Wednesday, January 21, 2009

Նախագահ Բակո Սահակյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել են Շահումյանի շրջանում

Հունվարի 17-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը վարչապետ Արա Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Շահումյանի շրջան եւ հանդիպել նույն օրը այնտեղ ժամանած Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության հետ` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը

Նախագահ Բակո Սահակյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել են Շահումյանի շրջանի տարբեր բնակավայրեր, հանդիպել բնակչությանը: Հանդիպումների ժամանակ քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակին ու զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ ԼՂՀ շրջանների եւ ՀՀ մարզերի միջեւ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների զարգացման խնդիրներին, մասնավորապես, Գետավան-Սոթք ավտոմայրուղու կառուցման հարցին:

Բակո Սահակյանը բնակչության հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Շահումյանի շրջանը սրբավայր է ամբողջ հայ ժողովրդի համար, հավելելով, որ այդ համատեքստում շրջանի զարգացման հիմնախնդիրն առանձնակի կարեւորություն ունի եւ մշտապես գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում: Երկրի ղեկավարը նաեւ նշել է, որ նախատեսված է այստեղ իրականացնել մի շարք համալիր ծրագրեր, որոնք շոշափելի դրական ազդեցություն կունենան շրջանի ընդհանուր զարգացման վրա:

Այցելության ընթացքում ԼՂՀ Նախագահին եւ ՀՀ վարչապետին ուղեկցում էին երկու հայկական պետությունների պաշտպանության, քաղաքաշինության եւ տրանսպորտի նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

www.hetq.am

19.01.2009

No comments:

Post a Comment