Wednesday, January 21, 2009

Հակամարտության կարգավորում. ամեն ինչ կախված է Ղարաբաղի մասնակցությունից

Ղարաբաղը հրաժարվում է «իր թիկունքում» ընդունած որոշումներին ենթարկվելուց

2009 թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջին այցը հակամարտության գոտի սպասվում է առաջիկա շաբաթվա ընթացքում: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան սպասվող այցից մի քանի օր առաջ հայտարարեց. «Մենք նախատեսում ենք հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Բանակցությունների հիմնական թեման կրկին լինելու է հիմնական սկզբունքները»:

Ղարաբաղի պաշտոնապես չմասնակցելը պայմանավորված է այն բանով, որ 1996 թ. ԼՂՀ նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ, այնուհետև դարձավ նրա նախագահը: Նա ստանձնեց բանակցային գործընթացում և՛ Հայաստանը, և՛ Ղարաբաղը ներկայացնելու պարտավորությունը: Այդպիսին էր իրավիճակը նրա նախագահության երկու ժամանակահատվածների` 10 տարվա ընթացքում: Բայց անգամ այդ 10 տարվա ընթացքում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էական փոխակերպումներ տեղի չունեցան, փորձագետները խոսում էին եռակողմ ձևաչափով բանակցային գործընթացին վերադառնալու անհրաժեշտության մասին:

Այդ փորձագետներից է Մանվել Սարգսյանը: 1994 թվականին, երբ նա ԼՂՀ ներկայացուցիչն էր Հայաստանում, Սարգսյանն ակտիվորեն մասնակցում էր Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղ եռակողմ բանակցություններին (հետագայում դարձավ ԼՂՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական):

«Վերջին տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող միջազգային հանրության գնահատականները որակական փոփոխություններ են կրել: Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը հանգեցվեց տարածքային վեճի, այն ընդգծված գնահատականով, որ տարածքների նկատմամբ իրավունքը պատկանում է Ադրբեջանին, մինչդեռ ի սկզբանե հակամարտությունը ծագել է այն բանից, որ Ադրբեջանը խոչընդոտում էր Ղարաբաղի ինքնորոշման ձգտումը»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Մանվել Սարգսյանը:

Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի և ԼՂՀ ամբողջ դիվանագիտությունն ի սկզբանե ուղղված էր մեկ խնդրի լուծմանը. ԼՂՀ ինքնուրույն դերի ամրապնդումը`որպես պատերազմի և դիվանագիտության սուբյեկտ, ինչը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքն էր:

«Ինչ-ինչ պատճառներով, սկսած 1998 թ., Հայաստանի ղեկավարությունն անտեսեց այս հանգամանքը և ինչ-որ չափով ընտելացրեց հանրությանը սեփական մոտեցմանը: Սակայն, ժամանակը չստիպեց երկար սպասել. ԼՂՀ շուրջ մթնոլորտը ձեռք է բերում մռայլ երանգներ: Եվ սրա պատճառները մեկ-երկու օրում չեն կուտակվել»,- ասաց Սարգսյանը:

Ղարաբաղը թույլ դիմադրում էր բանակցային գործընթացից դուրս մղվելու միտումին: Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարության միջև չափազանց սերտ կապերը, Ստեփանակերտի տնտեսական կախվածությունը Երևանից (Ղարաբաղի պետբյուջեի եկամուտների կեսից ավելին ապահովվում է Հայաստանի տրամադրած միջպետական վարկեհաշվին) թույլ չեն տալիս Ղարաբաղի իշխանություններին հակառակվել իրենց հայաստանցի պաշտոնակիցներին: Միայն 2006 թ. ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հրապարակավ կոչ արեց Հայաստանին դուրս գալ բանակցային գործընթացից, որպեսզի Բաքուն ստիպված լինի ուղղակի շփվել Ղարաբաղի հետ: Դա հարուցեց Երևանի բացասական արձագանքը. այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհուրդ տվեց իր պաշտոնակցին` «պղտոր ջրում ձուկ չորսալ»:

Նախագահության պաշտոնավարման ժամկետի ավարտի նախօրեին` 2007 թ. ամռանը Ղուկասյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղին իրազեկում են բանակցությունների մանրամասների մասին: «Սակայն, քանի որ բանակցություններին մենք անմիջականորեն չենք մասնակցում, ապա կա խնդիր, որովհետև մենք զրկված ենք զգալու այն բոլոր նրբությունները, որոնք տեղի են ունենում բանակցային գործընթացում»,- նշեց Ղուկասյանը:

Իսկ նախագահական աթոռին հրաժեշտ տալուց մի քանի օր առաջ Հայաստանը 10 տարի ղեկավարած Ռոբերտ Քոչարյանը սպառնաց, որ վերջին զարգացումները թե ղարաբաղյան հակամարտության և թե տարածաշրջանային գործընթացների շուրջ ստիպում են Հայաստանին և Ղարաբաղին սրբագրել իրենց մոտեցումները` Ղարաբաղի անվտանգության և կարգավիճակի առնչությամբ:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Քոչարյանը նշեց, որ «երկու տարբերակ կա` կամ ճանաչել Ղարաբաղի անկախությունը, կամ ճանաչումը փոխարինել Հայաստանի և Ղարաբաղի միջև հավաքական պաշտպանության, հրատապ խնդիրների լուծման դեպքում փոխհամագործակցության, հարձակման դեպքում իմպերատիվ մասնակցության մասին պայմանագրի կնքմամբ»:

Սակայն, չնայած Քոչարյանի «սպառնալիքներին», ինչպես և ակնկալվում էր, Հայաստանը չհայտարարեց բանակցային գործընթացից իր դուրս գալու մասին, «եթե դրան չմիանա Ղարաբաղը»:

Հակառակը, Սերժ Սարգսյանի` իշխանության գլուխ անցնելուց հետո բանակցային երկկողմ ձևաչափը վերջնականապես հաստատվեց և պաշտոնապես ամրագրվեց 2008 թ. նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագրում: Այդ հռչակագրի ստորագրումից հետո Ղարաբաղում և Հայաստանում նոր ալիք բարձրացավ` պահանջելով վերականգնել Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացում: ԼՂՀ ղեկավարությունը հայտարարեց, որ մտադիր չէ իրականացնել իր թիկունքին ձեռք բերված պայմանավորվածությունները:

Բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին են հայտարարել նաև միջնորդները: Բացի այդ, 2008 թ. Ղարաբաղի խորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն հայտարարեց, որ «այս հարցը պետք է պարզվի Հայաստանի և Ղարաբաղի միջև»:

Առայժմ պարզ չէ` արդյոք համանախագահների առաջիկա այցի ժամանակ կքննարկվի՞ բանակցություններում Ղարաբաղի մասնակցության հարցը: Սակայն, ակնհայտ է, որ հենց այս հարցից է կախված հակամարտության կարգավորման գործընթացը:

Նաիրա Հայրումյան

«ԱրմենիաՆաուի» Ղարաբաղի թղթակից

16.01.2009

No comments:

Post a Comment