Wednesday, January 21, 2009

ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՄՈՏԱԼՈՒՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԱՎՈՍՈ՞ՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խումբն էլի եկավ ու գնաց

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) տարածաշրջան այցելությունները, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, նաեւ նախագահների մակարդակով համանախագահների տարածաշրջանային այցերին հաջորդող կամ նախորդող հանդիպումներն ամեն անգամ որոշակի սպասելիքներ են առաջացնում, հատկապես, որ հույսերի ու իրենց լավատեսության մասին ոչ մի անգամ չեն մոռանում նշել բանակցային գործընթացին այս կամ այն կերպ առնչվողները:

Սակայն ամեն անգամ, ինչպես եւ կարելի է ենթադրել, ոչ մի փոփոխություն չի լինում, առաջընթաց էլ չի լինում, ըստ էության, ու մնում է միակ ճշմարիտ կանխատեսումը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մոտ ապագայի գործ չէ: Միեւնույն ժամանակ, բանակցային գործընթացը ոչ միայն կարգավորման ընթացքի մի հատվածն է, այլեւ շատ այլ գործընթացների բաղկացուցիչ մաս ու թերեւս դրանով է պայմանավորված դրանց անընդհատության կարեւորության մատուցումը:

Երեկ եւ նախորդ օրը համանախագահները հերթական անգամ նախ Բաքվում էին, հետո` Երեւանում, հանդիպումներն էլ` ըստ էության բանակցային գործընթացի մասնակիցների հետ: Ամեն դեպքում, եթե հավատալու լինենք ադրբեջանական կայքէջերի հաղորդագրություններին, Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում արդեն իսկ կարող է տեղի ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին համաձայնություն է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ընդ որում, ըստ Մերզլյակովի, հավանական է, որ հանդիպումը տեղի ունենա հունվարի 28-ի առաջին կեսին:

Ադրբեջանական կայքէջերի փոխանցմամբ, ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Բաքվում հայտարարել է, թե տարածաշրջանային այս այցի հիմնական նպատակը 2007-ի ավարտին Մադրիդում առաջարկված հիմնարար սկզբունքների համաձայնեցման արագ կայացումն է ու դրանց հիման վրա արդեն համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին անցնելը:

Դժվար է համաձայնել համանախագահողների լավատեսությանը, հատկապես որ կողմերի դիրքորոշումների առնչությամբ հայտարարություններում ոչ մի փոփոխություն չի նկատվում:

Հ.Գ. Ներկա դրությամբ դժվար է հաստատապես ասել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ինչ դիվանագիտական հեռանկար ունի ԱՄՆ նոր վարչակազմի ու նոր նախագահի պարագայում: Սակայն հաշվի առնելով, որ այն հաջողությամբ, որ Բրայզան կարող է մնալ Մինսկի խմբի համանախագահ, նույն հաջողությամբ էլ կարող է այդ պաշտոնում տարածաշրջանային այս այցը լինել նրա վերջինը: Ամեն դեպքում, երեկ արդեն ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման իր երդմնակալության արարողությամբ ստանձնեց նախագահական լիազորությունները, ուրեմն շուտով հստակ կլինի, թե «կվայելե՞նք» արդյոք այսուհետեւ էլ Մեթյու Բրայզայի մշտարթուն ժպիտն ու շատախոսությունը:

Ազգ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21.01.2009

No comments:

Post a Comment