբերգական այս էջը,- ընդգծում է Լարիսա Ալավերդյանը: - Հայաստան պետության կողմից պաշտոնական գնահատականի բացակայությունը նշանակում է, որ չի բացառվում նման հանցագործության կրկնությունը, ինչը վկայում են Ադրբեջանի առաջնորդի այսօրվա ռազմատենչ ելույթները»:
«Ժառանգություն» խմբակցության պատրաստած հայտարարությունը գտնվում է ԱԺ իրավաբանական վարչության դիտարկման փուլում:
Մարինա Գրիգորյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
16.01.2009
No comments:
Post a Comment