Հունվարի 19-ին Ադրբեջանի ղեկավարության հետ Բաքվում բանակցելուց հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր ժամանում են Երեւան, որից հետո, բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, ուղղաթիռով կարող են մեկնել Ստեփանակերտ:
Նման այցերի անվերջ կրկնությունը վերջին տարիներին այնքան սովորական է դարձել, որ շատերի մեջ ակամայից առաջ է բերում «հետո՞ ինչ» հարցականը: Իսկապես, անցած աշնանը եւ ներկա տարեսկզբին Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող զարգացումները այնպիսի ընթացք են ստացել, որ այս անգամ համանախագահների այցելության փաստից կողմերի դրական կամ բացասական սպասումների լարվածությունը նկատելիորեն մեղմացել է:
Չնայած որ տվյալ փաստը լավ են գիտակցում նաեւ իրենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սակայն, ինչպես միշտ, ժամացույցի ճշգրտությամբ, նրանք կատարում են իրենց պարտականությունները:
Այլ կերպ չի էլ կարող լինել այն պարզ պատճառով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ընթացող բանակցային գործընթացի հետնախորքում շարունակվում է միջնորդ տերությունների «հարաբերությունները պարզելու» գործընթացը, որտեղ ընթանում են ինտենսիվ վերադասավորումներ:
2008թ. օգոստոսյան ռուս-վրացական զինաբախումից եւ նոյեմբերի 2-ի Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո բանակցային գործընթացի վերահսկողությունը իր ձեռքը վերցնելու ուղղությամբ Ռուսաստանի գործադրած ջանքերը 2009-ի սկզբներին հասել են այն սահմանագծին, երբ Մոսկվան սկսել է կորցնել իր հետաքրքրությունը խնդրի մոտալուտ կարգավորման հեռանկարի հանդեպ: Ակնհայտ է դարձել, որ տարեսկզբին Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ ծավալված «գազային պատերազմի» պայմաններում հունվարի 9-ին ստորագրված վրաց-ամերիկյան խարտիան վերակենդանացրել է Ադրբեջանին միակողմանիորեն դեպի Արեւմուտք կողմնորոշելու եւ ՆԱԲՈՒԿԿՈ գազային նախագիծն իրականացնելու արեւմտյան ծրագրերը:
Չի կարելի չհամաձայնել այն քաղաքական դետերի հետ, ովքեր որոշակի ու հստակ կապ են տեսնում Հայաստանին 800 միլիոն դոլարի զենքի մատակարարման շուրջ Ադրբեջանում բարձրացած աղմուկի, դրան հետեւած ռուս-ադրբեջանական դիվանագիտական սկանդալի եւ ռուս-ուկրաինական «գազային պատերազմի» միջեւ: Քանզի անկախ նրանից, թե ում կողմից է տեղի ունեցել նման տեղեկատվության արտանետումը եւ որքանով է այն համապատասխանում իրականությանը, նոր սկանդալը նաեւ նոր իրավիճակ է ստեղծել ինչպես ռուս-ադրբեջանական հարաբերություններում, այնպես էլ ներկայումս վերսկսվող Ղարաբաղյան բանակցային գործընթացում:
Հասկանալի է, որ նման պայմաններում ուղղակի բացառվում է հակառակ դիրքերում հայտնված երկու առանցքային միջնորդների՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի փոխհամաձայնությունը 2007թ. նոյեմբերի 29-ին Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացված Մադրիդյան սկզբունքները կյանքի կոչելու հարցի շուրջ: Հասկանալի է նաեւ, որ նոր իրավիճակում Արեւմուտքը, մանավանդ Միացյալ Նահանգները փորձելու է ամեն ինչ անել արագացնելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազային սկզբունքներն ամրագրող շրջանակային համաձայնագրի ստորագրումը:
Այս նպատակով, դեռեւս հունվարի 18-ին Բաքու ժամանած ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ միջնորդները փորձելու են երկու երկրների նախագահների նոր հանդիպում կազմակերպել հունվարի վերջերին Շվեյցարիայի Դավոս քաղաքում նախատեսվող ամենամյա տնտեսական գագաթաժողովի շրջանակներում: Իսկ ահա Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Թերի Դեվիդսոնը հաստատել է, որ համանախագահների այցի հետ կապված առաջիկա բանակցությունների առարկան է լինելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազային սկզբունքները:
Միաժամանակ բանակցային գործընթացից սուր դժգոհության նշաններ են նկատվում նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության ու քաղաքական ուժերի շրջանում: Դրա արտահայտություններից մեկը 2008թ. դեկտեմբերի 30-ին ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների ընդունած հայտարարությունն է, ուր առաջադրվում է բանակցություններում ԼՂՀ օրինական եւ լիարժեք մասնակցությունը վերականգնելու խնդիրը:
Ստացվում է, որ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ տերությունների կամքից անկախ, բանակցային գործընթացում ակտիվություն են դրսեւորում հենց Ադրբեջանն ու ԼՂՀ-ն, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը ակտիվանալու, առավել եւս շտապելու պատճառ չունի:
Ուստի ռուս-ադրբեջանական «զինամատակարարումների սկանդալից» հետո Հայաստանի դիվանագիտական ակտիվությունը «խթանելու» խնդիրը անկասկած «իր վրա է վերցնելու» ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանը: Սակայն, եթե ոմանց թվում է, թե այս հարթության վրա Ղարաբաղի հարցում հնարավոր է որոշակի գործարք՝ Արեւմուտքի ու Հայաստանի իշխանությունների միջեւ, ապա նրանք չարաչար սխալվում են:
Անկախ նրանից՝ ԵԽ ԽՎ-ն կօգտագործի կամ չի օգտագործի Հայաստանում ընթացող դատավարությունների փաստը, եւ ինչ-ինչ պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի հանդեպ, թե ոչ, Ղարաբաղի հարցում մեր երկրի սկզբունքային դիրքորոշումները դրանից ամենեւին էլ չեն փոխվի: Ղարաբաղյան հիմնահարցը շատ ավելի բարձր տեղ է գրավում Հայաստանի անվտանգության պոտենցիալ սպառնալիքների սանդղակում, քան մարտի 1-ի իրադարձությունների պատճառով ձերբակալված անձանց դատավարությունը շարունակելու կամ նրանց ազատ արձակելու խնդիրը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցի արդյունքում անխուսափելի դարձող Արեւմուտքի ջանքերի ակտիվացումը Ղարաբաղյան բանակցային գործընթացում դեռեւս որեւէ լուրջ առաջընթաց չի խոստանում: Այն կարող է «մեռյալ կետից» շարժվել միայն ԱՄՆ նոր նախագահ Բարաք Օբամայի ու Ռուսաստանի ղեկավարության միջեւ մի շարք գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրների շուրջը առաջիկայում սպասվող լուրջ բանակցությունների հաջող ընթացքի դեպքում:
Հայոց աշխարհ
No comments:
Post a Comment