«Ոչ մի բան չի ստացվելու, եթե վերջնականորեն հրաժեշտ չտանք նախկին մեր կեցվածքին: Եվ դա պետի փոխարինվի ազնվությամբ, կարգապահությամբ, օրինապահությամբ եւ ծառայողական պարտականությունների կատարմամբ»,-այս կարծիքն է այսօր արտահայտել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանրապետության հարկային մարմինների 2008թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդակցության ժամանակ` անդրադառնալով երկրում առկա վիճակի եւ սոցիալական ու մի շարք այլ ծրագրերի իրականացմանը:
Բակո Սահակյանը խոսելով 2008թ. հարկային ոլորտի փոփոխությունների մասին, բարձր է գնահատել հարկային մարմինների կողմից կատարված աշխատանքը: Նա սակայն նշել է, որ ոլորտում դեռ անելիքներ կան` հարկային մարմնին ոչ հարիր եւ ոչ ցանկալի երեւույթները վերացնելու ուղղությամբ:
«Կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ մենք ձերբազատվում ենք կաշառակերությունից: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ավելի լայն աշխատանքների կատարման հիմնական խոչընդոտը մեր շարքերում գտնվող որոշ քաղաքացիների ոչ կարգապահ եւ ոչ օրինական լինելն է: Եվ գաղտնիք չէ նաեւ, որ այդ երեւույթներն այս տարիների ընթացքում հատկապես տեղ են գտել հարկային մարմինների աշխատանքում:
Այսօր կան երեւույթներ նույնպես հարկային մարմիների հետ կապված, հատկապես` մաքսային ծառայության աշխատանքների շրջանակներում, որոնք պատիվ չեն բերում հարկային ծառայությանը: Մենք չենք կարող հանդուրժել այդ երեւույթները եւ չենք էլ կարող թաքցնել, որ ավելի խստապահանջ ենք լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն հարգում պետության կողմից մշակված քաղաքականությունը, որն ուղղված է մեր երկրի բարեկեցության աստիճանի բարձրացմանը»,-նշել է երկրի ղեկավարը:
Խորհրդակցության ընթացքում հաշվետվություններով հանդես են եկել ԼՂՀ հարկային պետական ծառայության ղեկավարը, վարչության պետերը, ինչպես նաեւ շրջանային տեսչությունների պետերը:
Անահիտ Դանիելյան
No comments:
Post a Comment